Լաչինի միջանցքում արգելապատնեշի տեղադրումը էթնիկ զտման ևս մեկ ազդակ է. ՀՀ ՄԻՊ

Լաչինի միջանցքում արգելապատնեշի տեղադրումը էթնիկ զտման ևս մեկ ազդակ է. ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը մարդու իրավունքների պաշտպանության մանդատակիր միջազգային կազմակերպություններին և դերակատարներին կոչ է արել ներդնել բոլոր ջանքերը՝ օր առաջ բացելու Լաչինի միջանցքը՝ բացառելով մարդու հիմնարար իրավունքների նոր ու աննախադեպ խախտումների իրականացումը և էթնիկ զտման քաղաքականության վերջնական իրագործումը:

Անահիտ Մանասյանի հայտարարությունը Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհին բետոնե արգելապատնեշի տեղադրման վերաբերյալ հրապարակված է պաշտպանի Ֆեյսբուքի էջում։

Հայտարարության մեջ ասվում է․ «Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհին բետոնե արգելապատնեշի տեղադրումն առավել է սրում Լաչինի միջանցքի արգելափակման շուրջ առաջացած հումանիտար ճգնաժամը:

Հատուկ արձանագրում եմ, որ արգելապատնեշի տեղադրումն Արցախահայությանը լրացուցիչ հոգեբանական ճնշումների ենթարկելու, միջազգայնորեն ճանաչված հիմնարար իրավունքների՝ կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, ազատ տեղաշարժի, բավարար կենսամակարդակի ապահովման, սննդի հասանելիության, առողջության պահպանման, ինչպես նաև երեխաների և այլ խոցելի խմբերի իրավունքների աննախադեպ խախտումների իրականացման և էթնիկ զտման ևս մեկ ազդակ է:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ամբողջապես արգելափակված է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի շնորհիվ արցախցի բուժառուների երկկողմանի տեղաշարժը և բժշկական պարագաների ու դեղորայքի մատակարարումը Արցախ՝ մարդասիրական աղետն օր օրի ահագնացող չափերի է հասնում։

Խիստ մտահոգիչ է Պաշտպանի աշխատակազմում ստացված տեղեկությունը, համաձայն որի՝ մեկ տարեկան երեխան գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում, ունի անհապաղ Հայաստան տեղափոխման կարիք, որը ստեղծված իրավիճակով պայմանավորված` չի իրականացվում։

Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր բազմիցս, տարաբնույթ ձևաչափերով մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և հակամարտության հանգուցալուծմանը ներգրավված այլ դերակատարներին ներկայացրել եմ արգելափակման հումանիտար հետևանքները, Ադրբեջանի՝ պետության կողմից վարվող և հովանավորվող հայատյացության փաստերը՝ արձանագրելով, որ ներկա իրավիճակը պարարտ հող է նախապատրաստում հիմնարար իրավունքների շարունակական խախտումների և էթնիկ զտման համար:

Մեկ անգամ ևս կոչ եմ անում մարդու իրավունքների պաշտպանության մանդատակիր միջազգային կազմակերպություններին և դերակատարներին ներդնել բոլոր ջանքերը՝ օր առաջ բացելու Լաչինի միջանցքը՝ բացառելով մարդու հիմնարար իրավունքների նոր ու աննախադեպ խախտումների իրականացումը և էթնիկ զտման քաղաքականության վերջնական իրագործումը»: