Ինչ է սպառնում Հայաստանին ներքին պարտքի հետագա աճը. Վարդան Արամյան

Ինչ է սպառնում Հայաստանին ներքին պարտքի հետագա աճը. Վարդան Արամյան

Հայաստանի ընդհանուր կառավարական պարտքում ներքին պարտքի մասնաբաժնի մինչև 47%  ավելացումը 2023 թվականի մայիսին կարելի է դիտարկել երկու կողմից. և որպես տնտեսական իշխանությունների ձեռքբերում, և որպես նրանց կողմից տնտեսության զարգացման «ակամա» տորպեդահարում։

ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի ֆինանսների նախկին նախարար, պետական ֆինանսների կառավարման գծով միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը:

«Ցանկացած գործիք անհրաժեշտ է օգտագործել խելամտորեն: Այստեղ տեղին է իմաստուն արտահայտությունը. «Ամեն ինչ թույն է, և ամեն ինչ դեղամիջոց է: Միայն դոզան է դեղը դարձնում թույն, իսկ թույնը' դեղամիջոց»: Այն միանգամայն կիրառելի է ներքին պարտքի մեծությունը գնահատելու համար, քանի որ թույլատրելի նորմը գերազանցելու դեպքում այդ պարտավորությունները կարող են արգելակել երկրում տնտեսական աճի մեծծացման տեմպերը», - կարծում է Արամյանը։

Որպեսզի հայացքը չհառենք առաստաղին

Վերջին տարիներին հանրապետությունում հետևողականորեն աճել է ներքին պարտքի մասնաբաժինը կառավարական պարտքի կազմում. եթե 2009 թվականին այդ մասնաբաժինը կազմել է 14%, ապա 2021 թվականի վերջին ներքին պարտքի տեսակարար կշիռը եղել է 29.4%-ի մակարդակում, 2022 թվականի արդյունքներով ցուցանիշը հասել է մինչեւ 41.6%, իսկ ս. թ. ապրիլի վերջին աճել է մինչև 46.6%։ Իսկ դրամային պարտքը (ներգրավման արժույթը)՝ 2021 թվականի արդյունքներով 28.8%-ից 2022 թվականի վերջին աճել է մինչև 37.9% և ընթացիկ տարվա մայիսին աճել է մինչև 39.8% ։ Ընդ որում, պետական պարտքի կառավարման կառավարության 2023-25 թվականների ռազմավարության համաձայն, ներքին պարտքի տեսակարար կշիռը նպատակային ժամանակահատվածի ավարտին նախատեսվում էր հասցնել մինչեւ 37.3%-ի, իսկ դրամայինը՝ մինչեւ 36.9%։

Այդ առնչությամբ, ինչպես նշել է Արամյանը, կա երկու նորություն, մեկը՝ լավ, երկրորդը՝ ոչ այնքան։ Լավ նորությունն այն է, որ համաշխարհային փորձը գրեթե չգիտի ճգնաժամի կամ դեֆոլտի օրինակներ՝ երկրի իրացվելիության անբավարարության և ներքին պարտքի գծով կրեդիտորական պարտքը մարելու անկարողության պատճառով: Տվյալ դեպքում, պարզաբանում է փորձագետը, ներքին պարտքի մասին խոսելիս պետք է հասկանալ ոչ միայն դրամային պարտքը, այլ այն պարտքը, որի տերը երկրի ռեզիդենտներն են:

Ծանրության կենտրոնի տեղափոխումը ներքին փոխառություններին միանգամայն արդարացված է՝ ինչպես ներքին խնայողությունների օգտագործման հնարավորությունների, այնպես էլ վտանգի ցածր մակարդակի տեսանկյունից, որը պայմանավորված է դրա վերաթողարկման հնարավորության, այսպես կոչված, rollover-ի առկայությամբ: Այլ հարց է, որ դրա վերակառուցվածքավորման գինը կարող է բարձր լինել, ինչպես դա եղավ Արգենտինայում, որտեղ ներքին պարտքը վերաթողարկվեց 200%-ը գերազանցող տարեկան տոկոսադրույքով: Եթե կառավարությունը պարտքի մարման հետ կապված իրացվելիությանն առնչվող խնդիրներ ունի, նա միշտ հնարավորություն ունի խուսափել ներքին պարտքի պատճառով դեֆոլտից՝ սենյորաժի հաշվին. կառավարությունը նոր պարտք է թողարկում, ԿԲ-ն այն գնում է շուկայից, և ստացված միջոցներով իշխանությունները մարում են նախորդ պարտքը: Վերջինի վտանգը հնարավոր  ժամանակավոր գնաճն է՝ երկրի տնտեսության մեջ մեծ միջոցների ներարկման պատճառով։ «Այս տեսանկյունից ներքին պարտքը միշտ գերադասելի է արտաքինից», - հստակեցնում է նախկին նախարարը: 

 Պարտքը կարող է լինել նաև ոչ ռիսկային, հավաստիացնում է տնտեսագետը

Վտանգի «ԿԱՐՄԻՐ»  ծայրահեղ մակարդակը, ինչպես պարզաբանում է փորձագետը, վերաբերում է կապիտալի միջազգային շուկայում արտարժույթով թողարկված արտաքին պարտքին։ «Վտանգի վարկանիշի» երկրորդ տեղում ազգային արժույթով թողարկված ներքին պարտքն է, որի մի մասի տերը ոչ ռեզիդենտներն են (նույնպես արտաքին պարտք է):

Իսկ ահա «երկրի համար անվտանգ պարտքի տեսակների վարկանիշի» առաջատարը զարգացման միջազգային կազմակերպությունների (WB, IMF, ADB, CFI) հանդեպ արտաքին պարտավորություններն են։ «Կյանքը ցույց է տալիս, որ չափազանց հազվադեպ են ճգնաժամեր առաջանում այդ պարտավորությունների պատճառով, քանի որ տվյալ «խաղացողները» հակված չեն տեսնելու պարտապան երկիր, որը գլորվում է տնտեսական ճգնաժամի անդունդը»,- նշում է Վարդան Արամյանը: ԱՄՀ-ն (IMF) մակրո - տնտեսական եւ հարկաբյուջետային կայունության պահպանման իր մանդատի, ՀԲ - ն (WB)՝ տնտեսական զարգացման իր մանդատի շրջանակներում, երկրին միջոցներ հատկացնելով զարգացման ծրագրերի համար, նույնիսկ, բյուջետային աջակցության վարկի շրջանակներում, կառավարությանը առաջադրում են «տնային աշխատանք» (ՀԲ), որը, գործնականում, անհրաժեշտ բարեփոխումների փաթեթ է:

Խոսել ներքին պարտքի կամ պետական պարտքի անվտանգ մակարդակի մասին, ընդհանուր առմամբ, հիմնվելով միայն «պարտքը ՀՆԱ - ի նկատմամբ» ցուցանիշի վրա, անհեռանկարային գործ է, - նշում է միջազգային խորհրդատուն. «Աշխարհն ականատես է եղել 1998 թվին ՀՆԱ-ի նկատմամբ 38.5% ռուսական պարտքային ճգնաժամին և ՀՆԱ-ի նկատմամբ 128% Արգենտինայի պարտքային ճգնաժամին: Այսինքն, պարտք/ՀՆԱ ցուցանիշը կարևոր է, բայց ոչ միակը. երկիրը վարկավորողների համար շատ կարևոր են նաեւ երկրի տնտեսական զարգացման առկա տեմպերն ու հեռանկարները, կառավարության վարքագիծն ու քաղաքականությունը, հավաքագրվող հարկերի արդյունավետությունը և դրանց տեսակարար կշիռը ՀՆԱ-ում, բյուջեի ծախսերի կառուցվածքը և այլն»:

Երբ վարկավորվում է կառավարությունը, այլ ոչ թե՝ տեղական բիզնեսը

Տարեկան կտրվածքով թողարկվող ներքին պարտքը, ինչպես ցանկացած «դեղամիջոց»՝ մեծ չափաբաժիններով, կարող է վնասել օրգանիզմին եւ, ի վերջո, հանգեցնել հիվանդությունների, նշում է փորձագետը։

Վարդան Արամյանը հիշեցնում է, այսպես կոչված, «դուրս մղման էֆեկտի» մասին, երբ պետությունը, չափազանց շատ միջոցներ փոխառելով երկրի ներսում (2020 թվականին ՀՀ կառավարությունը 300 մլրդ դրամ ներքին պարտք է թողարկել, 250 մլրդ դրամ՝ 2021 թվականին, և նույնքան էլ՝ 2022 թվականին) համեմատաբար ավելի քիչ միջոցներ է թողնում մասնավոր հատվածի համար՝ դրանով իսկ դուրս մղելով ներդրումները, փաստորեն, տնտեսությանը զրկելով տասնյակ միլիարդավոր դրամների պոտենցիալ ներդրումներից։ Բացի այդ, հայրենական ընկերությունների մեծ մասը, օբյեկտիվ պատճառներով, արտասահմանյան վարկային ռեսուրսների հասանելիության սահմանափակ հնարավորություններ ունեն, և նրանք ի վիճակի են վարկեր վերցնել միայն երկրի ներսում:

««Բանկերն ավելի պատրաստակամ են նույն տոկոսներով վարկեր տրամադրել պետությանը զրոյական ռիսկով, որի պատճառով կառավարությունը, թեև, միջնորդավորված, բայց նպաստում է մասնավոր հատվածից ներդրումների դուրս մղմանը՝ երկիրը զրկելով աճի ևս մեկ աղբյուրից», - պարզաբանում է Արամյանը։

Կա որոշ անհանգստություն

Այսօր, դիտարկելով կառավարության պարտքի կառուցվածքը, ֆինանսների նախկին նախարարը որոշ անհանգստություն է զգում: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ 2022 թվականին կրճատվել է երկարաժամկետ պարտատոմսերի մասնաբաժինը և ավելացել է կարճաժամկետներինը (ընթացիկ պարտքի) բաժինը։ Այս միտումը պահպանվելու դեպքում դա հղի է ապագայում իրացվելիության խնդիրներով:

Ռիսկերի երկրորդ խումբը բխում է մակրոտնտեսական միջավայրից։ Փորձագետը նշում է, որ պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցության բարելավումը պայմանավորված է հայկական դրամի գրեթե 18% արժևորմամբ (տնտեսագետը գործոնի «ներդրումը» գնահատում է 5-6 տ.կ.): «2022 թվականի արդյունքներով կառավարության պարտքի 62.1%-ը (2021 թվականի վերջի 71.2% - ը) բաժին է ընկնում արտարժույթով պարտքին», - հիշեցնում է Արամյանը։ Կտրուկ տնտեսական աճը, որը չի ապահովվում արտադրողականության աճով և խոշոր ներդրումներով երկրի դեպի արտահանում կողմնորոծված ճյուղերում, նույնպես իր նշանակալի ներդրումն է ունեցել: Վերջինիս բաժին է ընկնում ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի «բարելավված ցուցանիշի» ևս 3-3. 5% տ. կ.:

«Իսկ ի՞նչ կլինի, եթե աննախադեպ «բումին» նպաստող էկզոգեն գործոնները նույնպես հանկարծ անհետանան: Ի՞նչ բարձունքների կհասնի այդ ժամանակ արտարժույթով պետական պարտքը, եւ ու՞ր կգլորվի ՀՆԱ-ն: Չմոռանանք, որ ինչ - որ առումով համանման «բումի» վիճակում մենք գտնվում էինք երկար 6 տարի' 2002-2008թթ., երբ արձանագրվեց դրամական փոխանցումների և ոչ արտահանման ճյուղերի աննախադեպ աճ: Բայց հետո «անսպասելիորեն» եկավ 2009 թվականը և ՀՆԱ-ի 14 եւ ավելի տոկոսով անկումը», - եզրափակել է Վարդան Արամյանը։