ԱՆԻՖ-ի տնօրենը ելույթ է ունեցել Ինքնիշխան ֆոնդերի ինստիտուտի կոնֆերանսում և պարգևատրվել Ինստիտուտի հատուկ մրցանակով

ԱՆԻՖ-ի տնօրենը ելույթ է ունեցել Ինքնիշխան ֆոնդերի ինստիտուտի կոնֆերանսում և  պարգևատրվել  Ինստիտուտի հատուկ մրցանակով

ԱՆԻՖ-ի տնօրեն Դավիթ Փափազյանը մասնակցել և ելույթ է ունեցել Լոնդոնում կայացած Ինքնիշխան ֆոնդերի ինստիտուտի (SWFI) Global Wealth Forum միջազգային կոնֆերանսում։

ԱՆԻՖ-ի տնօրենը խոսել է վերականգնվող էներգետիկայի ոլորտում  ներդրումների հետ կապված պանելային քննարկմանը։ Նա ներկայացրել է Մասդար ընկերության հետ համատեղ ներդրումային ծրագրի արդյունքում ակնկալվող Հայաստանի խոշորագույն արևային էներգիայի ծրագրի «Այգ-1» կայանի առանձնահատկությունները և խոսել կայունության ոլորտում ներդրումների կարևորության մասին։

Ֆորումի շրջանակներում Դավիթ Փափազյանը պարգևատրվել է Ինքնիշխան ֆոնդերի ինստիտուտի «Լավ գործընկեր» պարգևով։ Պարգևը շնորհվում է կապիտալի ստեղծման բնագավառում անձնական ջանքերի և ձեռքբերումների համար։ Պարգևատրվողների հետ իրենց մասնագիտական ձեռքբերումների մասին հարցազրույց է վարել Ինքնիշխան ֆոնդերի միջազգային ինստիտուտի խորհրդի նախագահ Lակշմի Նարայանանը։

Այս տարի պարգևատրվողների շարքում են եղել աշխարհի մի քանի երկրների սուվերեն ֆոնդերի ղեկավարներ, պետական գործիչներ, ներդրողներ։

Լոնդոնում անցկացվող ամենամյա ֆորումին մասնակցել է ավելի քան 300 պատվիրակ մի քանի տասնյակ երկրից, այդ թվում՝ ինքնիշխան ֆոնդերի ղեկավարներ, կառավարությունների և պառլամենտների անդամներ, մասնավոր ներդրումային ֆոնդեր, անհատ ներդրողներ։  Պանելային քննարկումները վարել են աշխարհի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Ինքնիշխան ֆոնդերի միջազգային ինստիտուտի պլատֆորմի անդամ են մոտ 600 հազար ներդրումային ոլորտի պրոֆեսիոնալ ներդրումային մասնավոր և ինքնիշխան ֆոնդերի ներկայացուցիչներ, անհատ ներդրողներ։