Վաչե Տերտերյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Աղետների ռիսկերի կառավարման առաքելության ղեկավար Սթիվեն Գոլդֆինչին

Վաչե Տերտերյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Աղետների ռիսկերի կառավարման առաքելության ղեկավար Սթիվեն Գոլդֆինչին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Աղետների ռիսկերի կառավարման առաքելության ղեկավար Սթիվեն Գոլդֆինչի գլխավորած պատվիրակությանը:
Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և ընդգծել է ՏԿԵ նախարարության և ԱԶԲ-ի միջև առկա համագործակցության կարևորությունը։
Վաչե Տերտերյանը ներկայացրել է մի շարք ոլորտներում Ասիական զարգացման բանկի հետ արդյունավետ համագործակցության օրինակներ՝ մասնավորապես Ասիական զարգացման բանկի աջակցությամբ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականցվող «Բարելավված գիտելիքի միջոցով դիմակայուն ենթակառուցվածքների կառուցում» ծրագրի մանրամասները և ընթացքը:
Նախարարի տեղակալը կարևորել է հատկապես սեյսմակայուն դպրոցաշինության ծրագիրը, որը նաև ՀՀ կառավարության առաջնահերթություններից է:
 Սթիվեն Գոլդֆինչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ առաքելության նպատակն է հասկանալ աղետների ռիսկի կառավարմանն ուղղված տեխնիկական աջակցության անհրաժեշտությունը, լսել առաջարկություններ, քննարկել աղետներին դիմակայող ենթակառուցվածքների ստեղծման հնարավորությունները:
 Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող այլ հարցեր ևս: Վաչե Տերտերյանը ընդգծել է, որ ՀՀ ՏԿԵ նախարարությունը հավատարիմ է մնալու իր հանձնառությանը և ամեն ինչ անելու է առկա և նոր ծրագրերը կյանքի կոչելու, Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունն ավելի ընդլայնելու և զարգացնելու գործում: