Պարենամթերքի գների վերահսկման նպատակով աշխատանքային խորհրդակցություն․ Արցախ

Պարենամթերքի գների վերահսկման նպատակով աշխատանքային խորհրդակցություն․ Արցախ

Հունիսի 14-ին Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որտեղ քննարկվել են առկա մարտահրավերներին վերաբերող հարցեր:

«Վերջին օրերին հումանիտար բեռնափոխադրումների միջոցով Արցախ է տեղափոխվել որոշակի քանակությամբ պարենամթերք, միրգ ու բանջարեղեն, որոնց մանրածախ գների վերահսկման նպատակով  տրվել էին հանձնարարություններ։

Բայց կատարված աշխատանքները անբավարար եմ համարում։ Այս առնչությամբ շատ հարցեր են առաջանում:  Ներկայացվում են պետական տեսչությունների կոմիտեի կողմից պարբերաբար իրականացվող շրջայցերի  մասին զեկույցներ, արձանագրվում են խախտումներ, սակայն տպավորություն է, որ տնտեսվարող սուբյեկտների մոտ օրենքի ու օրինականության նկատմամբ վախ բացարձակ չկա. սա մտահոգիչ հարցերից մեկն է։  Տեսուչների կողմից խախտումներն արձանագրելուց ընդամենը րոպեներ հետո տնտեսվարող սուբյեկտը նորից  ապրանքը վաճառում է բարձր գնով` համոզված լինելով, որ  չկա անհրաժեշտ հետևողականություն։ Խնդրի լուծման նպատակով արմատական քայլեր չեմ տեսնում», - «Արցախպրես»-ի հաղորդմամբ` ասել է Գ. Ներսիսյանը՝ պահանջելով լինել անհանդուրժող, խիստ ու վճռական։

Պետական նախարարը, դիմելով հանրությանը, նշել է, որ պետությունը 24-ժամյա աշխատանք են կատարում և հումանիտար բեռնափոխադրումների միջոցով փորձում  Արցախ հասցնել բնակչության նվազագույն կարիքները բավարարող  սննդամթերքը: 

«Մատչելի գներով վաճառակետերին մատակարարվող ապրանքատեսականին բնակչությանը կրկնակի կամ եռակի գներով վաճառելն  անհանդուրժելի ու անթույլատրելի է:  Այս իրավիճակից կարող ենք դուրս գալ միայն միասնական ուժերով», - հավելել է Գ. Ներսիսյանը։

Պետական նախարարը հանձնարարականներ է տվել Պետական տեսչությունների և Պետական եկամուտների կոմիտեների աշխատակիցներին՝ պատշաճ շրջայցեր սկսել Ստեփանակերտում, այնուհետև՝  նաև շրջաններում։