Wildberries-ը խուսափում է սնունդ, կոսմետիկա առաքել Հայաստան. որո՞նք են պատճառները

Wildberries-ը խուսափում է սնունդ, կոսմետիկա առաքել Հայաստան. որո՞նք են պատճառները

Wildberries-ը, որն արդեն դարձել է հայաստանյան գնորդների համար հարմարավետ և մատչելի գնումների առցանց հարթակ, վերջին շրջանում որոշ սահմանափակումներ է սկսել կիրառել։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է մթերքի և կոսմետիկայի մատակարարմանը։ Առցանց հավելվածն ուղղակի փակել է այս ապրանքների գնումների հնարավորությունը։

Ի՞նչ մտահոգություններ ունեն տնտեսվարողները

Sputnik Արմենիան զրուցել է Wildberries-ի հայաստանյան մասնաճյուղերի տնտեսվարողների հետ` հասկանալու` ինչն է սահմանափակումերի պատճառը և ինչ լուծումներ են առաջարկվում։

Տնտեսվարողներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, ասաց, որ առաքանին Հայաստան է հասնում առնվազն 15 օրում, մոտ այդքան էլ կարող է մնալ պահեստում, որտեղ չկան պահման համապատասխան պայմաններ։ Արդյունքում սննդի և կոսմետիկայի որոշ տեսակներ կարող են ուղղակի փչանալ, և եթե գնորդը որոշի այն չվերցնել, փչացած ապրանքը մնում է մասնաճյուղի կառավարչի հաշվին, քանի որ Wildberries-ի գլխամասն այն հետ չի ընդունում։

Wildberries–ի հայաստանյան մասնաճյուղերից մեկի մենեջեր Դավիթ Հակոբյանն իր հերթին պատմեց, որ նկատել է` վերջին շրջանում առցանց հարթակն օրինակ` կոնֆետեղենը հանել է առաքանիից ու Հայաստան այլևս չեն ուղարկում։

«Երևի պատճառը շոգն է։ Ճանապարհին մթերքը փչանում է։ Հայաստան Wildberries–ն ապրանքն ուղարկում է կա՛մ բեռնատարներով, կա՛մ ինքնաթիռներով։ Այստեղ էլ երբեմն խնդիր է առաջանում, երբ Լարսը փակ է լինում։ Ցավոք, ընկերությունը սառնարաններով ապահովված բեռնատարներով չի ուղարկում մթերքը։ Ձմռանը, կարծում եմ, այս խնդիրը չի լինի», – նկատեց Դավիթ Հակոբյանը։

Նա նաև չի բացառում, որ ապրանքն ընկերության գլխամասից ուղարկվի սառնարանային պայմաններով ապահովված բեռնատարներով, սակայն տեղում տնտեսվարողները չունենան համապատասխան պահեստներ, քանի որ դրա պարտավորությունն էլ չունեն։

Ցավոք, այս և մի շարք այլ խնդիրներ Wildberries–ի մասնաճյուղերի մենեջերները չեն կարող անմիջապես հասցնել գլխամաս։ Wildberries–ի ղեկավարների հետ նրանց շփումը սահմանափակվում է 10 օրը մեկ տեղի ունեցող տեսակոնֆերանսով, որի ընթացքում ուղղակի ֆիզիկապես հնարավոր չի լինում ԱՊՀ տարածքում գործող բոլոր մասնաճյուղերի մենեջերների հարցերին պատասխանել։

Wildberries–ից պարզաբանում են

««Մթերքներ» բաժինը ժամանակավորապես անհասանելի է Հայաստանի գնորդների համար` տեխնիկական պատճառներով: Բաժնի աշխատանքի վերսկսման մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,– Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին Wildberries–ի մամուլի ծառայությունից։

Գերատեսչությունների արձագանքը

Խնդրի վերաբերյալ Sputnik Արմենիան փորձել էր ստանալ նաև պաշտոնական պարզաբանումներ մի շարք գերատեսչություններից։

Ամենաօպերատիվ պատասխանը ստացանք «ՀայՓոստից», որը 2021 թ–ին համագործակցության հուշագիր է ստորագրել Wildberries–ի հետ։ «ՀայՓոստից» փորձել էինք տեղեկանալ` դիմե՞լ են արդյոք Wildberries–ի կենտրոնական գրասենյակ` խնդիրը լուծելու համար, և ի՞նչ պատասխան են ստացել։ Եվ արդյոք այս պարագայում կան օրենքով սահմանված նորմերի կամ հոդվածների խախտումներ։

Ի պատասխան «ՀայՓոստից» նշել են, որ «տվյալ խնդիրը «ՀայՓոստի» պատասխանատվությունից դուրս է։ «ՀայՓոստի» որոշ բաժանմունքներ Wildberries–ի համար հանդիսանում են պատվերների ստացման կետ»։Այսքանը։

Ի դեպ, Wildberries–ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը դեռ 2021 թ–ի տարեվերջին հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Եվ քանի որ նրանք պայմանավորվել էին բարձրացնել փոխգործակցությունը և երկկողմ էլեկտրոնային առևտրի ծավալը, այդ պատճառով Wildberries–ի հետ կապված խնդիրների մասին Sputnik Արմենիան հարցում ուղղեց նաև ՀՀ կառավարություն։

Կառավարությանն ուղղված մեր հարցումը սկզբում հասցեագրվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ապա վերահասցեագրվեց ՀՀ բարձր տեխնոլագիական արդյունաբերության նախարարություն, որտեղից ստացանք հետևյալ պատասխանը.

«Ինչ վերաբերում է այն խնդրին, որ Wildberries–ի որոշ ապրանքատեսակներ չեն առաքվում ՀՀ, ապա դա կարող է կապված լինել նրա հետ, որ որոշ դեպքերում ընկերության հավելվածի միջոցով վաճառք իրականացնողներից պահանջվում է անվտանգությունը հավաստող փաստաթղթի` սերտիֆիկատի ներկայացում»։

Նշենք, որ 2022 թ-ի 11 ամսվա ընթացքում Wildberries–ի վաճառքը ՀՀ–ում նախորդ տարվա համեմատ ավելացել է 71 %–ով` հասնելով 290 մլն ռուբլու կամ մոտ 1 մլրդ 300 մլն դրամի։ 2023 թ. մայիսի 24–ին ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ Wildberries–ը ՀՀ խոշոր հարկատուներից է և այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով` խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում է 20-րդ հորիզոնականը:

Բայց սա դեռ ամենը չէ

Ըստ մեր աղբյուրների` Հայաստանում գործող որոշ խոշոր տնտեսվարողներ իրենց աշխատողների շրջանում ստորագրահավաք են անցկացնում ընդդեմ Wildberries–ի, որպեսզի այն փակվի։ Պատճառն այն է, որ առցանց այս հարթակի առաջարկած համեմատաբար էժան և բազմազան տեսականին ուղղակի խոչընդոտում և հարվածում է նրանց բիզնեսին։ Նրանց մոլերում և խանութներում առևտրի ծավալները կտրուկ նվազել են։

Նշենք, որ Wildberries ընկերությունը հիմնադրվել է 2004 թ–ին։ Ըստ ՀՀ պետական ռեգիստրի տվյալների` ՀՀ–ում այն գրանցվել է 2018 թ. օգոստոսին։