Հայաստանը կպահպանի «խաղաղ ատոմ» զարգացնող պետության բարձր կարգավիճակը. փորձագետ

Հայաստանը կպահպանի «խաղաղ ատոմ» զարգացնող պետության բարձր կարգավիճակը. փորձագետ

Մեծ հզորության (օր.՝ 1200 ՄՎտ) ատոմակայանի կառուցումը Հայաստանին թույլ կտա մնալ Հարավային Կովկասում միակ պետությունը, որը կրում է «խաղաղ ատոմ» զարգացնող պետության բարձր կարգավիճակ, ինչն անվտանգային լուրջ «բարձիկ է»: Բացի այդ՝ այն հնարավորություն կտա դիրքավորվել որպես էլեկտրաէներգիա արտահանող երկիր: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման դիրքորոշում հայտնեց էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը:

Հայաստանն ուսումնասիրում է մի շարք երկրների առաջարկներ՝ ատոմակայանի կառուցման վերաբերյալ, այդ թվում են ռուսական, ամերիկյան, հարավկորեական, ֆրանսիական տարբերակները: Փորձագետը նկատեց, որ հստակ տարբերակ առաջարկել է դեռևս ռուսական կողմը: 

«Ռուսական կողմն արդեն մի քանի ամիս է, ինչ կառավարությանը ներկայացրել է շատ հստակ նախագիծ՝ 1200 ՄՎտ հզորությամբ ատոմակայանի նոր բլոկ կառուցելու վերաբերյալ», - ասաց Դավթյանը:

Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների առաջարկին՝ մոդուլային փոքր հզորության կայանների վերաբերյալ՝ փորձագետը նկատեց, որ դեռևս Հայաստանի կառավարության սեղանին չկա վերջնական հստակ նախագիծ: Ըստ նրա՝ նույնը կարելի է ասել, օրինակ՝ Հարավային Կորեայի կողմից արված առաջարկների վերաբերյալ, դրանք դեռևս գտնվում են հռետորաբանության մակարդակում: Ըստ նրա՝ այս պահի դրությամբ գործնականում կարելի է գնահատել հիմնականում Ռուսաստանի կողմից արված առաջարկը: Այնուամենայնիվ, կա երկու հիմնական մոտեցում՝ մոդուլային, այսինքն՝ փոքր հզորության կայան և մեծ հզորության կայան: Ըստ փորձագետի՝ փոքր հզորությունների կայաններն, իհարկե, բավականին հետաքրքիր ու հեռանկարային են, սակայն այն պարագայում, երբ օգտագործվում են որպես ռեզերվային միջոցներ: 

«Միջազգային փորձն ուսումնասիրելիս տեսնում ենք, որ, օրինակ՝ Ֆրանսիան, Չինաստանը, որոնք ունեն մոդուլային կայաններ, դրանք օգտագործում են որպես ռեզերվային միջոցներ: Իսկ մենք այսօր ռեզերվային միջոցների կարիք չունենք: Մոդուլայինների առավելությունն այն է, որ դրանք թույլ են տալիս էլեկտրաէներգիա մատակարարել դժվար հասանելի բնակավայրեր: Այս դեպքում ևս Հայաստանում  նման խնդիր չունենք: Իսկ եթե, դիցուք, ունենանք, ապա դա կարելի է լուծել վերականգնվող էներգետիկայի ոլորտում տարբեր նախագծերի իրականացմամբ՝ արևային, հողմային կայաններ կառուցելով: Դրա համար այսօր բարեբախտաբար ունենք բավականին հարմար օրենսդրական դաշտ, բավականին հարմար սակագներ ներդրողի համար», - ասաց Դավթյանը:

Անդրադառնալով հնչող տեսակետներին, որ 1200 ՄՎտ-ը Հայաստանի համար շատ է, և էներգետիկ համակարգում տեղավորելու խնդիր է լինելու՝ փորձագետն ընդգծեց՝ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ենք մոտենում էներգետիկ համակարգին: Փորձագետն էներգետիկան դիտարկում է երկու հիմնական դիտանկյունից՝ սպառողական և անվտանգային: 

«Եթե դիտարկում ենք զուտ սպառման տեսանկյունից, ապա բնականաբար կարող ենք նույնիսկ չմտածել ատոմակայան կառուցելու վերաբերյալ, կարող ենք զարգացնել ջերմաէներգետիկան, կարող ենք զարկ տալ հիդրոէներգետիկային և դրանով իսկ ապահովել մեր ներքին պահանջարկը: Կարող ենք նույնիսկ ավելացնել էլեկտրաէներգիայի ներկրումը արտաքին շուկաներից, ինչպես այսօր անում ենք Վրաստանից: Սակայն, երբ հարցը դիտարկում ենք անվտանգային հարացույցի մեջ, ապա մեծ հզորության ատոմակայանը նախևառաջ տալիս է տարածաշրջանում բավականին բարձր կարգավիճակ, կարգավիճակ մի պետության, որը զարգացնում է «խաղաղ ատոմ»: Այսօրվա միջազգային անվտանգության համակարգում սա բավականին բարձր կարգավիճակ է», - ասաց Դավթյանը:

Փորձագետը նաև շեշտեց՝ պետք չէ խնդիրը դիտարկել բացառապես ներքին շուկան բավարարելու տեսանկյունից: Հայաստանը պետք է դիրքավորվի որպես էլեկտրաէներգիա արտահանող պետություն: 

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանն այս պահին ունի՞ այդ հնարավորությունը՝ փորձագետը շեշտեց՝ այսօր խոսվում է ապաշրջափակման, տնտեսական կապերի վերականգնման, ինտեգրման մասին: Այս պարագայում Դավթյանը համարում է, որ մեծ հզորության ատոմակայանի առկայությունը կարող է թույլ տալ էապես ավելացնել էլեկտրաէներգիայի արտահանումը Իրան, ճիշտ գնային քաղաքականություն իրականացնելու պարագայում՝ նաև Վրաստան: Արտահանման դեպքում կբարձրանա նաև համակարգի ՕԳԳ-ն, ինչը սակագների իջեցման հնարավորություն կտա:

«Իմ խորին համոզմամբ՝ մենք նոր ատոմակայանի կառուցման հարցը պետք է անպայման դիտարկենք Հյուսիս-Հարավ միջազգային էլեկտրաէներգետիկ միջանցքի ձևավորման համատեքստում, որը կոչված է միավորելու Իրանի, Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի էլեկտրաէներգետիկ համակարգերը: Եթե մենք ինտեգրվում ենք այս համակարգի մեջ, ապա դառնում ենք շատ կարևոր էլեկտրաէներգետիկ հաբ՝ հնարավորություն ձեռք բերելով էլեկտրաէներգիա արտահանել բոլոր վերոնշյալ ուղղություններով: Ես կարծում եմ, որ խնդիրը պետք է դիտարկվի անվտանգային, անգամ աշխարհաքաղաքական համատեքստում, ոչ թե զուտ կոմերցիոն սպառողական», - ասաց Դավթյանը:

Այսպիսով՝ փորձագետը մեծ հզորության ատոմակայանի կառուցման կողմնակիցն է: Խոսելով ռուսական առաջարկի մասին՝ նա նկատեց, որ կա միասնական դպրոց, որը ձևավորվել է դեռևս 80-ական թվականներից ի վեր: Այդ դպրոցի տրամաբանությամբ են գործում այսօր Հայաստանի միջուկային էներգետիկայի մասնագետները: Նա վստահեցնում է, որ դա բավականին մեծ առավելություն է:

Փորձագետի խոսքով՝ ատոմակայանի կառուցումը մուլտիպլիկատիվ ազդեցություն է ունենում տնտեսության տարբեր ոլորտների վրա, օրինակ՝ կակտիվանա գիտահետազոտական բաղադրիչը: Նրա համոզմամբ՝ այն իր ազդեցությունը կունենա նաև առողջապահության ոլորտի վրա: «Միջուկային էներգետիկան և դրա շրջանակում ստացվող արդյունքները, որպես կանոն, օգտագործվում են տարբեր, այդ թվում օնկոլոգիական հիվանդությունների ախտորոշման, նաև բուժման ժամանակ: Ես կարծում եմ, որ սա ևս բավականին մեծ հնարավորություն կարող է ստեղծել», - ասաց նա:

Այնուամենայնիվ, ըստ Դավթյանի՝ գլխավոր առավելությունն այն է, որ Հայաստանը կշարունակի մնալ Հարավային Կովկասում միակ պետությունը, որը կրում է «խաղաղ ատոմ» զարգացնող պետության բարձր կարգավիճակ: Սա անվտանգային շատ լուրջ բարձիկ է: «Եվ այն պարագայում, երբ մեր շուրջը, բացառությամբ Վրաստանի՝ բոլորը փորձում են զարգացնել ատոմային էներգետիկան՝ ռուսական «Ռոսատոմի» հետ համագործակցելով, ես կարծում եմ, որ Հայաստանը ևս պետք է դիրքավորվի այս տիրույթում: Ադրբեջանը 2019 թվականից ի վեր Պուտին-Ալիև մակարդակով քննարկում է Ադրբեջանում առաջին ատոմակայան կառուցելու վերաբերյալ հարցը: Իրանը, Թուրքիան ևս կառուցում  են ատոմակայան «Ռոսատոմի» օգնությամբ: Առաջիկայում կլինեն նոր նախագծեր նաև Մերձավոր Արևելքում» ,- ասաց փորձագետը:

Ռուսական կողմը Հայաստանին առաջարկում է Լենինգրադի ատոմակայանի մոդելը: Փորձագետը Լենինգրադի ատոմակայան շրջայցից ու մանրամասն ծանոթանալուց հետո համոզվել է՝ այն կօգնի Հայաստանին ամրապնդել իր դիրքերը:

Վերջերս իրականացված արդիականացման աշխատանքներից հետո ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարաձգվել էր մինչև 2026 թվական: Այն կրկին կերկարաձգվի մինչև 2036 թվական: Փորձագետի խոսքով՝ ատոմակայանի կառուցումը կտևի միջինում 10 տարի: Այսինքն՝ նորի կառուցումը պետք է սկսվի գոնե 2026-ին: 

Աղբյուրը՝   armenpress.am