ՏՏ ոլորտն ավելի քիչ հարկ կվճարի․ ինչու է գործադիրը դարձյալ օգնում ամենահարուստ ոլորտին

ՏՏ ոլորտն ավելի քիչ հարկ կվճարի․ ինչու է գործադիրը դարձյալ օգնում ամենահարուստ ոլորտին

Էկոնոմիկայի նախարարությունը հարկային արտոնությունների հերթական փաթեթն է առաջարկում ՏՏ ոլորտին։ Նշելով, որ դրամի արժևորման հետևանքով ոլորտի ընկերությունների եկամուտները նվազել են շուրջ 20-30 տոկոսով, նախարարությունն առաջարկում է ոլորտի աշխատակիցների եկամտային հարկը գործող 20–ից դարձնել 5%։ Ըստ նախագծի հիմնավորման՝ արտոնությունը հնարավորություն կտա կրճատել ծախսերը ու օգնել ոլորտին հաղթահարելու ճգնաժամը։ Տնտեսագետներն առաջարկվող արտոնությունը միանշանակ չեն գնահատում՝ արձանագրելով, որ պետությունը որոշել է օգնել «ամենահարուստ» ոլորտին։ Ոլորտի ներկայացուցիչները հակադարձում են՝ ՏՏ ոլորտում ներդրումները երկարաժամկետ հեռանկար ունեն։

Կառավարությունը որոշել է ևս մեկ անգամ օգնել Հայաստանի ամենահարուստ ոլորտներից մեկին՝ հաղթահարելու դրամի արժևորումից առաջացած դժվարությունները։ Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է հարկային նոր արտոնություն սահմանել ՏՏ ոլորտի համար։

Եթե գործադիրի առաջարկած օրենսդրական փոփոխությունն ուժի մեջ մտնի, ապա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունները 20% եկամտահարկի փոխարեն պետական բյուջե 5% եկամտահարկ կվճարեն։ Խոսքն այն ընկերությունների մասին է, որոնց համախառն եկամտի 80 տոկոսը կամ ավելին գոյացել է Հայաստանից դուրս գտնվող աղբյուրներից։ Թե որքան կտուժի պետբյուջեն, և արդյոք կրած վնասներն ու ՏՏ ոլորտի ստացած արդյունքը համարժեք կլինեն, նախարարությունը չի մանրամասնում, բայց վստահ է, որ առաջարկվող լուծումը կօգնի հաղթահարել ճգնաժամը։ Տնտեսագետ Արմեն Քթոյանը էկոնոմիկայի նախարարության հիմնավորումները համոզիչ չի համարում։

«Արդյո՞ք մյուս ոլորտները, որոնք դրամի արժևորումից տուժել էին, նման աջակցության կամ արտոնության կարիք չունեն։ Բնականաբար ունեն, քանի որ արտահանումը ինքնին գերակայություն է, և բնականաբար դրամի արժևորումը առաջին հերթին հարվածել է արտահանողներին․ եթե ՏՏ ոլորտն արտահանում է իր ծառայությունները, ապա մյուս ոլորտներն էլ արտահանում են իրենց արտադրանքը։ Այստեղ առաջանում է համաչափ վերաբերմունքի խնդիր և բնականաբար հարց՝ ինչո՞ւ հենց ՏՏ–ն և ոչ մյուսները»,– ասում է Քթոյանը։

ՏՏ ոլորտում ներդրումները երկարաժամկետ հեռանկար ունեն․ հայկական «Podcastle» ընկերության գործառնական ղեկավար Արսեն Համբարձումյանը համաձայն չէ այն պնդմանը, թե արտոնությունները շատ են կամ արդարացված չեն։ Ընդգծում  է՝ հիմնականում դոլարով աշխատող ոլորտի համար վերջին երկու տարիներին կրած վնասները հսկայական են։

«Այն արժեքը, որ կարող է ստեղծել IT ոլորտը 1-2 տարում, չի կարող ստեղծել, օրինակ, արտադրությունը, գյուղատնտեսությունը։ Հետևաբար, երբ այս ոլորտում որոշակի օգնության մեխանիզմեր ես կիրառում, նաև ստացված արդյունքն է հսկայական լինում։ ՏՏ ոլորտը կարող է այնպիսի գյուտ անել, որը միլիարդավոր դոլարների եկամուտ ու ներդրումներ կբերի երկիր, և մենք այդպիսի նախադրյալներ ու օրինակներ ունենք», – կարծում է Արսեն Համբարձումյանը։

Դրամի արժևորմամբ պայմանավորված՝ ՏՏ ընկերությունների ծախսերը 20-30 տոկոսով ավելացել են, կառավարությունն այս կերպ փորձում է փոխհատուցել կրած վնասները։ Բայց  դրամի արժևորումից տուժած այլ ոլորտներ ևս կան, որտեղ աշխատավարձերը 3-4 անգամ ավելի պակաս են՝ ասում  է Արմեն Քթոյանը։  

«Սա նշանակում է, որ կառավարությունն ասում է՝ ծախսերը շատացել են, մենք կփոխհատուցենք դրանք։ Այս մոտեցումը տնտեսագիտորեն արդարացված չէ։ Ի վերջո, Կենտրոնական բանկը հաճախ է շեշտում, որ փոխարժեքը կարող է տատանվել, ինչպես աճել այնպես էլ նվազել, և ընկերությունները պետք է սովորեն իրենց ֆինանսական ռիսկերը կառավարել։ Նույն տրամաբանությամբ, ենթադրենք, ինչ–որ ընկերություն ինչ–որ ապրանք է վաճառում մի երկրում, որտեղ այդ ապրանքի գինը 20 տոկոսով նվազում է, ինքը կարո՞ղ է գալ ու կառավարությանն ասել փոխհատուցիր այդ 20 տոկոսը»։

ՏՏ ոլորտում միջին աշխատավարձը Հայաստանում ամենաբարձրերից է, և եկամտահարկը 15 տոկոսային կետով նվազեցնելը բեռի զգալի թեթևացում է ընկերությունների համար՝  կարծում են տնտեսագետները։ ՏՏ ոլորտի ներկայացուցիչը, մինչդեռ , հակառակ պնդումն է անում՝ այս աջակցությունը բավարար չէ բոլոր խնդիրները լուծելու համար։

«Շատ լավ ու մեղմացուցիչ միջոց է, որ մենք հավելյալ գումարներ կարողանանք խնայել և ծախսենք ավելի նպատակային։ Վերջապես մենք այդ աջակցությունը կստանանք, բայց մեր խնդիրները՝ որպես արտադրանք արտահանող , ներդրումներով աշխատող ընկերություն, ամբողջությամբ չեն լուծվի»։

Հարկային այս արտոնությունը պետության արդեն երրորդ աջակցությունն է ոլորտին։ 2022-ի մարտին Կառավարությունը ՏՏ ոլորտի մի խումբ ընկերությունների  վերադարձրեց նոր ստեղծված աշխատատեղերի համար վճարված եկամտային հարկի 50 տոկոսը: Սրան հաջորդեց օգնության երկրորդ փաթեթը․ այն ընկերությունները, որոնք, դրամի արժևորմամբ պայմանավորված, աշխատակիցներին վճարվող աշխատավարձային ֆոնդը 20 տոկոսից ավելի չէին կրճատել և բավարարում էին մի քանի այլ պահանջների ևս, պետբյուջեից հետ ստացան իրենց վճարած եկամտահարկի 95%–ը։ Կառավարությունն այս ծրագրի համար 2 միլիարդ դրամ էր նախատեսել և հետագայում ևս 6.3 միլիարդ դրամ ավելացրեց։

Եթե տնտեսագետների գնահատմամբ՝ սա խտրական մոտեցում է ՏՏ ոլորտի նկատմամբ, «Podcastle»–ի ներկայացուցչի կարծիքով՝ կառավարության ոչ  թիրախային  ու ուշացած աջակցություն է։

«Մի կողմից՝ շատ լավ է, որ պետությունը կանգնեց ՏՏ ոլորտի կողքին, բայց մյուս կողմից պետք է ասեմ, որ ուշացած էր այս օգնությունը, որի հետևանքով շատ ընկերություններ տուժեցին ու չհասցրին օգտվել այս ծրագրից»,– ասում է Արսեն Համբարձումյանը։

Միայն 2022 թվականին ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին օրենքով հարկային արտոնության հավաստագիր է ստացել 1430 կազմակերպություն և անհատ ձեռնարկատեր, որը նախորդ վեց տարիների համեմատ ավելի է 360-ով։ Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ պարզապես հարկային արտոնություններ սահմանելը խնդրի պարզ և ոչ հեռանկարային լուծում է․ տնտեսագետն իր առաջարկն ունի։

«Գաղտնիք չէ, որ ՏՏ ոլորտը ինքն իրեն է զարգանում, և դա ոչ մի կերպ չի հատվում տնտեսության այն խնդիրների հետ, որոնք մենք այսօր ունենք Հայաստանի Հանրապետությունում։ Սա նշանակում է, որ ոլորտը պետք է ինտեգրվի ազգային տնտեսությանը։ Եվ բոլոր այն ընկերությունները, որոնք կկարողանան ինտեգրվել Հայաստանի տնտեսական առաջընթացին, հենց իրենք կկարողանան օգտվել այդ արտոնություններից։ Չմոռանանք, որ մենք ունենք նաև սոցիալական խնդիրներ, և եթե պետբյուջե մուտքերն ավելի քիչ են լինելու, բայց դրանով հաջողվելու է զարգացնել ոլորտն ու ինտեգրել ազգային տնտեսության մեջ, միայն այդ դեպքում կարող է շրջանառության մեջ, ընդհանուր ծավալների մեջ ավելի շատ եկամուտներ ուենանք», –ասում է Մանասերյանը։

Տարբեր ոլորտներին տրամադրվող արտոնությունների պատճառով պետական բյուջեն 300-400 միլիարդ դրամի վնաս է կրում․ տնտեսագետները ասում են՝ չկան նաև  այն հաշվարկներն ու վերլուծությունները, թե որքանով են փոխհատուցվել այդ վնասները։

Աղբյուրը՝   hy.armradio.am