Ջրային կոմիտեում կայացել է հանդիպում վերականգնվող էներգիայի խթանման ծրագրի գնահատման հանձնախմբի հետ

Ջրային կոմիտեում կայացել է հանդիպում վերականգնվող էներգիայի խթանման ծրագրի գնահատման հանձնախմբի հետ
Մայիսի 31-ին ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեում նախագահի տեղակալներ Մարտիրոս Նալբանդյանի և Գոռ Մելիքսեթյանի գլխավորությամբ և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) նախաձեռնությամբ կայացել է հանդիպում Գերմանիայի տետեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) և Եվրոպական միության համաֆինանսավորմամբ նոր երկկողմանի «Վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության խթանումը Հայաստանում՝ հանուն կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայուն համայնքների» ծրագրի գնահատման հանձնախմբի այցելության շրջանակներում։
Հանդիպմանը մասնակցում էին EU4Sevan ծրագրի թիմի ղեկավար, նոր ծրագրի նախապատրաստման պատասխանատու Քրիսթիան Հենշելը, GIZ կազմակերպության կենտրոնական գրասենյակի պլանավորման կառավարման խորհրդական Բերնհարդ Քրոյցբերգը, անկախ փորձագետ Հարտվիգ Բրետերնիցը, ինչպես նաև EU4Sevan ծրագրի կեղտաջրերի կառավարման խորհրդական Էդգար Փիրումյանը, ECOServe ծրագրի բնական ռեսուրսների կառավարման խորհրդական Լիզա Հյոնշը և EU4Energy ծրագրի վերականգնման էներգետիկայի խորհրդական Արսեն Հայրիյանը։
Նախագահի տեղակալներ Մարտիրոս Նալբանդյանն ու Գոռ Մելիքսեթյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել են, որ համատեղ տարբեր ուղղություններով առկա է հաջողված համագործակցություն և առաջիկայում այդ համագործակցությունը խորացնելու մեծ պոտենցիալ կա։
Նախագահի տեղակալներն առանձնացրել են ջրամատակարարման և ջրահեռացման ինչպես նաև ոռոգման ոլորտում իրականացվող ծրագրերը և գերմանական կողմի հետ քննարկել են այդ ոլորտներում համագործակցության հնարավորությունները։
Հյուրերը տեղեկացրել են նաև, որ Ծրագրի գնահատման հանձնախումբը նախատեսում է նաև այց համայնքներ՝ տեղում ծանոթանալու տիրող իրավիճակին և առկա կարիքներին։
Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ փաստել են ընթացիկ համագործակցության արդյունավետությունը և պայմանավորվել են շարունակել քննարկումներն ու համագործակցել նաև նոր ծրագրի գործողությունների մշակման շրջանակներում։