Ախպրաձորում մեկնարկում է ոռոգման ջրատարի արտաքին ցանցի կառուցումը

Ախպրաձորում մեկնարկում է ոռոգման ջրատարի արտաքին ցանցի կառուցումը

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ախպրաձոր գյուղում, ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, մեկնարկում է ոռոգման ջրատարի արտաքին ցանցի կառուցումը։

Ըստ Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի տեղեկատվության՝ Ախպրաձորի ոռոգման ջրատարի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 29 միլիոն 900 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է երկաթյա խողովակաշարի կառուցում՝ 450 գծամետր երկարությամբ։ Ծրագրի իրականացման արդյունքում կապահովվի Ախպրաձորի բոլոր տնտեսությունների տնամերձ հողամասերի ոռոգման ջրի մատակարարումը։

«Ախպրաձորի ոռոգման ջրատարի արտաքին ցանցը հիմնականում քայքայված էր, ջրամատակարարման խնդիրը չափազանց բարդացել էր։ Այժմ նախատեսված է ջուրը տեղ հասցնել երկաթյա բոլորովին նոր ու փակ խողովակաշարով, որի արդյունքում գյուղի բոլոր տնամերձերը, շուրջ 15 հեկտար, ոռոգման ջուրը կստանան ժամանակին եւ անկորուստ։ Ամենայն հավանականությամբ, շինարարի խոստման համաձայն, ոռոգման նոր ջրատարը շահագործման կհանձնվի այս ամռան ընթացքում», - ներկայացրեց Ախպրաձոր գյուղի վարչական ղեկավար Լավրենդիկ Ղազարյանը։

Աղբյուրը՝   armenpress.am