Քննարկվել են Հայաստանում Չինաստանի հանքարդյունաբերական կորպորացիայի ներդրումային ծրագրերի իրագործման հնարավորությունները

Քննարկվել են Հայաստանում Չինաստանի հանքարդյունաբերական կորպորացիայի ներդրումային ծրագրերի իրագործման հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունիսի 2-ին ընդունել է Չինաստանի ազգային երկրաբանական և հանքարդյունաբերական կորպորացիայի (CGM) պատվիրակությանը:

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ հանդիպման սկզբում հյուրերը տեղեկացրել են, որ CGM կորպորացիան ամբողջությամբ պետական ձեռնարկություն է, որի հիմնական գործունեությունը վերաբերում է երկրաբանական և հանքարդյունաբերական ոլորտներին։ Կորպորացիայի կողմից իրականացվող խոշոր բիզնես ծրագրերն ընդգրկում են Ասիան, Աֆրիկան և Մերձավոր Արևելքը:

Վահան Քերոբյանը նշել է, որ հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության կարևոր ճյուղերից մեկն է, և վերջերս ՀՀ Կառավարությունն ընդունել է Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը, որով նախանշվել են ՀՀ-ում այդ ոլորտի զարգացման հիմնական ուղղությունները։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում կորպորացիայի կողմից ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Վահան Քերոբյանը պատրաստակամություն է հայտնել նախարարության իրավասությունների շրջանակում աջակցել Հայաստանում ընկերության նախագծերի բարեհաջող իրականացմանը։