Գործադիրը հավանություն է տվել «Ծառայությունների ազատ առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը

Գործադիրը հավանություն է տվել «Ծառայությունների ազատ առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը

Հունիսի 8-ին կայացած կառավարության նիստում գործադիրը հավանություն է տվել «Ծառայությունների ազատ առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը, որով շարունակվելու է կարևորվել նաև ԱՊՀ երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը։ Ըստ հիմնավորման՝ կողմերի ընդհանուր պարտավորություններից և եզրափակիչ դրույթներից բացի համաձայնագրով կարգավորվում են ծառայությունների անդրսահմանային առևտուրը, ընկերությունների ստեղծման և գործունեության ոլորտը, մասնակից պետությունների տարածքներով ֆիզիկական անձանց տեղաշարժի և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերի ողջ շրջանակը, ինչպես նաև ներդրումային գործունեությունը։ Համաձայնագրում ներդրումների, ինչպես նաև ընկերությունների ստեղծման և գործունեության ոլորտները կարգավորող դրույթների առկայությունը նպատակ ունի նպաստել Համաձայնագրի մասնակից պետություններում գործարար միջավայրի բարելավմանը և խթանել ներդրումային հոսքերը։ Համաձայնագրի ստորագրմամբ ենթադրվում է, ընդհանուր առմամբ, ներդրումային գործունեության պայմանների ազատականացում։ Բացի այդ, կարգավորվում են ֆինանսական, ինչպես նաև հեռահաղորդակցության ոլորտներում ծառայությունների առևտրի առանձնահատկությունների հետ կապված հարցերը։

Հավանության է արժանացել նաև 2023 թ. փետրվարի 13-ին Մոսկվայում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բժշկական արտադրատեսակների (բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի) շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին 2014 թ. դեկտեմբերի 23-ի Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը հաստատելու մասին» Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին: Ըստ հիմնավորման՝ ԵԱՏՄ անդամ-պետություններում գրանցված բժշկական արտադրատեսակների շրջանառության անցումային շրջանը թույլ կտա խուսափել անդամ-պետություններում բժշկական արտադրատեսակների պակասուրդից՝ միաժամանակ ապահովելով բժշկական արտադրատեսակների՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով գրանցման սահուն անցման պայմաններ։ ՀՀ-ում բժշկական արտադրատեսակները մինչ այժմ չեն գրանցվում համապատասխան ենթաօրենսդրական ակտերի բացակայության պատճառով: Նախատեսված փոփոխությունները լրացուցիչ ժամանակ են ընձեռում Հայաստանում բժշկական արտադրատեսակների շրջանառությունը կարգավորող ենթաօրենսդրական դաշտի նախապատրաստման համար, ինչը կապահովի բնակչությանը անվտանգ, որակյալ, արդյունավետ բժշկական արտադրատեսակներով: Արձանագրությունը կնպաստի ԵԱՏՄ անդամ-պետություններում բժշկական արտադրատեսակների շրջանառության (գրանցման) ոլորտի իրավահարաբերությունների առավել արդյունավետ կարգավորմանը։