ԵՄ–ն կարող է 2.8 մլրդ եվրո տրամադրել Հայաստանին, ուղղակի ծրագրեր չկան. ֆինանսների նախարար

ԵՄ–ն կարող է 2.8 մլրդ եվրո տրամադրել Հայաստանին, ուղղակի ծրագրեր չկան. ֆինանսների նախարար

Հայաստանը Եվրոպական միության հետ համաձայնություն ունի 2.8 մլրդ եվրո տրամադրելու վերաբերյալ, բայց ասել են` կտան, եթե ծրագրեր լինեն։

Այս մասին Եվրոպական ինտեգրման հարցերի, ինչպես նաև Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստում 2022 թվականի կատարողականի հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«ԵՄ–ի հետ համաձայնություն ունենք։ Նպատակ է դրվել ձևավորվել այն ծրագրերի շրջանակը, որոնք պետք է ֆինանսավորվեն։ 1 օրում, 1 ամսում կամ 1 տարում հնարավոր չէ 2.8 մլրդ եվրոյի ծրագիր նախագծել։ Շարունակական աշխատանք է տարվում, և, որտեղ կա պատրաստի ծրագիր, ֆինանսավորվում է»,– ասաց Հովհաննիսյանը։

Նա նաև ներկայացրեց ԵՄ–ից ստացած վարկային և դրամաշնորհային ծրագրերի ցուցանիշները։ Նախորդ տարի Հայաստանը ԵՄ–ից ստացել է 8 մլրդ 875 մլն դրամի չափով դրամաշնորհ։ Սրանցից նպատակային դրամաշնորհ է եղել մոտ 2 մլրդ 980 մլն դրամը, իսկ ոչ նպատակային` 5 մլրդ 895 մլն դրամը։ Խոսելով ծախսերի մասին` նախարարը շեշտեց, որ արտաքին աջակցությամբ իրականացվող նպատակային ծրագրերի գծով կատարվող ծախսերն առանց համաֆինանսավորման կազմում են 57 մլրդ դրամ։
ԵՄ–ից ստացված վարկերը կազմել են 10 մլրդ դրամ, իսկ դրամաշնորհները` 2.568 մլրդ դրամ։
Աղբյուրը՝   armeniasputnik.am