ԱՌՖԻ ներդրումային ընկերությունը և Հայ-ամերիկյան բիզնես խորհրդը քննարկել են համատեղ համագործակցության հեռանկարները

ԱՌՖԻ ներդրումային ընկերությունը և Հայ-ամերիկյան բիզնես խորհրդը քննարկել են համատեղ համագործակցության հեռանկարները

Հայաստանում ներդրումային քրաուդֆանդինգի առաջին հարթակի օպերատոր ԱՌՖԻ (Armenia Financed) ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Էդգար Էվոյանն ու խորհրդի անդամ Արթուր Դիլանյանը Լոս Անջելեսում հանդիպել են Հայ-ամերիկյան բիզնես խորհրդի նախագահ, Հայկական առևտրային ցանցի գործադիր խորհրդի անդամ Ալեք Բաղդասարյանի հետ:

Հանդիպման ընթացքում Էդգար Էվոյանը ներկայացրել է հարթակի հնարավորություններն ու առավելությունները՝ շեշտելով, որ ԱՌՖԻ-ն ներդրումներ ներգրավելու նոր գործիք է, որն օգնելու է ՏՏ ստարտափերին, փոքր ու միջին ձեռնարկություններին բիզնեսում հաջողության հասնելու համար:

«ԱՌՖԻ-ի գաղափարը շատ լավն է և ունի ներուժ ներդրումային ոլորտում մեծ հաջողություններ գրանցելու համար: Աշխարհի տասը միլիոն հայությունը պետք է իմանան, որ կա նման հնարավորություն հայկական ընկերություններում ներդրումներ ներգրավելու ու եկամուտ ստանալու համար»,-հանդիպմանը նշել է Ալեք Բաղդասարյանը՝ հավելելով, որ առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել կրթական բաղադրիչին ու հայության համար կազմակերպել ներդրումային քարուդֆանդինգի վերաբերյալ անվճար դասախոսություններ:

ԱՌՖԻ ներդրումային ընկերության ներկայացուցիչները հանդիպել են նաև Հայ-ամերիկյան բիզնես խորհրդի շուրջ երկու տասնյակ ներկայացուցիչների հետ: Հանդիպման մասնակիցներին առավելապես հետաքրքրել են ներդրումներ կատարելու տարբերակներն ու հարթակում ներկայացվելիք բիզնես նախագծերի ոլորտները: Էդգար Էվոյանը նշել է, որ բացառությամբ շահումով խաղեր և ծխախոտ արտադրող ընկերությունների, մնացած բոլոր ոլորտների բիզնես նախագծերը կարող են դիմել հարթակին և հայտ ներկայացնել ներդրումային քրաուդֆանդինգի մասնակցելու համար:

Հայաստանում ներդրումային քրաուդֆանդինգի առաջին հարթակի նպատակն ու առաքելությունն է նպաստել Հայաստանի տնտեսության աճին և զարգացմանը՝ հզորացնելով ստարտափներին և փոքր ու միջին ձեռնարկություններին (ՓՄՁ)՝ ապահովել ֆինանսավորում շահութաբեր նախագծերի համար։ ԱՌՖԻ հարթակի գործունեությունը մեկնարկելու է օգոստոսի վերջին: Մինչ այս պահը ԱՌՖԻ-ին են դիմել ավելի 260 ընկերություններ, որոնցից տասը ընկերություն հաստատվել են ներդրումային կոմիտեի կողմից ու շուտով  կներկայացվեն հարթակում:

Աղբյուրը՝   armenpress.am