Նյու Յորքում մեկնարկել է Orion Summit 2023 գագաթնաժողովը

Նյու Յորքում մեկնարկել է Orion Summit 2023 գագաթնաժողովը

 Orion Worldwide Innovations-ի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության համագործակցությամբ Նյու Յորքում մեկնարկել է Orion Summit 2023 4-օրյա ներդրումային գագաթնաժողովը:

Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի հաղորդագրության՝ Գագաթնաժողովի բացումը կատարել է Orion Worldwide Innovations-ի հիմնադիր Էմմա Առաքելյանը, բացման ելույթով հանդես է եկել ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Bank of America-ի Գլոբալ կորպորատիվ ռազմավարության, ռազմավարական ներդրումների տնօրեն Ռենե Նալբանդյանն հանդիպում է անցկացրել ռազմավարական կորպորատիվ ներդրումների թեմայով:

Միջոցառման առաջին օրը մասնակիցներն այցելել են Jacobs Technion-Cornell Institute at Cornell Tech համալսարան, քննարկումներ ունեցել  նորարարությունների և ներդրումների մասին:

Ռուզվելտ կղզու առաջատար այս համալսարանում շրջայցը գլխավորել է Runway and Spinouts ծրագրի տնօրեն Ֆերնանդո Գոմես-Բաքուերոն: Նրա հետազոտությունները կենտրոնացած են էներգիայի պահպանման կիրառման համար առաջադեմ նանոնյութերի, նանոտեխնոլոգիաների տնտեսական ազդեցության և տեխնոլոգիական ձեռներեցության վրա: Jacobs-ը հիմնադրվել է Technion-Israel տեխնոլոգիական ինստիտուտի և ամերիկյան Cornell University-ի կողմից, որը  20-րդն է համալսարանների համաշխարհային վարկանիշում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Մենք շատ բարձր ենք գնահատում կառավարության ջանքերը՝ ամրապնդելու Հայաստանի դիրքը որպես ներդրումային բարենպաստ ու հեռանկարային երկիր, ինչպես նաև խրախուսելու ներդրումները ստարտափներում և նորարարության մեջ: Մեր հերթին, մշտապես առաջարկներ ենք ներկայացնում կառավարությանը և մասնավոր հատվածին՝ հայաստանյան ներդրումային դաշտն առաջադեմ կարգավորումներին համահունչ զարգացնելու նպատակով», - նշել է Orion Worldwide Innovations-ի հիմնադիր, Covenant Venture Capital-ի վենչուրային գործընկեր Էմմա Առաքելյանը:

«Կառավարության և առաջատար ընկերությունների մասնակցությունը գագաթնաժողովին՝ էականորեն կմեծացնի վենչուրային ընկերությունների հետաքրքրությունը Հայաստանի ու հայկական ստարտափների նկատմամբ, կամրապնդի մեր դիրքը միջազգային ներդրումային ընկերությունների, վենչուրային ֆոնդերի ու հրեշտակ ներդրողների հետ աշխատանքում»,- նշել է Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր Դիանա Արզումանյանը: 

«Այս խոշոր միջոցառման անցկացումը կարևոր է նաև տարբեր խնդիրների շուրջ կարծիքներ փոխանակելու և գլոբալ խնդիրները համատեղ քննարկելու տեսանկյունից։ Կարծում եմ անհրաժեշտ է մեծ ջանքներ և ժամանակ ներդնել, որպեսզի կարողանանք աշխարհի ֆինանսական մայրաքաղաքից ներդրումների ավելի մեծ հոսք ներգրավել դեպի Հայաստան», - նշել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Orion»-ի մասին․ «Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։ «Օրիոնը» հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ։