Չինական ինժեներաշինարարական կորպորացիան մտադիր է ուսումնասիրել հայկական շուկան

Չինական ինժեներաշինարարական կորպորացիան մտադիր է ուսումնասիրել հայկական շուկան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Արմեն Սիմոնյանը և Քրիստինե Ղալեչյանն ընդունել են «China Civil Engineering Construction Corporation» (CCECC) ընկերության փոխտնօրեն Գուան Ցզյասինի գլխավորած պատվիրակությանը։ 

ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին և հետաքրքրվել ընկերության ունեցած հնարավորություններից, միջազգային փորձից, իրականացված նախագծերից։

CCECC ընկերության փոխտնօրեն Գուան Ցզյասինը հանգամանալից ներկայացրել է ընկերության հիմնադրման պատմությունը, ճանապարհաշինության և երկաթուղային տրանսպորտի ոլորտներում ունեցած փորձը, Ասիայում, Եվրոպայում, Աֆրիկայում և Ամերիկայում իրականացրած հաջողված նախագծերը: 

Քրիստինե Ղալեչյանը հետաքրքրվել է ընկերության կողմից տարբեր երկրներում կառուցված մի քանի տեսակ թունելներից, դրանց առավելություններից: 

Արմեն Սիմոնյանը ներկայացրել է երկաթուղային ոլորտում առկա վիճակը, պետության առաջնահերթությունները, շեշտել, որ անհրաժեշտ է լուծել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման խնդիրը և բարելավել ունեցած ենթակառուցվածքները, զարգացնել, համապատասխանեցնել ժամանակակից չափանիշներին:

CCECC ընկերության փոխտնօրենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հանդիպում-քննարկումները՝ ավելի լավ պատկերացում կազմելու համար Հայաստանում տրանսպորտային և ճանապարհային ոլորտների առկա վիճակի վերաբերյալ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։ 

China Civil Engineering Construction Corporation-ը (Չինաստանի քաղաքացիական ինժեներաշինարարական կորպորացիա) հիմնադրվել է 1979 թվականին և միջազգային խոշոր շինարարական կապալառուներից մեկն է: Ներկայումս CCECC-ը Չինաստանի երկաթուղային շինարարական կորպորացիայի (China Railway Construction Corporation, CRCC) հարյուր տոկոսանոց դուստր ձեռնարկությունն է, որի գործունեության ոլորտներն ընդգրկում են.  կապալառու-շինարարական աշխատանքներ, նախագծում և խորհրդատվություն քաղաքացիական շինարարության ոլորտում, արդյունաբերական պարկերի զարգացում և շահագործում, անշարժ գույքի զարգացում և կառավարում, երկաթուղիների շահագործում, ապրանքների ներմուծում և արտահանում, հյուրանոցային կառավարում, զբոսաշրջային ծառայություններ և այլն: Կորպորացիան իր գործունեությունն իրականացնում է Ասիայի, Եվրոպայի, Աֆրիկայի և Օվկիանիայի ավելի քան 70 երկրներում ու տարածաշրջաններում, իսկ ավելի քան 60 երկրներում ընկերությունն ունի մշտական ներկայացուցչություններ, մասնաճյուղեր և դուստր ձեռնարկություններ: