Թբիլիսիում նոր օդանավակայան կկառուցվի

Թբիլիսիում նոր օդանավակայան կկառուցվի

Թբիլիսիում նախատեսվում է միջազգային կարգի նոր օդանավակայան կառուցել։

Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Նրա խոսքով՝ նման որոշման գլխավոր պատճառներից մեկը Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանի անբավարար վիճակն է։

Նոր օդանավակայանը կկառուցվի նախկին «Վազիանի» օդանավակայանի տեղում։

«Խոսքը նոր միջազգային օդանավակայանի կառուցման մասին է, որը կարող է հանգույց դառնալ։ Այն պետք է լինի տարանցիկ եւ լոգիստիկ օդանավակայան», - ասել է վարչապետը։

«Մենք աշխատել ենք երկու տարբերակի վրա՝ մեկը գործող օդանավակայանի զարգացումն ու ընդլայնումն է։ Բայց այս օդանավակայանն ունի իր թերությունները, սահմանափակումները եւ թույլ չի տալիս իսկապես մեծ զարգացում ունենալ։ Ավելին, եթե մենք ցանկանում ենք դառնալ ավիացիոն հանգույց տարածաշրջանում, ապա այս օդանավակայանը եւ նրա տարածքը չեն կարող մեզ դա թույլ տալ։ Ուստի մենք այս հարցը բարձրացրինք տնտեսական խորհրդում եւ եկանք այն եզրակացության, որ եթե ուզում ենք ապագայում 20, 30, 50, նույնիսկ 100 տարվա հեռանկարով հոգ տանել երկրի մասին, թողնել պատշաճ ենթակառուցվածք եւ օդանավակայան մեր ապագա սերունդներին, մենք պետք է նոր տեղ ընտրենք: Նման վայր Թբիլիսիում նախկին Վազիանի օդանավակայանն է։ Իմ հանձնարարությամբ էկոնոմիկայի նախարարությունն ակտիվորեն աշխատում է այս ուղղությամբ», - նշել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։