Համաշխարհային շուկայում Հայաստանի նկատմամբ զբոսաշրջային հետաքրքրությունը չի նվազում

Համաշխարհային շուկայում Հայաստանի նկատմամբ զբոսաշրջային  հետաքրքրությունը չի նվազում

Զրույց  Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի հետ՝  Հայաստանի զբոսաշրջության ոլորտի խնդիրների, հնարավորությունների և նախագծերի շուրջ։

- Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի զբոսաշրջության ոլորտը՝  վերջին տարիներին, տարածաշրջանային ու համաշխարհային զարգացումների ֆոնին:

- Անկախ աշխարհում և տարածաշրջանում տիրող անկայուն քաղաքական իրավիճակից, համաշխարհային շուկայում Հայաստանի նկատմամբ զբոսաշրջային  հետաքրքրությունը չի նվազում:   Դրա փաստացի վկայությունը այցելուների թվի շարունակական աճն է, որն ինչ-որ առումով պարադոքսալ է: Խնդիրն այն է, որ Հայաստանի վերաբերյալ տարածվող հաղորդագրություններում, մեր նպատակային շուկաներում, բարեկամ երկրների արտաքին գերատեսչությունների, իրենց իրավասու մարմինների կայքերում հրապարակվում են քարտեզներ, որտեղ Հայաստանի առնվազն մի մասը  (Սյունիք, Վայոց Ձոր,  Տավուշ, Գեղարքունիքնշվում է  կարմիրով, որպես ռիսկային գոտիներ: Դա մեր օգտին չէ:  Սա չեզոքացնելու համար պետական մակարդակով լուրջ աշխատանք պետք է իրականացվի բոլոր ուղղություններով՝ ներգրավելով դիվանագիտական ողջ ռեսուրսը,  Սփյուռքի և մասնավոր հատվածի ներուժը։

- Նշյալները արտաքին գործոններ են, բայց կան նաև ներքին, ոչ շատ նպաստավոր գործոններ, որ ազդում են…

- Հայաստանում վերջին տարում արձանագրվել է տաս տոկոսանոց գնաճ, հայկական դրամը խիստ արժևորվել է դոլարի, եվրոյի, ռուբլու նկատմամբ: Բազում բացասական միտումներով հանդերձ, վիճակագրությամբ ունենք զբոսաշրջային այցելությունների զգալի աճ: Եվ այս պայմաններում արձանագրվում է աճող հետաքրքրվածություն երկրի ու ոլորտի նկատմամբ։ Հատկանշական և մտահոգիչ է այն փաստը, որ այս այցելությունների աճի մեջ աննշան է կազմակերպված զբոսաշրջության մասնաբաժինը։ Այսինքն, այցելություններն անհատական են, իսկ մեզ համար առանցքային նշանակություն ունի հենց կազմակերպված զբոսաշրջությունը, և մենք դա պետք է կարողանանք ապահովել: Կազմակերպված զբոսաշրջությունն է, որ առավել պատասխանատու և վերահսկելի զբոսաշրջություն է, և դրանով առավել արդյունավետորեն հնարավոր է նպաստել և՛ տնտեսական, և՛ սոցիալական, և՛ մշակութային, և՛ քաղաքական խնդիրների լուծմանը։

- Սրա՞նք են բոլոր այն մարտահրավերները, որ ազդում, խոչընդոտում են այս ոլորտի զարգացմանը:

- Ինչ վերաբերում է մարտահրավերներին, ապա գլխավոր մարտահրավերը մեր մեջ է։ Ոչ բոլորն են գիտակցում զբոսաշրջության իրական դերն ու նշանակությունը․ այն, որ զբոսաշրջության  կարևորությունը  միայն   տնտեսական չէ։ Այս ոլորտը շատ կարևոր սոցիալական, մշակութային և քաղաքական նշանակություն ևս ունի։ Եթե սա գիտակցենք, ապա կկարևորենք նաև կազմակերպված զբոսաշրջության դերակատարությունը:  Մեր գերնպատակը չի լինի  ընդամենը զբոսաշրջիկների քանակը և, լավագույն դեպքում՝ այստեղ փող թողնելը, տարբերություն չդնելով. անհատակա՞ն են գալիս, թե՞ տուրօպերատորների միջոցով։ Կարևորը միայն փող թողնելը չէ եթե զբոսաշրջությունը չի նպաստելու մեր սոցիալական խնդիրների լուծմանը, մեր մշակույթի, մշակութային ժառանգության պահպանությանը, զարգացմանը, համաշխարհային հանրությանը պատշաճ ներկայացմանը, դրանով իսկ հայապահպանությանը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու  զարգացմանը, հայ ժողովրդի միջազգային հեղինակության ամրապնդմանը, ապա կնշանակի, որ այս ոլորտում մենք ձախողվել ենք: Նման  զբոսաշրջությունը, նույնիսկ եթե այս պահին տնտեսական արդյունավետություն է ապահովում, միևնույնն է,  մեզ պետք չէ։   

Մարտահրավեր է նաև, եթե մեր երկիրը ներկայացվի  ոչ պատշաճ, եթե մեր պատմությունը, ժառանգությունը չներկայացնեն մեր զբոսաշրջային օպերատորները, այն էլ լիցենզավորված՝ որոնք կունենան Հայաստանը, հայկական մշակութային ժառանգությունը պատշաճ ներկայացնելու պարտավորություն և պատասխանատվություն։ Եվ վերջապես մարտահրավեր է, եթե պատահական մեկը ներկայացնի Հայաստանն իրեն ձեռնտու ձևերով։

- Ո՞նց կարող է պատահական մեկը մեր երկիրը ներկայացնել, այն էլ «պաշտոնապես»:

- Այսօր զբոսաշրջային օպերատորի, զբոսավարի գործունեությունն ազատ է: Գրեթե ցանկացած ոք  կարող է որպես զբոսավար աշխատել։ Այդ պատճառով, եթե նույնիսկ զբոսավարը ՀՀ քաղաքացի չլինի, միևնույնն է, անպայման պետք է այդ գործունեությունը լիցենզավորվի կամ առնվազն սահմանվի որպես ծանուցման ենթակա գործունեության տեսակ, դրա նկատմամբ սահմանվեն պայմաններ, պահանջներ, չափանիշներ: Կարելի է անգամ թույլատրել, որ օտարերկրացին Հայաստանում զբոսավար լինի: Բայց պարտադիր պայման պետք է գործի,  որ տվյալ օտարերկրացին  այստեղ դրա համար հայերեն լեզվով քննություն հանձնի: Օրենքով պետք է սահմանվի, որ առաջին հերթին զբոսավարի, զբոսաշրջային օպերատորի, գործակալի, հյուրանոցային, տրանսպորտային ծառայությունները սահմանվեն որպես ծանուցման ենթակա գործունեության տեսակնե, ինչը, բարեբախտաբար, այսօր տեղի ունենում է։ Լավ է, որ մենք, նաև կառավարությունն,   այդ առումով ունենք ընդհանուր ընկալում: Զբոսաշրջության կոմիտեն և կառավարությունը, կարծես, գիտակցում են դա և օրենքի նախագիծն այդ տարբերակով է ներկայացվել: Հիմա ամեն ինչ պետք է անել, որ այդ օրենքն օր առաջ ընդունվի։ Դրանից հետո առաջարկում ենք քննարկել հետևյալի հնարավորությունը. պարտադիր պայման սահմանել, որպեսզի զբոսաշրջային օպերատորը լինի առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձ, չպետք է լինի անհատ ձեռնարկատեր, և կազմակերպության կանոնադրական կապիտալում առնվազն 50%-ը  լինի ՀՀ քաղաքացու մասնաբաժին:  Հատկապես այսօրվա զարգացումների, մարտահրավերների պայմաններում կարևոր է գիտակցել, որ ՀՀ քաղաքացին պարտավոր է և իրավունք ունի մասնակից լինելու իր երկիրը ներկայացնելու գործընթացին: 

Պետությունն էլ պարտավոր է ապահովել այս մասնակցությունը։  Մենք այսօր ունենք տեղեկատվական անվտանգության խնդիր։ Միաժամանակ շատ ուշադիր պետք է լինենք բարենպաստ գործարար ներդրումային միջավայր ապահովելու առումով, հենց նույն կազմակերպված զբոսաշրջությանն աջակցելու առումով և, ընդհանրապես, Հայաստանի և հայկական զբոսաշրջության մրցունակության բարձրացման անհրաժեշտությունից ելնելով: Մենք պետք է ունենանք նաև բարենպաստ հարկային քաղաքականություն, հետևաբար՝ իրականացնենք հարկային բարեփոխումներ: Ասածիցս չի հետևում ոլորտի նկատմամբ հարկային արտոնությունների կիրառում: Հարկային բարենպաստ քաղաքականություն ասվածը նշանակում է հարկային բարեփոխում, արդարացի հարկային քաղաքականություն զբոսաշրջության ոլորտի նկատմամբ։ Առաջարկում ենք, որ հայկական, Հայաստանում գրանցված և լիցենզավորված զբոսաշրջային օպերատորների կողմից ներգնա զբոսաշրջային փաթեթների իրացման նկատմամբ կիրառվի ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափ։

- Բայց նման բան կարծես թե կա:

-Այսօր դրա իրացումն ազատված է ավելացված արժեքի հարկից։ Այլ բան է ազատել, այլ բան է կիրառել զրոյական դրույքաչափ։ Նախ, սա հավասարազոր է ապրանքների արտահանմանը, իսկ ապրանքների արտահանման նկատմամբ կիրառվում է ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափ։ Ներգնա զբոսաշրջային փաթեթների իրացումը, որը ենթադրում է օտարերկրացիների ներգնա այցելություն Հայաստան և Հայաստանում ծառայություններ ստանալ, նշանակում է ծառայությունների արտահանում, ուստի այն  պետք է համարժեք դիտարկել ապրանքների արտահանման հետ, և ներգնա զբոսաշրջային փաթեթների իրացման նկատմամբ կիրառել ԱԱՀ զրոյական դրույքաչափ։  Ըստ իս, սա արդարացի  մոտեցում է, քանի որ ամբողջացնում է զբոսաշրջության ոլորտի քաղաքականությունն այն առումով, որ կազմակերպված զբոսաշրջությունը կառավարենք և դնենք գործունեության արդարացի ռեժիմի մեջ, ապահովելով  բարենպաստ գործարար-ներդրումային միջավայր։

- 2020թ.-ից սկսած այս ոլորտի ներկայացուցիչները շարունակաբար դժգոհում են իրավիճակից: Մինչդեռ դուք նշում եք, թվերն էլ  այդ մասին են փաստում, որ անկախ ամեն ինչից այցելությունները կայունորեն  աճում են:

- Կորոնավիրուսից, պատերազմից ամենաշատը տուժեց զբոսաշրջության ոլորտը, հատկապես կազմակերպված զբոսաշրջությունը։ Եվ այս ամեն ինչից ուշքի չեկած, այս մարդիկ կարողացան գոյատևել, չվերանալ, շարունակել գործել:  Նույնիսկ հայկական դրամի այս խիստ արժևորման պայմաններում վնասներ կրելով, նրանք նորից իրենց վրա մեծ բեռ ու պատասխանատվություն են վերցրել, որովհետև դրված էր երկրի և նաև իրենց իմիջի հարցը։ Նախկինում արդեն ամրագրված, կնքված պայմանագրերի շրջանակներում զբոսաշրջային խմբերը ցանկություն են հայտնել այցելել Հայաստան և եթե նրանց մերժեն, պատճառաբանելով, որ մեզանում  դրամը խիստ արժևորվել է, հետևաբար «չենք կարող ձեզ պայմանավորված գներով ընդունել», ապա նման մոտեցումը խիստ բացասաբար կանդրադառնար և՛ երկրի, և՛ իրենց իմիջի վրա։ Մեր զբոսաշրջային օպերատորները, զգալի վնասներ կրելով,  ընդունել են այդ խմբերին և  որևէ աջակցություն, փոխհատուցում չեն ստացել դրա դիմաց:

Կարծես շարունակաբար  փորձում ենք  այս ոլորտը ներկայացնողներին ասպարեզից հեռացնել, կամ էլ սահմանն ենք փորձում, թե որքան կդիմանան: Ահավասիկ.  վերջերս էլ  թանգարանների մուտքի տոմսերի գները բարձրացրել են այն դեպքում, երբ տուրօպերատորները հին գներով զբոսաշրջային փաթեթներ են վաճառել արտերկրում ու  վաճառված փաթեթների գները այլևս չեն կարող բարձրացնել: Արդյունքում առաջացած գումարային  տարբերությունը իրենց գրպանից պետք է վճարեն, մինչդեռ, ինչպես արդեն նշեցի, այս գործունեության շահութաբերությունը հասել է նվազագույնի: Սա լավ գործընկերային մոտեցում չէ և ցույց է տալիս, որ  դեռ այն ընկալումը չունենք, որ պետությունը և մասնավոր հատվածը, մշակույթի նախարարությունն իր համակարգով և տուրօպերատորները գործընկեր, բարեկամներ են և բարիկադների հակադիր կողմերում չեն։ Գոնե զբոսաշրջային օպերատորի համար կարելի էր մեկ տարի թանգարանի մուտքի  գինը թողնել նույնը, բարձրացնելով  անհատների համար, և շատ կարևոր է, որ գների բարձրացման մասին հայտարարվեր նախապես, որպեսզի մարդիկ չգան այստեղ ու խնդրի առաջ հայտնվեն:

Այսօր  հատկապես, թանգարանների շրջանառության մոտ 20% -ն է, որ ապահովվում է զբոսաշրջային օպերատորների միջոցով, մնացածն անհատ այցելուներն են։ Ապահովելով շրջանառության միայն մոտ 20%-ը, նրանք նպաստում են մնացած 80%-ի շրջանառության ձևավորմանը: Նրանք են, որ այսօր, ավելի շատ, քան մնացածը,  ներկայացնում և գովազդում են երկիրն ու իր մշակույթը։

- Երկրի որոշ շրջաններ, թերևս մշակութային առումով ամենահետաքրքիր տարածքները, ինչպես սկզբում նկատեցիք, կարմիր գոտիներում են: Ի՞նչ պետք է արվի  այդ ուղղությամբ: Այլապես մեր մշակութային ժառանգության, թերևս, հիմնական մասը այսուհետ չենք կարող ներկայացնել:

-Այստեղ երկու կարևոր բան կա առաջինն, իհարկե, անվտանգության ապահովումը, ինչը պետության խնդիրն է և ուզում եմ վստահ լինել, որ կվերականգնվի մեր տարածքային ամբողջականությունը, և զբոսաշրջությունը կակտիվանա և՛ ՀՀ  տարածքում, և՛ Արցախում։ Զուգահեռաբար պետք է կարողանանք եղածն էլ ճիշտ ներկայացնել աշխարհին, որովհետև շատ ժամանակ ավելի չափազանցված է աշխարհում մեր մասին տեղեկատվությունը անվտանգության առումով, այսինքն` ավելի վտանգավոր է ներկայացված, քան կա։ Ըստ էության, այսօր կարողանում են Սյունիքի այցելություններ իրականացնել։ Պետք է բոլոր լծակներն օգտագործենք միջազգային հանրության և տեղեկատվական հոսքերի վրա ազդելու համար։ Դրա համար կան նուրբ և արդյունավետ միջոցներ, ինչը, կարծես, այսօր որոշակիորեն վատ չի արվում:  Խոսքս վերաբերում է մեզ մոտ հնարավորինս շատ միջազգային նշանակության միջոցառումների կազմակերպմանը և, հատկապես, նշածս «վտանգավոր» վայրերում։ Որքան շատ նման միջոցառումներ, հետաքրքիր փառատոններ կազմակերպվեն և պատշաճ լուսաբանվեն, աշխարհը դա կտեսնի ու կհասկանա, որ Հայաստանն ամենալավ այցելության վայրն է։

2022թ.-ի օգոստոսի 10-11-ին Սյունիքում, Սիսիան քաղաքում տեղի ունեցավ հայ-իրանական «Նավասարդ» մշակութային, խոհանոցային փառատոնը:  Դա տեսավ աշխարհը, որ մարդիկ անվտանգ ու երջանիկ շրջում ու վայելում են թե՛ բնությունը, թե՛ փառատոնը: Այս տարի նույնպես Սյունիքում, նույն օրը, նույն վայրում նախատեսված է նույն «Նավասարդ»-ը, նաև այլ փառատոնների անցկացում (Ոչխարների խուզման փառատոնը կանցկացվի հունիսի 10-ին՝ Խոտ գյուղում):  Վայոց Ձորում ևս նախատեսվում են միջոցառումներ. Գաթայի փառատոնը սեպտեմբերի 23-ին՝ Խաչիկ գյուղում և  Գինու փառատոնը  հոկտեմբերի 1-ին՝ Արենիում։ Այս և նմանատիպ փառատոնները պետք է ավելի հաճախակիանան ու հենց այդ տարածքներում կազմակերպվեն, որպեսզի աշխարհին ցույց տանք, որ մեզ մոտ շատ ավելի անվտանգ է, քան ներկայացվում է: