«Փորձելու ենք ապահովել ներդրողների անվտանգությունը». Քերոբյանը` Երասխի գործարանի մասին

«Փորձելու ենք ապահովել ներդրողների անվտանգությունը». Քերոբյանը` Երասխի գործարանի մասին
Սահմանամերձ համայնքներում ներդրումները խթանելու համար երկարաժամկետ կայուն խաղաղություն է պետք, որի ուղղությամբ ՀՀ իշխանություններն աշխատում են։ armeniasputnik.am հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` անդրադառնալով Երասխում կառուցվող գործարանի կառուցմանը։
Ադրբեջանի զինուժն այսօր կրկին կրակել է Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ։
«Կարծում եմ` երկարաժամկետ կայուն խաղաղությունն անհրաժեշտ է, որպեսզի մենք կարողանանք բարենպաստ ներդրումային միջավայր ապահովել ոչ միայն մեր սահմաններին, այլև ամբողջ Հայաստանում»,– ավելացրեց Քերոբյանը։
Թե ի՞նչ փուլում է գործարանի կառուցումը և ե՞րբ է նախատեսվում այն գործարկել, նախարարը խորհուրդ տվեց ճշտել ներդրողներից։
«Մենք փորձելու ենք ապահովել նրանց անվտանգությունը, սակայն ծրագրերն ու աշխատանքները նրանց իրավասության ներքո են»,– ասաց Քերոբյանը` ավելացնելով, որ էկոնոմիկայի նախարարությունն իր ծրագրերի միջոցով փորձում է օգնել ներդրումայի ծրագրի իրականացմանը։
GTB հոլդինգի տնօրեն Տիրան Հակոբյանն ավելի վաղ ասել էր, որ գործարանի շինարարական աշխատանքները նախատեսում են ավարտել դեկտեմբերին, իսկ տեխնոլոգիական աշխատանքները` հաջորդ տարի։
Թե որքանով հնարավոր կլինի նշված ժամկետներում ներդրումային ծրագրերը կյանքի կոչել, էկոնոմիկայի նախարարը դժվարացավ ասել և կրկին խորհուրդ տվեց շփվել ներդրողների հետ։ «Իրենք ավելի ճիշտ կուղղորդեն»,– ընդգծեց Քերոբյանը։
Հիշեցնենք` ադրբեջանական ստորաբաժանումները հունիսի 13-ից պարբերաբար կրակում են Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հունիսի 14-ին ՊՆ–ն հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերը ժամը 11:45-ի սահմաններում կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է Հնդկաստանի 2 քաղաքացի։