ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը ժամանել է Զապորոժիեի ատոմակայան

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը ժամանել է Զապորոժիեի ատոմակայան

 Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին այսօր ժամանել է Ուկրաինայում պատերազմի ընթացքում ՌԴ-ի վերահսկողության տակ անցած Զապորոժիեի ԱԷԿ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդում է ТАСС-ի թղթակիցը։

Հունիսի 13-ին ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարն այցելել էր Կիև։ Այնտեղ նա հայտնել էր, որ կմեկնի Զապորոժիեի ատոմակայան, որտեղ մի քանի ժամ կանցկացնի և ինքնուրույն կգնահատի կայանի իրավիճակը Կախովկայի ամբարտակի փլուզումից հետո:

Ուկրաինայում պատերազմի ընթացքում մասամբ ՌԴ-ի վերահսկողության տակ անցած Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակը փլուզվել է հունիսի 6-ի գիշերը, որի հետևանքով տասնյակ բնակավայրեր հեղեղվել են: Կախովկայի ջրամբարը ջուր էր ապահովում նաև Զապորոժիեի ատոմակայանի հովացման ավազանի համար:

Կողմերը ՀԷԿ-ի գնդակոծման մեջ մեղադրում են մեկը մյուսին: Հազարավոր մարդիկ տարհանվել են թե՛ ռուսական, թե՛ ուկրաինական վերահսկողության տակ գտնվող շրջաններից. կա շուրջ 2 տասնյակ զոհ: