«Երեմյան Փրոջեքթսը» և «Զալեսյե» ագրոհոլդինգը համագործակցության հուշագիր են կնքել

«Երեմյան Փրոջեքթսը» և «Զալեսյե» ագրոհոլդինգը համագործակցության հուշագիր են կնքել

Հայաստանում գյուղատնտեսական խոշորագույն նախագծեր իրականացնող «Երեմյան Փրոջեքթս»-ը շարունակում է ուսումնասիրել միջազգային լավագույն փորձն ու պրակտիկաները, ընդլայնում համագործակցություններն ու փորձի փոխանակման հեռանկարները։

Հունիսի 10-13-ը «Երեմյան Փրոջեքթս»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը, ընկերության    Կոմերցիոն տնօրեն Ալեքսանդր Գասպարյանը և Մատակարարման շղթայի տնօրեն Արամ Կիրակոսյանն աշխատանքային այցով Կալինինգրադում էին՝ «Զալեսյե» ագրոհոլդինգի հրավերով։ «Զալեսյե»-ն Կալինինգրադի խոշորագույն ընկերություններից է, որը ևս գործում է «Սերմից՝սեղան» հայեցակարգով՝ ապահովելով Կալինինգրադի կաթնարտադրության 54.5%-ը։

Հագեցած և բովանդակային այցի ընթացքում «Երեմյան Փրոջեքթսի» ներկայացուցիչները ծանոթացել են գործընկեր կազմակերպության արտադրական շղթային, տեխնիկական հզորությանն ու հնավարություններին։ Ագրոհոլդինգի հիմնադիր Հարթմութ Լորենցի ուղեկցությամբ հյուրերը եղել են «Զալեսկի ֆերմեր» կաթնամթերքի գործարանում, «Զալեսյե» ագրոհոլդինգ-ի կերի աճեցման հողատարածքներում և կերի վերամշակման գործարանում, այցելել են նաև ընկերության գենետիկ սելեկցիոն կենտրոն, գյուղտեխնիկայի կայանատեղի, նոր կառուցվող ենթակառուցվածքների շինհրապարակներ։

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը և «Զալեսյե» ագրոհոլդինգի տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Ռոմանովն ու տնօրենների խորհրդի անդամ, կազմակերպության հիմնադիր Հարթմութ Լորենցը կնքել են համագործակցության հուշագիր, որի նպատակը փորձի փոխանակման պարբերական ծրագրերի իրականացումը, գործընկերային ամուր կապերի հաստատումը, կաթնամթերքի արտադրության և պարենի անվտանգության ոլորտներում ռազմավարական նախագծերի իրականացումն է։ Հուշագրով կողմերը պատրաստակամություն են հայտնել միավորելու իրենց տարիների փորձը, գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները զարգացման բազմաբնույթ ծրագրեր կյանքի կոչելու համար։

««Զալեսյե» ագրոհոլդինգն այն գործընկերներ, որը մեր գործունեության համար մի շարք առումներով օրինակելի է, և մենք մեծ պատրաստակամությամբ ենք իրենց փորձն ու փորձառությունը ներդնում նաև մեր երկրում մեր ֆերմաներում։ Մեր համագործակցությունը ենթադրում է մի քանի ուղղություն՝ նախևառաջ խոսքը գնում է  մաքրացեղ կաթնատու խոշոր եղջերավոր կենդանիների գենետիկ կառուցվածքի բարելավման մասին, այս համագործակցության արդյունքում ակնկալում ենք նաև մեր ֆերմաների կենդանիների արտադրողականության ներուժի ավելացում և կենդանիների պահման և խնամքի նորարարական տեխնոլոգիաների ներդրում և կիրառում։ Մեր գործընկերները նաև ներգրավված են լինելու մեր աշխատակիցների վերապատրաստման և խորհրդատվական գործունեությունում», - նշել է «Երեմյան Փրոջեքթսի» գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը։

Աղբյուրը՝   armenpress.am