Վերջապես ունենք մի ուղենիշ, ըստ որի պետք է կառուցվի հանքարդյունաբերության ապագան․քննարկում ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ

Վերջապես ունենք մի ուղենիշ, ըստ որի պետք է կառուցվի հանքարդյունաբերության ապագան․քննարկում ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ

Հանքարդյունաբերության ներկայացուցիչները մասնակցել են ոլորտի ռազմավարության  բոլոր քննարկումներին, միասին աշխատել են փաստաթղթի նախագծի վրա՝ սկսած մշակման փուլից։ Ռազմավարությունն արդեն ընդունվել է և այս միջոցառումը նախատեսված է նրա համար, որպեսզի մեկ անգամ ևս ուշադրություն հրավիրվի ոլորտում ընդգրկված ընկերությունների խնդիրներին, առավել ևս, որ նրանք ակնկալում են այդ խնդիրներին առնչվող ռացիոնալ լուծումներ գտնել ընդունված ռազմավարության շրջանակում։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ «Հանքարդյունաբերության զարգացման ռազմավարությունը՝ պատասխանատու հանքարդյունաբերության տեսանկյունից» խորագրով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց Հանքագործների և մետալուրգների միության նախագահի խորհրդական Հայկ Ակարմազյանը։  

Նրա կարծիքով՝ դրական փաստ է, որ արդեն կա հանքարդյունաբերության ոլորտին առնչվող ռազմավարություն, որովհետև նման փաստաթղթի բացակայությունը չէր կարող չազդել ոլորտի վրա։ Լավ թե վատ՝ այս փաստաթուղթը միտված է այսուհետ կանոնակարգելու ոլորտը՝ տալով տնտեսվարողներին հետաքրքրող հարցերի պատասխանները։ Իսկ թե որքանով փաստաթուղթը կլինի գործուն և որքանով կաշխատի, ցույց կտա ապագան։

Ռազմավարության քննարկման գործընթացը եղել է ներառական, որում ընդգրկված են եղել ինչպես անմիջական նախաձեռնողները՝ ՀՀ կառավարությունն ու Համաշխարհային բանկը, այնպես էլ հանքագործներն ու հասարակական սեկտորի բազմաթիվ ներկայացուցիչները։ Մի քանի անգամ վերանայվել է փաստաթղթի նախնական տարբերակը, եղել են այլ առաջարկություններ, մինչև որ հասել  են ավարտական փուլին։    

Կլոր սեղանին մասնակցող  ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը նշեց, որ հանքարդյունաբերության ռազմավարությունը տալիս է ընդհանուր ուղղություններ, և շատ է ուրախացնում այն հանգամանքը, որ վերջապես կա մի ուղենիշ, որի հիման վրա պետք է ընդունված նորմերի համաձայն կառուցվի հանքարդյունաբերության ապագան օրենսդրության և պրակտիկ գործունեության տեսանկյունից։

«Երկրորդ ուրախացնող հանգամանքն այն է, որ փաստաթղթում կան հստակ շեշտադրումներ իրավակառավարչական հարցերի վերաբերյալ, բավականին շատ տեղ է հատկացվել բնապահպանական և սոցիալական խնդիրներին։ Չնայած ռազմավարությունն այս պահին չի կարող շատ հարցեր լուծել, դրա համար անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, բայցևայնպես, Հայաստանի կառավարությունն ի վերջո կարողացավ ընդունել մի փաստաթուղթ՝  արձանագրելով հանքարդյունաբերության, որպես զարգացող ոլորտի, կարևորությունը մեր տնտեսության մեջ։ Եթե այսօր հանքարդյունաբերությունը գործում է, ուրեմն ակնհայտ է, որ պետք է լինի ժամանակակից։ Այդ հարցում կա շահառուների մի մեծ խումբ»,- ասաց Ստեփանյանը։

Նրա դիտարկմամբ՝ բնությունն ինքնին պատասխանատու հանքարդյունաբերությունն է, և վերջինս պետք է հետևի օրենսդրությանն ու միջազգային լավագույն փորձին։ Ըստ այդմ՝ աշխատանքային անվտանգության հարցերը հեշտ են կարգավորվում, եթե կա ուղենիշ փաստաթուղթ։ Ստեփանյանի պնդմամբ՝ ՀՀ օրենսդրության ճիշտ կիրառումն արդեն իսկ մեծ առավելություններ է տալիս հանքարդյունաբերությանը։

«Ինչ վերաբերում է խստացումներին, ապա առաջին հայացքից կա կարծրատիպ՝ հենց խոսում են բնապահպանական և սոցիալական միջազգային ստանդարտների մասին, թվում է, թե հանքարդյունաբերողներն ընկնելու են ծանր լծի տակ, բայց, իրականում, այդպես չէ։ Միջազգային ստանդարտների կիրառումը շատ ավելի հեշտացնում է հանքարդյունաբերողի գործը, և որքան հստակ է չափորոշիչը, այդքան ավելի հեշտ է կողմնորոշվել տեխնոլոգիաների կամ միջոցների ընտրության մեջ։ Ի վերջո միջազգային ստանդարտները միջազգային փորձի շտեմարանն են կազմում՝ խտացված մեկ համապարփակ փաստաթղթի մեջ, որն առաջարկում է լուծումներ որոշակի խնդիրների համար»,- նշեց  ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրենը։

Քննարկման մասնակիցներից «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանն իր հերթին ասաց, որ տվյալ ոլորտում գործող տնտեսվարողների կարծիքները միանգամայն լսելի են եղել, քանի որ առաջնային տարբերակում արվել են բազմաթիվ շտկումներ։

«ՀՀ-ում 13 հանքավայրերից աշխատում են յոթը։ Իրավիճակը որոշակիորեն բարդացել է արտարժույթի գնային տատանումներից, դրամի արժևորումից հանքարդյունաբերողները կրել են որոշակի կորուստներ, քանի որ իրենց արտադրանքն արտահանելիս վաճառում են դոլարով։ Արդյունքում, ծախսերն ավելացել են 20 տոկոսով, և միջին ու փոքր հանքարդյունաբերողները կանգնել են խնդիրների առջև։ Ռազմավարության սահուն կիրառման համար անհրաժեշտ է նաև կատարել օրենսդրական փոփոխություններ։ Ռազմավարությունը շատ դրական փաստաթուղթ է, միակ բացասական իրողությունն այն է, որ օրենսդրական փոփոխությունները չեն կարող կյանքի կոչվել միանգամից, այլ պետք է ընդունվեն ժամանակացույցով։ Ներդրողները ցանկանում են տեսնել կայուն օրենսդրական դաշտ, մինչդեռ դրա համար ժամանակ է պահանջվում։ Լավ կլինի, որ ընդունված օրենքներն անխափան աշխատեն առնվազն 15-20 տարի»,- նշեց Ալոյանը։

Նրա փոխանցմամբ՝ այս պահին «Լիդիան Արմենիան» Ամուլսարի տարածքում իրականացնում է ինժեներական աշխատանքներ կոնկրետ հանգույցների հուսալիության վերաբերյալ, քանի որ 2018 թվականին կառուցվել է դրանց՝ մոտ 80 տոկոսը։ Հինգ տարի է՝ ծրագիրն առկախված վիճակում է։ Նրան նոր շունչ տալն այդքան էլ հեշտ չէր, հետևաբար, իրականացվում են բազմապիսի աշխատանքներ, իրականացվում է շինարարություն։ Ընկերությունը զուգահեռաբար ուշադրություն է հատկացնում ֆինանսավորման խնդրին։ Այս պահին Եվրասիական զարգացման բանկն Ամուլսարի հանքի տարածքում իրականացնում է տեխնիկական ուսումնասիրություն, որը կավարտվի օգոստոսին։ Բացի դրանից, «Լիդիան Արմենիան» կնքել է պայմանագիր «Ըլայդ Գոլդ Քորփ» միջազգային հեղինակավոր ընկերության հետ, որը կիրականացնի հանքի կառուցումն ու շահագործումը, քանի որ մեծ փորձ ունի տվյալ ասպարեզում։ «Լիդիան Արմենիան» նախատեսում է 2024 թվականին ունենալ իր առաջին ոսկին։