Առաջարկվում է ավելացնել ճանապարհները, երկաթուղային գծանցները եւ ճանապարհի այլ ինժեներական կառույցները վնասելու դեպքում սահմանված տուգանքների չափը

Առաջարկվում է ավելացնել ճանապարհները, երկաթուղային գծանցները եւ ճանապարհի այլ ինժեներական կառույցները վնասելու դեպքում սահմանված տուգանքների չափը

Վարչական իրավախախտումների վերաբերյալ եւ Քրեական օրենսգրքերում փոփոխությունների նպատակն է կանխարգելել ճանապարհների, ճանապարհային ինժեներական կառույցների վնասման, ինչպես նաեւ ճանապարհներից օգտվելու կարգի խախտման վերաբերյալ դեպքերը եւ խստացնել օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցները: Այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը: Նա նշել է, որ 2006 թվականին ընդունված օրենքի կանոնակարգումները վերանայման կարիք ունեն:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ արձանագրվել են ճանապարհային նշանները փակելու, հանելու, անօրինական նշաններ տեղադրելու, ճանապարհային նշանների գողության, նաեւ երթեւեկության համար խոչընդոտներ ստեղծելու բազմաթիվ դեպքեր: Նախարարության վերլուծությունները ցույց են տվել, որ վերջին երեք տարիներին միայն միջպետական եւ հանրապետական ճանապարհներից գողացվել եւ վնասվել են շուրջ 661 ճանապարհային նշան, 670 գծամետր արգելափակոց: Ըստ զեկուցողի՝ յուրաքանչյուր իրավախախտում, գողացված կամ վնասված ճանապարհային նշան բարձրացնում է պատահարների ռիսկը:

Առաջարկվում է փոփոխել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 140-րդ հոդվածը, սահմանված տուգանքը եռապատկել՝ հասցնելով նվազագույն աշխատավարձի յոթանասունհինգապատիկի, ինչպես նաեւ՝ եթե նախատեսված արարքները կատարելու հետեւանքով անձի առողջությանը պատճառվել է թեթեւ վնաս, նախատեսվել է սահմանված տուգանքը եռապատկել՝ հասցնելով նվազագույն աշխատավարձի իննսունապատիկի: Առաջարկվում է վերանայել նաեւ օրենսգրքի 150.2-րդ հոդվածի տույժ տուգանքները՝ դրանք եւս եռապատկելով:

Պատգամավորներ Կարեն Սարուխանյանը, Գեղամ Նազարյանը, Արփինե Դավոյանը, Վիգեն Խաչատրյանը, Վլադիմիր Վարդանյանը, Լիլիթ Մինասյանն ու Արմեն Խաչատրյանն իրենց հարցադրումներում եւ նկատառումներում անդրադարձել են խախտումների վիճակագրությանը, որոշ եզրույթների հստակեցման նպատակահարմարությանը, կեղծ ազդանշանների տեղադրման հետեւանքներին, կանխարգելիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտությանը, ճանապարհը սպասարկող անբարեխիղճ կազմակերպությունների նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցների կիրառմանը, գծանշումների պատշաճ ապահովմանը եւ այլ խնդիրների:

Քրիստինե Ղալեչյանը նշել է, որ մշակվում են համապատասխան կարգավորումներ, ուղեցույցներ հատկապես համայնքային ճանապարհների համար, քանի որ վերջիններս առանձնահատկություններ ունեն, տարբերվում են միջպետական ու հանրապետական ճանապարհներից: Փոխնախարարը համաձայնել է, որ համայնքների մասով խնդիր կա, որը փորձ է արվում սեղմ ժամկետում լուծել:

Քրիստինե Ղալեչյանի գնահատմամբ անկախ այն հանգամանքից՝ պաշտոնատար անձ է սուբյեկտը, համայնքի ղեկավար, ճանապարհային երթեւեկության կամ իրավապահ համակարգերի աշխատակից, թե քաղաքացի, բոլորը պետք է մասնակցություն ունենան խնդիրների լուծմանը եւ իրենց պատասխանատվության շրջանակում դրանց կարգավորմանը: «Մենք ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարության մշակման ամփոփման փուլում ենք եւ համալիր միջոցառումների միջոցով փորձում ենք բոլոր հարցերին պատասխան տալ», - ասել է նա:

Հարակից զեկույցում պատգամավոր Ալխաս Ղազարյանն ընդգծել է, որ նախաձեռնությունը միտված է երթեւեկության անվտանգության ապահովմանը, առաջարկել կողմ քվեարկել:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի համոզմամբ միայն տուգանքն ավելացնելով՝ խնդիրը չի լուծվում, նորմն ընդունելուց հետո հետօրենսդրական վերահսկողություն պետք է իրականացվի՝ հասկանալու համար արդյունքային ցուցանիշը: Նրա կարծիքով իրավասու պետական մարմինը պետք է հաստատի համայնքի ներկայացրած ճանապարհային երեւեկության կազմակերպման սխեման, քանի համայնքներում համապատասխան մասնագետի խնդիր կա:

Ճանապարհային անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները ոչ պատշաճ ապահովելու համար իրավասու մարմիններին պատասխանատվության ենթարկելու կարեւորությանն է անդրադարձել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Վիգեն Խաչատրյանը կողմ է տուգանքներին, բայց կարծում է, որ կիսատ է, եթե միակողմանի է խստացվում: Պատգամավորի խոսքով պետք է քաղաքացիները պաշտպանված լինեն անբարեխիղճ պաշտոնյաներից եւ համայնքային ղեկավարներից, եւ եթե մարդն անբարեխիղճ աշխատանքի հետեւանքով վնասել է մեքենան, ապա պետք է անպայման փոխհատուցում ստանա վնասողից:

Եզրափակիչ ելույթում փոխնախարարը վստահեցրել է, որ բարձրացված համակարգային խնդիրները նախարարության ուշադրության կենտրոնում են: