Իրանը հույս ունի ԵԱՏՄ հետ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը ստորագրել առաջիկա ամիսներին

Իրանը հույս ունի ԵԱՏՄ հետ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը ստորագրել առաջիկա ամիսներին

Իրանը հույս ունի, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը կստորագրվի առաջիկա մեկ-երկու ամսում։ Այս մասին ТАСС-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին՝ Ալթայի երկրորդ միջազգային համաժողովի շրջանակներում։

«Մենք հանդես ենք գալիս այդ համաձայնագրի ստորագրման օգտին: Մեծ հույսեր ունենք, որ առաջիկա մեկ-երկու ամսում այդ համաձայնագիրը կստորագրվի: Ես հանդիպեցի (ՌԴ) փոխվարչապետ (Ալեքսեյ) Օվերչուկի հետ, մենք ջանքեր ենք գործադրում, որպեսզի այդ համաձայնագիրն ստորագրվի հնարավորինս շուտ», - ասել է Քազեմ Ջալալին՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Իրանի դեսպանը նշել է, որ համաձայնագիրը պետք է վավերացվի ԵԱՏՄ-ի անդամ հինգ երկրների խորհրդարաններում, ինչպես նաև Իրանի խորհրդարանում։

Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Թեհրանի և ԵԱՏՄ-ի միջև Ազատ առևտրի գոտու համաձայնագիրը կարող է ձեռք բերվել ավելի շուտ, քան այլ երկրների հետ: