ԱՌՖԻ ներդրումային ընկերությունը հունիսի 14-23-ը ԱՄՆ Լոս Անջելես և Նյու Յորք քաղաքներում կներկայացնի հարթակի հնարավորությունները

ԱՌՖԻ ներդրումային ընկերությունը հունիսի 14-23-ը ԱՄՆ Լոս Անջելես և Նյու Յորք քաղաքներում կներկայացնի հարթակի հնարավորությունները

Հայաստանում ներդրումային քրաուդֆանդինգի առաջին հարթակը՝ ԱՌՖԻ-ն (ARFI) հունիսի 14-23-ը ԱՄՆ Լոս Անջելես և Նյու Յորք քաղաքներում նախատեսում է մի շարք հանդիպումներ և միջոցառումներ, որոնց նպատակն է ներկայացնել հարթակի հնարավորություններն ու առավելությունները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «ԱՌՖԻ» ներդրումային ընկերության հանրային կապերի ղեկավար Հասմիկ Հարությունյանը շեշտեց, որ ԱՌՖԻ-ն ավելին է, քան պարզապես քրաուդֆանդինգի հարթակ. այն հուսալի միջնորդ է, որը կապում է Հայաստանում գործող ընկերություններին ներդրողների հետ ամբողջ աշխարհում:

«Բիզնեսում գումար ներգրավելու տարբեր գործիքներ կան։ Դրանցից մեկը ներդրումային քրաուդֆանդինգն է, երբ սովորական մարդիկ կարող են մասնավոր ներդրումներ կատարել։ ԱՌՖԻ-ն բացառիկ հնարավորություն է տալիս ամբողջ աշխարհից ներդրումներ կատարել Հայաստանում գործող փոքր ու միջին ձեռնարկություններում, նոր ՏՏ ստարտափ նախագծերում և դառնալ դրանց մի մասը: ԱՌՖԻ ներդրումային քրաուդֆանդինգի հարթակը նոր հնարավորություններ է բացում ձեռներեցների համար Հայաստանում», -  նշեց նա:

Հարությունյանը տեղեկացրեց, որ հունիսի 19-22-ը հարթակը մասնակցելու է Նյու Յորքում կայանալիք Օրիոն 3-րդ ներդրումային գագաթնաժողովին:

«Գագաթնաժողովին մասնակցելու են վենչուրային ընկերությունների, խոշոր կորպորացիաների, ֆինանսական կառույցների, համալսարանների, ընտանեկան գրասենյակների  ներկայացուցիչներ, ներդրողներ և դա լավ հնարավորություն է ոչ միայն սփյուռքահայության, այլ նաև միջազգային ներդրողների ուշադրությունը հայկական ընկերությունների վրա հրավիրելու համար», - նշեց Հասմիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ հունիսի 23-ին Լոս Անջելեսի Իրանահայ միությունում տեղի կունենա ամերիկահայ համայնքի հետ հանդիպում, որի շրջանակում ԱՌՖԻ գործադիր տնօրեն Էդգար Էվոյանն ու ԱՌՖԻ խորհրդի նախագահ Սերգեյ Գրիգորյանը կպատմեն Հայաստանում ներդրումային քրաուդֆանդինգի առաջին հարթակի մասին: Լոս Անջելեսում նախատեսվում են նաև հանդիպումներ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամներ Արդի Քասախյանի և Էլեն Ասատրյանի, ինչպես նաև Հայ-ամերիկյան բիզնես խորհրդի նախագահ, Հայկական առևտրային ցանցի գործադիր խորհրդի անդամ Ալեք Բաղդասարյանի հետ: 

Հայաստանում ներդրումային քրաուդֆանդինգի առաջին հարթակի նպատակն ու առաքելությունն է նպաստել Հայաստանի տնտեսության աճին և զարգացմանը՝ հզորացնելով ստարտափներին և փոքր ու միջին ձեռնարկություններին (ՓՄՁ)՝ ապահովել ֆինանսավորում շահութաբեր նախագծերի համար։ ԱՌՖԻ հարթակի գործունեությունը մեկնարկելու է օգոստոսի վերջին: Մինչ այս պահը ընկերությունն ընդունել է ավելի քան 260 հայտ ՏՏ ստարտափերից և այլ բիզնես նախագծերից: