Օրգանական մեղր պատրաստել ցանկացողները շատացել են, բայց մասնագետների պակաս կա․ Ալեքսանյան

Օրգանական մեղր պատրաստել ցանկացողները շատացել են, բայց մասնագետների պակաս կա․ Ալեքսանյան

Հայաստանում օրգանական մեղր արտադրել ցանկացողները շատացել են, բայց որակավորված մեղվաբույծների պակաս կա։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջնային գյուղատնտեսական արտադրանքի արտադրության վարչության պետի տեղակալ Տիգրան Ալեքսանյանը։

Վերջերս էկոնոմիկայի նախարարությունում հանդիպում է կայացել մեղվաբույծների հետ, որոնք բարձրացրել են այս և մի շարք այլ հարցեր: Մի շարք ծրագրերով, այդ թվում՝ Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ, Հայաստանում տեխնիկական աջակցություն է ցուցաբերվում այն ընկերություններին, որոնք ցանկանում են կարգավորել օրգանական մեղրի արտադրությունը։

«Անցյալ տարի մենք ճանաչողական այց ունեցանք արտերկիր, յուրացրեցինք արտադրության նոր տեխնոլոգիաներ։ Նախկինում այն արդեն կար մի քանի արտադրողների մոտ, հիմա ևս մի քանիսը հավաստագրման ընթացակարգ են անցնում։ Բայց նման արտադրությունների համար վերապատրաստված անձնակազմի պակաս կա», - հավելեց Ալեքսանյանը։ 

Կադրերի պակասը հատկապես սուր է զգացվում այն պատճառով, որ գրեթե բոլոր խոշորագույն շուկաներ մեղրի արտահանման համար հնարավորություններ են բացվում։ Դեպի Ռուսաստան արտահանումն առավելագույնս պարզեցվել է ԵԱՏՄ ընթացակարգերի շրջանակներում։

Ինչ վերաբերում է Եվրամիությանը՝ տարիներ առաջ Հայաստանի ձկան ու մեղրի համար ներդրվել և հավանության է արժանացել լաբորատոր ստուգումների եվրոպական մեթոդաբանությունը, ինչի շնորհիվ Եվրոպայում այդ մթերքներն ընդունվում են պարզեցված կարգով:

Չինաստան արտահանման ընթացակարգային դժվարությունները լուծվել են, փոքր խմբաքանակներով մեղրն արտահանվում է նաև Ճապոնիա։ Արտահանում է իրականացվում նաև դեպի ԱՄՆ և արաբական երկրներ։

Հանդիպման արդյունքում կկազմվեն առաջարկություններ մասնագետների պատրաստման վերաբերյալ: Նշենք, որ 2021 թվականին (2022-ի արդյունքները դեռ չեն ամփոփվել) Հայաստանը երեքուկես անգամ ավելացրել է մեղրի արտահանումը, սակայն բացարձակ թվերով այն շարունակում է փոքր մնալ (92 տոննա՝ մոտ երեք միլիոն դոլար արժեքով)։