Փոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում

Փոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում

Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրում:

Ծրագրի շրջանակում հունիսի 1-ի դրությամբ հավաստագիր է ստացել 3,608 շահառու, որից շուրջ 750 հավաստագրի հիման վրա հիփոթեքային վարկավորման գործընթացն ավարտվել կամ գտնվում է ավարտական փուլում։ Հավաստագիր ստացած և այն կիրառած շահառուների այս տարբերությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, այդ թվում՝ ծրագրով սահմանված կանխավճար վճարելու անհնարինությունը, ինչպես նաև աջակցության գումարի սակավությունը։

Փոփոխությունների արդյունքում կբարելավվի ծրագրի պայմանները, ինչպես նաև Վարչապետի հանձնարարականի համաձայն՝ կսահմանվեն արտոնություններ և կխրախուսվեն այն ընտանիքները, ովքեր հավաստագրի միջոցով անշարժ գույք ձեռք կբերեն կամ անհատական բնակելի տուն կկառուցեն այն գյուղական ոչ սահմանամերձ բնակավայրերում (թվով 48), որտեղ պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակում արդեն իսկ կառուցված են և/կամ ներկայումս հիմնանորոգվում կամ կառուցվում են դպրոցներ, մանկապարտեզներ։

Կառավարությունն ընդունել է որոշում՝ «Ադրբեջանի կողմից 2016 և 2020 թթ. սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած գործազուրկ անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում և զբաղվածության ապահովում» ծրագիրը 2023 թ-ին ևս իրականացնելու նպատակով։ Ըստ հիմնավորման՝ 2022 թ. պետբյուջեից ծրագրի իրականացման համար փաստացի ծախսվել է 59,373.33 հազ. դրամ: Հաշվի առնելով ծրագրի նկատմամբ առկա մեծ պահանջարկը՝ որոշվել է, որ 2023 թ. ծրագիրը ևս իրականացվի 500 շահառուի մասով, որի համար կպահանջվի շուրջ 199,737.5 հազ. դրամ գումար։ Մասնավորապես, նախատեսվում է մասնագիտական ուսուցման դասընթացներում ընդգրկել 153 անձի, 67 անձի համար կազմակերպել աշխատանքային փորձի ձեռքբերում, 280 անձի աշխատանքի ընդունելու պարագայում՝ գործատուին տրամադրել միանվագ աջակցություն։

Ադրբեջանի կողմից 2022 թ. սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած, ինչպես նաև 2020 թ.-ից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված անձանց զբաղվածության ապահովման անհրաժեշտությունից ելնելով՝ գործադիրն ընդունել է որոշում։ Ըստ այդմ՝ նախատեսվում է ստեղծել լրացուցիչ հնարավորություններ նշված անձանց մուտքն աշխատաշուկա դյուրացնելու համար, մասնավորապես՝ ձեռք բերելու գործատուի կողմից ներկայացված պահանջներին համապատասխան մասնագիտական հմտություններ և կարողություններ՝ գործատուի մոտ առկա թափուր աշխատատեղը համալրելու նպատակով։