Հայաստանի համար ֆանտաստիկ հնարավորություն է ստեղծվել. Տիգրան Սարգսյանը` պատժամիջոցների մասին

Հայաստանի համար ֆանտաստիկ հնարավորություն է ստեղծվել. Տիգրան Սարգսյանը` պատժամիջոցների մասին
ԵԱՏՄ երկրների վրա կիրառվող պատժամիջոցները Հայաստանի համար ֆանտաստիկ հնարավորություններ են ստեղծում։ Այս մասին ասաց ՀՀ նախկին վարչապետ, ԵԱԶԲ վարչության նախագահի տեղակալ, թվային նախաձեռնությունների հիմնադրամի համակարգող Տիգրան Սարգսյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
Սարգսյանն ընդգծեց, որ պատժամիջոցները երկակի ազդեցություն են ունենում, բայց Հայաստանն արդեն 2 տարի է` դրանից մեծ եկամուտ է ստանում։ Ըստ Սարգսյանի` տնտեսական աճն էլ ավելի բարձր է, քան կանխատեսում էր պետությունը։
 
«Հայաստանի համար ֆանտաստիկ հնարավորություններ են ստեղծվել, որովհետև կապիտալի ներհոսք է տեղի ունենում` մեր երկրում հարյուրավոր IT ընկերություններ են ստեղծվել, որտեղ ԵԱՏՄ տարածքի մասնագետներ են աշխատում։ Այն պրոդուկտը, որը նրանք ստեղծում են, ամբողջ Եվրասիական տնտեսական տարածքի համար է», – նշեց նա։
 
Նա անդրադարձավ նաև ԱՄՆ պետական դեպարտամենտի ներկայացուցչի այն դիտարկմանը, թե Հայաստանը, Ղազախստանը, Թուրքիան և ևս 2 այլ երկիր շրջանցում են ռուսական պաժամիջոցները։ ԵԱԶԲ վարչության նախագահի տեղակալը շեշտեց, որ այդ առումով ռիսկեր կան, որ Արևմուտքը կարող է ճնշումները մեծացնել Հայաստանի նկատմամբ։ Սարգսյանն ընդգծեց` ռիսկեր և ճնշումներ եղել են նաև այն ժամանակ, երբ պատժամիջոցներ էին կիրառվում Իրանի վրա։
 
Նա վստահեցրեց, որ այսօր էլ ՀՀ ներկայիս իշխանությունը ռիսկերը նվազեցնելու համար օգտագործում է այն մեխանիզմները, որոնք գործածվել են իր վարչապետ լինելու տարիներին, քանի որ դա բխում է Հայաստանի շահերից։
 
«Հայաստանը պետք է անի ամեն ինչ, որ առավել օգուտ ստանա ստեղծված իրավիճակից, և այդպես էլ անում է։ Պետք է հարաբերություններ ունենալ այն երկրների հետ, որոնք պատժամիջոցներ են կիրառում` ցույց տալով, որ Հայաստանը գործում է իր սեփական շահերից և ոչ այլ երկրների»,– ասաց Սարգսյանը։
 
Հիշեցնենք, որ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն էլ հայտարարեց, որ Արևմտյան պատժամիջոցները դրական ազդեցություն են թողել ԱՊՀ երկրների վրա` կառուցվել են ապագայի ծրագրեր, մասնավորապես` բիզնեսի աջակցման համար։