Ներդրումներ ներգրավելու համար պետք է իրականում փոխել մեր տնտեսության կառուցվածքը. Վահան Քերոբյան

Ներդրումներ ներգրավելու համար պետք է իրականում փոխել մեր տնտեսության կառուցվածքը. Վահան Քերոբյան

Հայաստանում ներդրումներ ներգրավելու համար անհրաժեշտ է փոխել երկրի տնտեսության կառուցվածքը, այս մասին ԱՄՆ-ում ընթացող Orion Summit 2023-ի շրջանակում իր ելույթում ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նախարարը նշեց, որ ՀՀ տնտեսության վիճակը բավական լավ է․ նախորդ տարի ունեցել ենք ամենաբարձր տնտեսական աճերից մեկը աշխարհում՝ 12,6% տնտեսական աճ, իսկ 2023-ին ունենք տնտեսական աճի նույն տեմպը՝ ավելի քան 12%:

«Աշխատանքի շուկայում ևս վիճակը շատ լավ է, մի քանի ժամ առաջ մեր երկրի վարչապետը նշեց, որ աշխատատեղերի թվի նոր ռեկորդ է սահմանվել՝ 718,000 աշխատատեղ: Այս տնտեսական վիճակը արդյունք է վերջին տարիներին մեր նախաձեռնած բարեփոխումների՝ ուղղված բիզնես միջավայրի զարգացմանը, ներդրումների ներգրավմանը, բիզնես պայմանների ազատականացմանը:

Ծրագրերը, որոնք մենք գործարկել ու գործարկում ենք, ուղղված են նոր գաղափարների, նոր ներդրողների աջակցությանը, արդիականացման խթանմանը, դրանց մի մասը շատ հաջողված են: Ուզում եմ առանձնացնել տնտեսության արդիականացման ծրագիրը, որը հնարավորություն է տվել վերջին մեկ տարում աջակցել 2000 ընկերությունների՝ արդիականացնելու իրենց սարքավորումները, գործառույթները, ներգրավելու բարձր որակավորում ունեցող աշխատակիցների», - ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսական քաղաքականության կարևոր շեշտադրումներից մեկը ներդրումների ներգրավումն է.

«Սրա համար պետք է իրականում փոխել մեր տնտեսության կառուցվածքը, որպեսզի մեր տնտեսական աճի մոդելը սպառողական հենքով աճից անցում կատարի ներդրումային հենքով աճի: Նախորդ տարվա արդյունքները բավական լավն էին: Առաջին անգամ մենք տարին փակեցինք 1 մլրդ ուղղակի ներդրումների ցուցանիշով, ինչը մեր ՀՆԱ-ի ավելի քան 5%-ն է:Իսկ բոլոր տեսակի ներդրումների ցուցանիշը տարվա կտրվածքով կազմել է 4.2 մլրդ դոլար կամ ՀՆԱ-ի շուրջ 22%-ը, ինչը շատ լավ արդյունք է՝ ի համեմատություն նախորդ տարիների ցուցանիշների»,- ասաց նա:

Ներկայացնելով Հայաստանի ներդրումային քաղաքականության նրբությունները՝ նախարարն ասաց, որ գլխավոր գաղափարն է կենտրոնանալ 500 հաջողակ (Fortune 500) ընկերություններ Հայաստան բերելու վրա,  ընկերություններ, որոնք հետազոտությունների ու զարգացման վրա ծախսում են կրկնակի ավելի շատ, քան ամբողջ աշխարհը միասին վերցրած:

«Մենք կարող ենք ասել, որ այստեղ ևս մենք որոշակի հաջողություններ ունենք: Մենք կարողացել ենք Հայաստան բերել աշխարհի ամենամեծ ընկերություններից մեկին՝ Nvidia-ն, նաև Sisco, AMD, Oraclе, Adobe և այլ բարձրորակ ընկերությունների: Վերջերս 50 մլրդ դոլար արժողությամբ Microchip Technology ընկերությունը ձեռք բերեց մի հայկական սթարթափ»,- ասաց Վահան Քերոբյանը:

Նախարարի խոսքով՝ մեկ այլ լավ նորություն է նաև այն, որ ամերիկյան խոշորագույն բանկերն սկսեցին ներդրումներ անել հայկական դրամով արտահայտված պետական պարտատոմսերում: «Սա շատ լավ նորություն է մեզ համար և ցույց է տալիս, որ ամերիկյան այդ բանկերը հետաքրքրված են հայկական պետական պարտատոմսերով: Նաև չինական բանկերն են ներդրումներ արել հայկական դրամով պետական պարտատոմսերում»,- ասաց Վահան Քերոբյանը:

«Enterprise Armenia-ի մեր գործընկերներն այսօր ուրախ կլինեն ձեզ հետ քննարկել ձեր գաղափարները, թե ինչպես կարող եք դրանք ներդնել հայկական տնտեսությունում: Նաև ԱՆԻՖ-ի մեր գործընկերները նույնպես այստեղ են՝ նկարագրելու, ցույց տալու գործիքները, որոնք կօգնեն ներդրումներ անել Հայաստանում: Մեր մեծ թիմը, որում ընդգրկված է նաև ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը, այստեղ է քննարկելու և աջակցելու ձեր հնարավոր գաղափարներին՝ ներդրումներ անել Հայաստանում», - իր խոսքն ամփոփեց նախարարը:

Հիշեցնենք, որ Orion Summit 2023-ին մասնակցում են ավելի քան 100 հյուրեր աշխարհի 7 երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Նիդերլանդներից և այլն։ Գագաթնաժողովին նաև մասնակցում են ավելի քան 60 հյուրեր Հայաստանից, այդ թվում՝ երեք բանկերի, հայտնի բրենդների, բիզնեսների և ստարտափների ներկայացուցիչներ։

Գագաթնաժողովի հյուրերի թվում են Նյու Յորքի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, տնտեսական զարգացման մասնագետներ, որոնք հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ։ 

Աղբյուրը՝   news.am