Փամբակ համայնքում շաքարախտ ունեցող երեխաների համար ճամբար է բացվել

Փամբակ համայնքում շաքարախտ ունեցող երեխաների համար ճամբար է բացվել
Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության գլխավոր մասնագետ Լուսինե Վարդանյանը մասնակցել է շաքարախտ ունեցող երեխաների համար Փամբակ բնակավայրի դրախտային բնության գրկում տեղակայված ճամբարի բացման արարողությանը: Ճամբարը բացվել է «Շաքե» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ և ջանքերով։
Միջոցառմանը ներկա էին նաև Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, «ՇԱՔԵ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր տնօրեն բժիշկ Սահակ Դաշյանը, մարզպետարանի պաշտոնյաներ և հյուրեր։
Լրագրողների հետ հարցազրույցում Լուսինե Վարդանյանը շեշտեց, որ ճամբարը միակն է տարածաշրջանում՝ նախատեսված շաքարախտով հիվանդ երեխաների համար և այն կնպաստի, որպեսզի երեխաները գիտակցված և ինքնուրույն հաղթահարեն հիվանդությունը։
«Շաքե» բարեգործական հիմնադրամի տնօրեն Սահակ Դաշյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց աջակից կառույցներին, մասնավորապես շեշտելով մարզպետարանի և Փամբակի համայքնապետարանի դերը ճամբարի կազմակերպման գործում։ Նա նշեց, որ առանց պատկան կառույցների, բարերաների և գործընկեր կազմակերպությունների համագործակցության՝ հնարավոր չէր լինի ճամբարի գաղափարն իրականություն դարձնել։
Թեմակալ առաջնորդն օրհնության կարգ կատարեց և մաղթեց, որ շաքարախտը խոչընդոտ չհանդիսանա երեխաների համար՝ գտնելու իրենց կյանքի ներդաշնակ ուղին։
Ճամբարը կհյուրընկալի 7-15 տարեկան շաքարային դիաբետ ունեցող երեխաներին, որտեղ ճամբարականները լինելու են մանկաբույժի, մանկական էնդոկրինոլոգի և հոգեբանի հսկողության ներքո։ Այն գործելու է ամռան երեք ամիսների ընթացքում՝ 14 օրը մեկ՝ հյուրընկալելով 25-30 երեխայի։
Այստեղ երեխաները սովորելու են ներդաշնակ ապրել շաքարախտ հիվանդության հետ, սովորելու են շաքարախտով ապրելու բոլոր նրբությունները, որպեսզի կարողական ինքնուրույնություն լինել: