Գեղհովիտում վերսկսվել են ջրամատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքները

Գեղհովիտում վերսկսվել են ջրամատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքները

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ գյուղում 2023 թվականի մայիս ամսից վերսկսվել և ընթանում են  խմելու ջրի մատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքները, որոնք եղանակային պայմանների և որոշակի խնդիրների պատճառով ընդհատվել էին 2022 թվականի դեկտեմբեր ամսից։

Գեղհովիտում ծրագրի մեկնարկը տրվել է 2021 թվականի հուլիսից։ Այն ֆինասավորվում է ՀՀ կառավարության, Գերմանական KFW բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և Եվրամիության կողմից։ Ծրագրով նախատեսվում է 32 կիլոմետր խմելու ջրատարի բաշխիչ ցանցի կառուցում, օրվա կարգավորիչ 4 ջրամբարների վերակառուցում, Գեղհովիտ և Լեռնահովիտ համայնքների 1118 տնտեսություններում տնային միացումների անցկացում՝ 7,9 կիլոմետր ընդհանուր երկարությամբ։

2021-2022 թվականներին շինարարական աշխատանքներն իրականացվել է «Եղվարդշին» ընկերության կողմից, իսկ 2023 թվականի մայիսից այն իրականացնում են կապալառու «Բիլդինգ Էվոլյուշն» կազմակերպության շինարարները։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 1 միլիոն եվրո։

«2023 թվականի հունիսի 16-ի դրությամբ արդեն իրականացվել է շինարարության ընդհանուր ծավալի մոտ 35 տոկոսը կամ կառուցվել է շուրջ 11 կիլոմետր երկարության խմելու ջրատարի ներքին ու արտաքին ցանց։ Որոշակի աշխատանքներ են տարվել նաև օրվա կարգավորիչ ջրամբարների վերակառուցման ուղղությամբ։ Շինարարության ավարտի ժամկետ է սահմանված մինչև 2024 թվականի մայիս ամիսը»,-ներկայացրեց ծրագրի ղեկավարը։

 «Գեղհովիտ համայնքի խմելու ջրատարի ներքին ու արտաքին ցանցերը, որոնք կառուցված են տասնամյակների վաղեմությամբ՝ երկաթյա խողովակներով, քայքայվել ու կորցրել են շահագործման պիտանիությունը։ Բավական է ասել, որ համակարգում ջրի կորուստները կազմում են մոտ 80 տոկոս, բացի այդ՝ մատակարարվող ջուրը չի համապատասխանում սանիտարական նորմերին։

Ամբողջությամբ երկաթյա խողովակաշարը՝ շուրջ 40 կիլոմետր երկարությամբ, փոխարինվում է տարբեր տրամաչափի մետաղապլաստե խողովակներով։ Բավական է ասել, որ մեկուկես ամսվա ընթացքում արդեն հասցրել ենք կառուցել ավելի քան 6 կիլոմետր ջրագիծ։ Աշխատանքներն այժմ ընթանում են առանց խոչընդոտների, անելու ենք հնարավորը, որպեսզի աշխատանքներն ավարտենք սահմանված ժամկետներում կամ ավելի վաղ»,-ներկայացրեց  «Բիլդինգ Էվոլյուշն» կազմակերպության տնօրեն Վարդան Միրանյանը։

Ծրագրի իրականացման արդյունքում Գեղհովիտ համայնքից շինարարական տարբեր աշխատանքներում ընդգրկվել են մոտ 10 հոգի:

Աղբյուրը՝   armenpress.am