Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը Պեկինում կմասնակցի Առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստին

Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը Պեկինում կմասնակցի Առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 5-9-ը գործուղվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին)՝ Առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստին մասնակցելու նպատակով։

Ըստ նախարարության պաշտոնական հաղորդագրության՝ այցի շրջանակում Էկոնոմիկայի նախարարը հանդիպում է ունեցել Hongfeng Heavy Industry Machinery ընկերության ղեկավարության հետ (Hongfeng Heavy Industry Machinery խոշոր արդյունաբերական ընկերություն է, որը զբաղվում է շինարարական մեքենաների և գյուղատնտեսական սարքավորումների արտադրությամբ։ Ընկերության արտադրանքի հիմնական մասն արտահանվում է)։

Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը ներկայացրել է Հայաստանում ստեղծված բարենպաստ ներդրումային միջավայրը, ինչպես նաև լիզինգի գործիքով իրականացվող ծրագրերը։ Քննարկվել են Հայաստանում գյուղտեխնիկայի և մեքենաշինական տեխնիկայի արտադրության հնարավորությունները։

Վահան Քերոբյանը հանդիպել է նաև «CITIC Construction» ընկերության փոխնախագահ Յան Ցզյանցյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է ընկերության մասնակցության հնարավորությունը ՀՀ Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախատեսվող միջոցառումներում, մասնավորապես՝ ճանապարհաշինության, բնակարանաշինության և ջրամբարաշինության ուղղություններով։

Պեկինում կայացել է նաև  է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հանդիպումը Միջազգային առևտրի խթանման չինական խորհրդի (CCPIT) փոխնախագահ Չժան Շաոգանի հետ (CCPIT-ը 1952 թվականին հիմնադրված միջազգային առևտրի և ներդրումների խթանման ազգային գործակալություն է):

Քննարկվել են չինական շուկայում հայկական ապրանքների ճանաչելիության բարձրացմանը, փոխադարձ ճանաչողական այցերի կազմակերպմանը վերաբերող հարցեր։ Այդ նպատակով չինական կողմը հրավիրել է հայկական ընկերություններին մասնակցել Չինաստանում կազմակերպվող ցուցահանդեսներին։

Չժան Շաոգանը բարձր է գնահատել Հայաստանում գրանցված բարձր տնտեսական ցուցանիշները։ Վահան Քերոբյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող պետական օժանդակության այն ծրագրերը, որոնք օգնում են տնտեսավարողներին ձեռք բերել նոր սարքավորումներ և բարձրացնել իրենց ընկերությունների արտադրողականությունը։