Ակցիզային հարկի գումարների փոխհատուցման համար էլեկտրոնային եղանակով հարկային մարմին դիմում կներկայացվի

Ակցիզային հարկի գումարների փոխհատուցման համար էլեկտրոնային եղանակով հարկային մարմին դիմում կներկայացվի

Կառավարությունը սահմանել է Ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ՀՀ ներմուծված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները արտահանելու դեպքում ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկի գումարի փոխհատուցման կարգը, չափը և ժամկետները: Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել, որ ՀՀ տարածք ներմուծված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները ՀՀ տարածքից արտահանելու դեպքում փոխհատուցվում է արտահանվող ապրանքների համար ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկի ամբողջ գումարը: Սահմանվել է նաև, որ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ ներմուծած հարկ վճարողի կողմից այդ ապրանքները ՀՀ տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանելու կամ ՀՀ տարածքից ԵՏՄ անդամ պետություն արտահանելու դեպքում ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում, որպես լրացուցիչ տեղեկատվություն, լրացվում է նաև արտահանվող ապրանքների ներմուծման ժամանակ լրացված ներմուծման մաքսային կամ հարկային հայտարարագրի ամսաթիվը և համարը, ինչպես նաև ապրանքների անվանումները և չափման միավորները՝ ներմուծման մաքսային կամ հարկային հայտարարագրում լրացված անվանումներին և չափման միավորներին համապատասխան: Նախատեսվում է նաև, որ ակցիզային հարկի գումարների փոխհատուցման համար ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ ներմուծած հարկ վճարողն էլեկտրոնային եղանակով հարկային մարմին է ներկայացնում դիմում: Հարկային մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է դիմումում նշված փաստաթղթերի` օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանությունը, կազմում է եզրակացություն և մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է ՀՀ ֆինանսների նախարարություն, իսկ ՀՀ ֆինանսների նախարարությունը, ստանալով եզրակացությունը, երեք աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է վճարված ակցիզային հարկի գումարների փոխհատուցումը` ակցիզային հարկի գումարը մուտքագրելով միասնական հաշվին: Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2023 թ. հունվարի 1-ից հետո ՀՀ տարածք ներմուծված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մասով: