Կարկուտի պատճառած վնասներն ուսումնասիրում է աշխատանքային խումբը. Սյունիքի մարզպետ

Կարկուտի պատճառած վնասներն ուսումնասիրում է աշխատանքային խումբը. Սյունիքի մարզպետ

Սյունիքի մարզպետարանի և Սիսիանի համայնքապետարանի հետ համատեղ աշխատանքային խումբ է ստեղծվել, որն ուսումնասիրում է կարկուտի պատճառած վնասները։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Ավելի վաղ Sputnik Արմենիան հայտնել էր, որ հունիսի 15-ին շուրջ 40 րոպե կարկուտ և հորդառատ անձրևներ են տեղացել Սյունիքի մարզի Շամբ, Դարբաս, Լոր, Շենաթաղ, Որոտնավան և Գետաթաղ գյուղերում։

«Ինչպես Հայաստանի բոլոր մարզերը, այնպես էլ Սյունիքն ապահովագրված չէ ո՛չ կարկուտից, ո՛չ երաշտից։ Վստահ եմ` մենք էլի կբախվենք այդ խնդրին։ Այս անգամ Սիսիանում շատ ինտենսիվ էր կարկտահարությունը», – ասաց մարզպետը` նշելով, որ որոշ տեղերում կարկտահարությունն աննախադեպ է եղել։

Ղուկասյանի խոսքով` հակակարտային կայանների արդյունավետությունը շատ ցածր է, դրա համար դրանք չեն կիրառվում Հայաստանում։

«Հայաստանում 2 տարի առաջ մեծ քննարկում եղավ կարկուտից պաշտպանվելու միջոցների դեմ և նշվեց, որ լավագույն պաշտպանությունը հակակարկտային ցանցերն են։ Հակակարկտային կայանների արդյունավետությունը շատ ցածր է և ոչ էֆեկտիվ, հակառակ պարագայում մենք ամբողջ երկրի տարածքում կունենայինք դրանցից», – ասաց մարզպետը։

Նրա խոսքով` Հայաստանում շատ կարևոր գործընթաց է սկսվել, իհարկե ոչ բոլոր տեղերում, բայց մարդիկ սկսել են գյուղմթերքի ապահովագրման գործընթացը։

«Կարծում եմ` էկոնոմիկայի նախարարության մեր գործընկերներն այս հարցին լուծում կտան։ Իհարկե, դրա համար ժամանակ է պետք։ Լուծումը մեկն է` զարգանալ որպես երկիր և զարգացնել տնտեսությունը», – ասաց Ղուկասյանը։

Հիշեցնենք, որ վերջին օրերին ուժեղ կարկուտ և հեղեղային անձրևներ են գրանցել նաև Լոռիում և Գեղարքունիքում։