Լրագրող և իրավագետ․ «Մեդիա և տեղեկատվական իրավունք» մագիստրոսական ծրագիրն ամփոփեց իր առաջին տարին

Լրագրող և իրավագետ․  «Մեդիա և տեղեկատվական իրավունք» մագիստրոսական ծրագիրն ամփոփեց իր առաջին տարին

Երկու կիսամյակ ծավալած գործունեության արդյունքում Երևանի պետական համալսարանի երկու ֆակուլտետի՝ ժուռնալիստիկայի և իրավագիտության, համատեղ ջանքերի շնորհիվ և գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ «Մեդիա և տեղեկատվական իրավունք» մագիստորսական ծրագրիրն իր շրջանավարտներին ճանապարհում է մեդիաոլորտ՝ նոր  գիտելիքներով և մտածողությամբ։

IMG_1240[1].JPG (274 KB)

Ծրագրի  համահեղինակ, Իրավագիտության ֆակուլտետի դեկան, իրավական գիտությունների պրոֆեսոր Գագիկ Ղազինյանը նշում է, որ իրավագիտության ֆակուլտետն իր պատմության ընթացքում ունեցել է բազմաթիվ  մագիստրոսական ծրագրեր, բայց այս ծրագիրն իր ձևով արտասովոր էր, քանի որ մյուսների պարագայում իրենք չեն ունեցել որակավորման խնդիր․ այսինքն՝ մեկ այլ մասնագիտության հետ համատեղ որակավորում չեն իրականացրել։

Photo_2.jpg (251 KB)

Նրա խոսքով՝ ծրագրի հիմքում դրվել են հետազոտական գիտելիքների կարողությունների զարգացման մեխանիզմները։  Ղազինյանն ասաց, որ պրակտիկայում միշտ էլ առաջին տարին համարվում է պիլոտային կամ փորձնական, ուստի հենց շահառու ուսանողները կփաստեն ծրագրի արդյունավետության մասին։     

Գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Շտեֆան Մալերիուսն իր ողջույնի խոսքում նշեց, որ բարձր է գնահատում երկու ֆակուլտետի համատեղ աշխատանքը՝ իրավունքի և մամուլի ոլորտում։ Նրա խոսքով՝ սա առաջին դեպքն է, որ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը մագիստրոսական ծրագիր է ներդնում Երևանի պետական համալսարանի հետ համագործակցության շրջանակներում։ Այլ համալսարանների հետ եղել են դեպքեր, բայց  որպես մագիստրոսական ծրագիր՝ սա առաջինն է։ Մալերիուսը նշեց,  որ հիմնադրամը և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը համատեղ ունեն ընդլայնված համագործակցություն, և խոսքը հասարակագիտություն առարկայի մասին է, քանի որ վերջին տարիներին գնալով ավելի է կարևորվում  այդ առարկան։ «Կոնրադ Ադենաուեր  հիմնադրամը դեմոկրատիայի և քաղաքացիական հասարակության զարգացման, ինչպես նաև ընդհանուր իրավական պետության կազմավորման շրջանակներում բաց է համագործակցության համար և ունի պրոֆիլային գործակցություն», - ասաց Շտեֆան Մալերիուսը։

EJC.am-ի հարցին, այն է՝ ՀՀ կառավարությունը «Մեդիա և տեղեկատվական իրավունք» մագիստրոսական ծրագրի շահառուների համար հատկացրել է 2 անվճար տեղ,  արդյո՞ք   Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը կավելացնի իր աջակցությունն այս ծրագրին, Շտեֆան Մալերիուսը պատասխանեց, որ հիմնադրամը պատրաստ է մագիստրոսական ծրագրի ղեկավարի և երկու ֆակուլտետի դեկանների հետ համատեղ քննարկել աջակցության բարձրացման վերաբերյալ հարցը։

Photo_3.jpg (178 KB)

Մեկ տարվա ուսման ընթացքում ուսանողները սովորել են մեդիա և իրավական ոլորտի նրբություններն ու ստացել ոլորտային մասնագետի՝ իրավագիտության ոլորտի ուսումնասիրողի որակավորում։

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր Նաղաշ Մարտիրոսյանն իր խոսքում նշեց, որ երկու ֆակուլտետի միջև ստեղծված համատեղ մագիստրոսական ծրագիրը չէր իրականանա, եթե իր մեծ աջակցությունը չունենար  գերմանական  Կոնրադ Ադենաուեր հիմնադրամն իր ողջ թիմով։ Նա շնորհակալություն հայտնեց  Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լիանա Մարուքյանին՝ ծրագրի կայացման գործում մեծ դերակատարում ունենալու համար։

«Մեդիա և տեղեկատվական իրավունք» մագիստրոսական ծրագրի ղեկավար, իրավական գիտությունների թեկնածու  Տաթևիկ Դավթյանի խոսքով՝ յուրաքանչյուր ծրագիր ունի իր մարտահրավերները, որոնք պետք է հաղթահարել և գնալ ծրագրի հաջող իրականացմանն ընդառաջ։ Նա շեշտեց, որ չնայած մագիստրոսական այս ծրագիրն առաջին տարին է գործում, բայց գնահատականներն ու մասնագիտական թեզերի պաշտպանության արդյունքները վկայում են դրական արդյունքի մասին․ ծրագրի ավարտին արձանագրվել է 20 բալային համակարգով գնահատվող 16-20 միավորային ցուցանիշ։

IMG_1251[1].JPG (177 KB)

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան նաև ծրագրի երեք ուսանողներ, ովքեր իրենց ավարտական թեզերի ներկայացմամբ հավաստեցին «Մեդիա և տեղեկատվական իրավունք» մագիստրոսական ծրագրի կայացումը։ 

IMG_1274[1].JPG (168 KB)

ՀՀ Սահմանադրական դատարանի մամուլի խոսնակ Քրիստինե Մելքոնյանն իր խոսքում նշեց, որ, լինելով ծրագրի ուսանող՝ հնարավորություն է ունեցել իր համար շատ պատասխանատու և հետաքրքիր մեկ տարի սովորել համալսարանում, չնայած այն բանին, որ գործող լրագրող է։