Հունիսի 7-ից 8-ը Սոչիում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

Հունիսի 7-ից 8-ը Սոչիում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա հունիսի 7-8-ին Սոչիում՝ առերես ձեւաչափով։

Այս մասին հայտնում է ԲԵԼԹԱ գործակալությունը՝ վկայակոչելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը:

«Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները կքննարկեն կլիմայական օրակարգի շրջանակներում ԵԱՏՄ պետությունների համագործակցության միջոցառումների առաջին փաթեթի իրականացումը, ինտեգրացված տեղեկատվական համակարգի եւ միության թվային օրակարգի հետագա զարգացումը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը միջկառավարական խորհրդի անդամներին կտեղեկացնի բեռների երկաթուղային փոխադրումների թվայնացման առաջնահերթ միջոցառումների ծրագրի կատարման մոնիթորինգի արդյունքների մասին՝ մի կողմից ԵԱՏՄ-ի եւ նրա անդամ պետությունների, մյուս կողմից ՉԺՀ-ի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման շահերից ելնելով։

Միջկառավարական խորհրդի անդամները նաեւ կտեղեկացվեն Միության երկրներում ներպետական համաձայնեցման արդյունքների եւ «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի եւ դրան կից փաստաթղթերի փաթեթի լրամշակման մասին:

Բացի այդ, կքննարկվեն էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների կիրառման փորձի անցկացման, ԵԱՏՄ ներքին շուկայի գործունեության, Միության պետություններում Արեւելք-Արեւմուտք եւ Հյուսիս-Հարավ ուղղություններով տրանսպորտային ենթակառուցվածքների ստեղծման եւ զարգացման հետ կապված հարցեր, այդ թվում՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախաձեռնության հետ կապակցման շրջանակներում:

Հանձնաժողովի ներկայացուցիչները միջկառավարական խորհրդին կզեկուցեն միության երկրների ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման 2023-2025 թվականների միջոցառումների ծրագրի, 2022 թվականին ԵՏՀ որոշումների նախագծերի կարգավորող ազդեցության գնահատման անցկացման մշտադիտարկման, անդրսահմանային շուկաներում մրցակցության վիճակի եւ դրանց նկատմամբ մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների կանխման ուղղությամբ ձեռնարկվող միջոցների հարցով հանձնաժողովի տարեկան հաշվետվության մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։