Հայաստանն ինտերնետի հասանելիության տեսանկյունից բավականին լավ դիրքերում է. ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյան

Հայաստանն ինտերնետի հասանելիության տեսանկյունից բավականին լավ դիրքերում է. ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 6-ին մասնակցել է «Ապահովելով հասանելիություն բոլորին՝ Եվրոպա եւ տարածաշրջան» խորագրով Կապի եվրոպական գագաթնաժողովին:

Ըստ ԱԺ պաշտոնական հաղորդագրության՝ ողջունելով միջոցառման կազմակերպիչներին եւ մասնակիցներին՝ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է ինտերնետի կարեւորությանը, հնարավորություններին եւ մարտահրավերներին: «Վերջին քսան տարիների ընթացքում մարդկությունը զգալի մարտահրավերներ է հաղթահարել եւ նոր տեխնոլոգիական հեղափոխություն է իրականացրել ու այսօր ականատեսն ենք համակարգչային տեխնոլոգիաներով ու ինտերնետի միջոցով կառավարվող մեքենաների ու անօդաչու թռչող սարքերի, տեղեկատվության լայն հասանելիության», - ասել է Հակոբ Արշակյանը՝ հավելելով, որ այս առաջընթացը ստեղծում է ինչպես մեծ հնարավորություններ, այնպես էլ լուրջ մարտահրավերներ:

Խոսելով հնարավորությունների մասին՝ նա արձանագրել է, որ ինտերնետի հասանելիությունը մարդկությանը տվել է այլընտրանքային կրթություն ստանալու, նոր տեխնոլոգիաների միջոցով կրթության հասանելիության մեծ հնարավորություններ, ինչը նախկինում դժվար էր պատկերացնել: ԱԺ նախագահի տեղակալն ինտերնետի եւ տեխնոլոգիաների զարգացման համատեքստում խոսել է նաեւ տրանսպորտային ու լոգիստիկ համակարգերի զարգացման կարեւորության մասին: «Ունենալով գլոբալ տեղորոշման համակարգեր, ինտերնետ` այժմ կարելի է աշխարհի ցանկացած կետում կողմնորոշվել», - արձանագրել է նա:

Հակոբ Արշակյանի համոզմամբ Հայաստանն ինտերնետի հասանելիության տեսանկյունից բավականին լավ դիրքերում է ամբողջ աշխարհում. դրա մասին են վկայում նաեւ զբոսաշրջիկների արձագանքները: Նրա խոսքով սա ազդում է թե՛ մեր երկրի վարկանիշի, թե՛ զբոսաշրջության զարգացման, թե՛ մարդկանց կյանքի որակի վրա:

Անդրադառնալով մարտահրավերներին՝ նա կարծիք է հայտնել, որ դրանք առկա են թե՛ Հայաստանում, թե՛ ամբողջ աշխարհում: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը խոսել է տեղեկատվական անվտանգության, ինտերնետի հասանելիության հարցում երեխաների համար որոշակի սահմանափակումների վերաբերյալ: Խորհրդարանի փոխխոսնակը նշել է, որ այս առումով օրենսդրական մակարդակում աշխատանք է տարվում՝ ընտանիքների, երեխաների, դպրոցների եւ որոշակի խմբերի համար անհրաժեշտ գործիքակազմ ստեղծելու նպատակով:

Կառավարության 2021-2026 թթ. ծրագրում բնակավայրերի 80 տոկոսը լայնաշերտ ինտերնետով ապահովելու նպատակ կա. այս մասին բարձրաձայնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ավետ Պողոսյանը: Նա հավելել է, որ այժմ արդեն 66,6 տոկոսն ապահովված է լայնաշերտ ինտերնետով, ինչը ներառում է բնակչության 96 տոկոսը: Ըստ փոխնախարարի՝ դա բավականին լավ ցուցանիշ է:

Միջոցառման մասնակիցներին օնլայն ողջունել է համաշխարհային «Ինտերնետ հասարակություն» կազմակերպության վաստակավոր տեխնոլոգ Միչուկի Մուանգին: Հայաստանում ինտերնետի հասանելիության խնդիրների մասին խոսել է նաեւ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» հասարակական կազմակերպության նախագահ Իգոր Մկրտումյանը:

Երկօրյա գագաթնաժողովի նպատակն է համախմբել մասնագետներին եւ շահագրգիռ կառույցներին Հայաստանում եւ ամբողջ աշխարհում ու քննարկել հեռավոր համայնքներում ինտերնետ հասանելիություն ապահովելու հնարավորությունները: Պանելային քննարկումների ընթացքում ներկաներն արձանագրել են, որ ինտերնետ կապն այսօր առաջնահերթությունների շարքում է եւ ստեղծում է հավասար հնարավորություններ համայնքների համաչափ զարգացման համար, անդրադարձել լրացուցիչ ինտերնետ հասանելիության ապահովման մեխանիզմներին: