«Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի «Ba3» սուվերեն վարկանիշը՝ հեռանկարը փոխելով «բացասական»-ից դեպի «կայուն»

«Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի «Ba3» սուվերեն վարկանիշը՝ հեռանկարը փոխելով «բացասական»-ից դեպի «կայուն»

2023թ. հունիսի 22-ին «Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի «Ba3» սուվերեն վարկանիշը՝ հեռանկարը փոխելով «բացասական»-ից դեպի «կայուն»: Վարկանիշի հեռանկարի վերանայման հիմքում ընկած է գործակալության այն գնահատումը, որ Հայաստանի տնտեսական և հարկաբյուջետային հեռանկարները բարելավվել են, իսկ ռիսկերը հավասարակշռված են՝ համեմատած նախորդ վարկանիշի շնորհման (2022թ. մարտ) ժամանակ դեպի ներքև ռիսկերի գերակշռության հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։

Վարկանիշային գործակալության գնահատմամբ՝ նախորդ տարի Հայաստանի տնտեսական և հարկաբյուջետային ցուցանիշները զգալիորեն բարելավվել են՝ պայմանավորված կապիտալի և աշխատուժի ներհոսքի աճով, որոնց մի մասը ակնկալվում է, որ կպահպանվի:

Անդրադառնալով 2022թ. երկնիշ (12.6%) տնտեսական աճին՝ վարկանիշային գործակալությունը կանխատեսում է, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում Հայաստանի տնտեսական աճը կշարունակի կայուն մնալ: Մասնավորապես, 2023թ. համար կանխատեսվում է շուրջ 7% տնտեսական աճ, իսկ 2024թ. համար՝ 5-6%:

Բացի այդ, գործակալության կանխատեսումներով հարկաբյուջետային ցուցանիշները կկայունանան ներկայիս մակարդակի վրա, իսկ պարտքի բեռը կգտնվի նախահամավարակային շրջանից ավելի ցածր մակարդակում՝ առաջիկա տարիներին կայունանալով 45% մակարդակում և նպաստելով հարկաբյուջետային կայունության ամրապնդմանը: Այնուամենայնիվ, երկրի տնտեսական և հարկաբյուջետային իրավիճակը նկարագրելիս վարկանիշային գործակալության ներկայացուցիչներն անդրադարձել են առկա բարելավումները հակակշռող աշխարհաքաղաքական ռիսկերին: