ԱՆԻՖ-ը խրախուսելու է այն ծրագրերը, որոնք կխթանեն հայկական արտադրության ապրանքների արտահանումը

ԱՆԻՖ-ը խրախուսելու է այն ծրագրերը, որոնք կխթանեն հայկական արտադրության ապրանքների արտահանումը

2021 թվականին կնքելով առաջին գործարքը՝ ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդը  կարճ ժամանակահատվածում գրանցել է լուրջ հաջողություններ․ ֆոնդը եկամտաբերության առումով տպավորիչ ցուցանիշ է գրանցել, իսկ ԱՆԻՖ-ը խոստանում է առաջիկա տարիներին զարգացնել գրանցված հաջողությունները։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանն ընդգծեց, որ  իրականացվել է «Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդի 2021-2022 թվականների զուտ ակտիվների արժեքի հաշվարկ, որի արդյունքներով ֆոնդը գրանցել է կատարողական բարձր ցուցանիշներ, որոնք էապես գերազանցում են հանրային միջոցների կառավարմամբ իրականացված ծրագրերի գրանցած արդյունքներին։ Հետազոտությունն անցկացվել է անկախ գնահատողի կողմից։

«Ֆոնդի ֆինանսական աճը կազմում է +12.8 տոկոս, իսկ դրամի արժևորման գործոնի անտեսման դեպքում աճը կկազմեր +19.6 տոկոս։ Այստեղ շատ կարևոր նրբերանգ կա, որ մեր ներդրումների հիմնական մասը, բացառությամբ մեկից, իրականացվում է հայկական դրամով: Ինդուստրիայում կա մաքուր եկամուտից զատ օպերացիոն եկամուտը չափելու պրակտիկա, և ստացվում է, որ մենք մեր աշխատանքով գեներացրել ենք +19.6 տոկոս եկամուտ, բայց, հաշվի առնելով արտաքին գործոնը, այսինքն՝ դրամի արժևորումը դոլարի հանդեպ, այս պահին +19.6 տոկոսից իջել ենք +12.8 տոկոսի»,- նշեց նա:

Թե ինչո՞վ է պայմանավորված նման ցուցանիշը և ի՞նչ է տալու հետագա ծրագրերի իրականցման առումով, Փափազյանը նշեց, որ գրանցված բարձր ցուցանիշը նշանակում է, որ ֆոնդի պորտֆելում առկա ընկերությունների ղեկավարությունները իրենց  արդարացրել են կամ նույնիսկ գերազանցել են սպասելիքները:

«Կառավարության ակնկալիքը ներդրումային ֆոնդի եկամտաբերությունից 8 տոկոս է։ Այսինքն՝ կառավարությունն ակնկալում է, որ եկամտաբերությունը նշված թվից պակաս չպետք է լինի, և դրանով կարելի է չափել, թե մեզնից պահանջվող կատարողականը ի՞նչ մասշտաբով է գերազանցվել: Շատ կարևոր համեմատական է, թե այլ հանրային միջոցներ կառավարող ֆոնդերի եկամտաբերությունը որքան է։  Իհարկե, համեմատական գրաֆիկը մենք ներկայացրել ենք. այստեղ  կարևոր է նշել, որ մարտավարությունների տարբերություն կա, տարբեր ֆոնդեր օգտագործում են տարբեր մոտեցումներ, ստանձնում են  տարբեր տեսակի ռիսկեր, իսկ այն մոտեցումը, որը մենք ենք ստանձնել անցնող տարվա ընթացքում,  բերել է էական դրական արդյունքի»,- ասաց Դավիթ Փափազյանը:

Նա նշեց, որ կառավարությանն է պատվիրակված որոշել, թե կապիտալը ինչպես տեղաբաշխել․ այն կարելի է տեղաբաշխել և՛ ԱՆԻՖ-ի ֆոնդում, և՛ երկրորդ, երրորդ ցանկացած այլ նմանատիպ գործունեություն ծավալող ընկերություններում: Իսկ ԱՆԻՖ-ը, օբյեկտիվ և ողջամիտ գնահատելով ֆոնդի գործունեությունը, ձգտելու է նմանատիպ արդյունքը կրկնել այս և  հաջորդող տարիների ընթացքում:

«Ես կխուսափեմ գնահատական տալ մեր աշխատանքին, բայց փաստ է, որ նպատակ է դրվել այս տարվա և հաջորդ տարիների ընթացքում հաջողությունները կրկնել»,-ասաց ԱՆԻՖ-ի տնօրենը:

Խոսելով  «Ձեռնարկատեր + պետություն» ֆոնդի հաջողված ծրագրերից՝ Փափազյանը նշեց, որ ծրագրերը այս պահին տարբեր փուլերում են. կան ծրագրեր, որոնք  սպասելիքներից էապես ավելի լավ և արագ են զարգացել, կան  ծրագրեր, որոնք  հեռու չեն սպասելիքներից և կան այնպիսիք, որոնք մի փոքր հետ են: Նա նշեց նաև, որ բացի գործող ծրագրերից, որոնց գնահատականն արդեն տրվել է, կան նաև նոր սկսվող  ծրագրեր:

«Արդեն հայտարարել ենք երկու նոր ծրագրերի մասին գյուղատնտեսության ոլորտում, մոտ ապագայում  պլանավորում ենք ծրագիր հայտարարել բժշկության ոլորտում, ֆինանսական կառավարման ոլորտում ևս, հնարավոր է, ծրագիր հայտարարենք»,- ասաց նա:

Դավիթ Փափազյանը նշեց՝ առաջիկայում խրախուսելու են այն ծրագրերը, որոնք կխթանեն հայկական արտադրության ապրանքներն արտաքին շուկաներում իրացնելու գործընթացը։

«Մեր երկիրը արտահանման մեծ  շուկաներ ունի, ինչպիսիք են Ռուսաստանը, Միացյալ Արաբական Էմիրությունները և այլն, բայց շատ երկրներ կան, որտեղ հայկական արտադրությունը կամ չկա, կամ գրեթե չկա: Աշխատելու ենք այն ուղղությամբ, որ գնալով պակասի այն երկրների թիվը, որտեղ հայկական արտադրության ապրանքներ չկան»,- եզրափակեց Դավիթ Փափազյանը:

Ֆոնդն առաջարկում է բաժնեմասային ֆինանսավորում տեղական բիզնես նախագծերին։ Ընդհանուր առմամբ գնահատվել է ֆոնդի ողջ պորտֆելը։ Պորտֆելային ընկերությունների մեջ են մտնում այնպիսի հաջողված բիզնես ծրագրեր, ինչպիսիք են Հարդ Ռոք Կաֆե Երևանը, Հայր և որդի Երեմյանների հետ համատեղ՝ «Սերմից՝ ֆերմա» և մի շարք այլ ներդրումային ծրագրեր, որոնց մասին մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է ԱՆԻՖ-ի կայքում։ 

Աղբյուրը՝   armenpress.am