Բյուջեում փող կա, բայց լրացուցիչ գումար էլ է անհրաժեշտ

Բյուջեում փող կա, բայց լրացուցիչ գումար էլ է անհրաժեշտ

Տող առ տող բացվածքը չկա, բայց տրամաբանությամբ՝ բյուջետային վարկերն ուղղվում են կապիտալ ծախսերի կատարամանը՝ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ֆինանսների փոխնախարարը։ Էդվարդ Հակոբյանը օրենսդիրին էր դիմել հերթական վարկային բեռն ավելացնելու առաջարկով։ Այս անգամ գումարները ոչ թե կոնկրետ ծրագրերին կուղղվեն, այլ կծախսվեն ըստ անհրաժեշտության։

Հայաստանի արտաքին պարտքը կավելանա շուրջ 93 մլն եվրոյով։ Գործադիրը նոր բյուջետային աջակցության վարկ կներգրավի 19 տարով, 15–ը՝ արտոնյալ ժամկետով։ Այսպիսով, երկրի արտաքին պարտքը վաղուց արդեն հատել է 10 մլրդ դոլարի շեմը։ Այս դեպքում գումարը կծախսվի ոչ թե կոնկրետ ծրագրերի իրականացման համար, այլ ըստ անհրաժեշտության, պետական բյուջեով նախատեսված տարբեր ծախսերի իրականացման համար՝ հստակեցնում է ֆինանսների փոխնախարար Էդվարդ Հակոբյանը

«Հակառակ դրան, կան ծրագրային վարկեր, օրինակ՝ Հյուսիս–հարավի վարկը։ Սրանք այդպիսին չեն, այլ ռեսուրսներ են, որոնք օգտագործվում են բյուջեով նախատեսված տարբեր ուղղություններով ծախսեր անելու համար։ Որպեսզի դրանք ստանանք, հիմքում դրվում են նախապայմաններ՝ տարբեր ռեֆորմների տեսքով»։

Ռեֆորմներն ու միջոցառումները տարբեր են՝ կոռուպցիայի դեմ պայքարից մինչև օրենսդրական տարբեր փոփոխություններ։ Հանձնաժողովի անդամ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը հստակեցնում է․

«Սա բյուջետային աջակցության վարկ է, այսինքն, բյուջեում փող չկա, վարկ եք վերցնում։ Այլապես կկցեիք կոնկրետ ծրագրին։ Հիմա ուզում եմ, որ դուք բյուջեն ներկայացնեք՝ կոնկրետ 92․3 մլն եվրոն ինչի՞ վրա է գնալու՝ 1000 դրամ տաքսու շոֆեռին, 200 դրամ ջրին, 50 հազար արտասահմանցի փորձագետին։ Կոնկրետ բացվածքը հիմա տվեք»։

Փոխնախարարը հստակեցնում է՝ բյուջետային վարկը նույնպես ֆինանսավորման աղբյուր է․

«Նման դեպքում տողերով բացվածք լինել չի կարող։ Երբ, որ բյուջեն հաստատվել է, հաստատվել են դրա ֆինանսավորման աղբյուրները՝ պարտատաոմսեր, ծրգարային ու բյուջետային վարկեր։ Երբ դուք ասում եք, որ բյուջեում փող չկա, սա աղբյուրներից մեկն է։ Սա աղբյուր է, միջոց է, որը գալիս է ընդհանուր հաշվին և օգտագործվում այն ուղղություններով, որը հաստատվել է ԱԺ–ում պետական բյուջեում»։

Արթուր Խաչատրյանը հարցը մի անգամ ևս կրկնեց, փորձելով հասկանալ՝ ինչի վրա է ծախսվելու վարկային նոր միջոցը․

«Այսինքն ո՞նց եք Դուք պատկերացնում։ Գալիս եք 92․3 մլն եվրոյի պարտքային բեռը ավելացնում եք՝ առանց ասելու, թե սա ինչի վրա է ծախսվելու։ Կարող է հիսուն հազար եվրոյով նախարարները գնան ինչ որ մի տեղ փորձի փոխանակման»։

Կգնան նախարարները փորձի փոխանակման, թե ոչ՝ փոխնախարարը ոչ հաստատեց, ոչ հերքեց։ «Փող կա, բայց գուցե տարեվերջին նախանշված ծրագրերի համար պակասի՝ արձագանքում է ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը․

«Մեր պակասուրդն ավելի քիչ է, քան մեր կապիտալ ծախսերը, սա թերևս ամենալավ հիմնավորումն է այս ամենի, որովհետեւ մեր եկամուտները մեր ընթացիկ ծախսերն ամբողջովին սպասարկում են, հետեւաբար, ընթացիկ ծախս սպասարկելու համար կարիք չունենք նման վարկեր վերցնելու։ Եթե այս վարկային միջոցները մենք չվերցվենք, հենց կապիտալ ծախսերն են տուժելու։ Մենք ունենք միջոցներ, դրանք ուղղում ենք մեր թոշակներին, աշխատավարձերին, ընթացիկ պարտավորությունների կատարմանը»։

Պակասուրդը կապիտալ ծախսերից քիչ է՝ արձանագրում է Պապոյանն ու խոստանում՝  կհամագործակցեն կառավարության հետ, կփորձեն ծախսերի շրջանակի շուրջ մոտավոր տրամաբանություն դնել։

Աղբյուրը՝   hy.armradio.am