Առաջարկվում է արգելել կտրած կամ մասերի բաժանված ձմերուկի կամ սեխի վաճառքը

Առաջարկվում է արգելել կտրած կամ մասերի բաժանված ձմերուկի կամ սեխի վաճառքը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը  Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրել է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Նախագծի ընդունման անհրաժեշտությունն, ըստ նախագծի հիմնավորման, պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս  Հայաստանի Հանրապետության տարածքում ձմերուկի և սեխի հասունությունը ցուցադրելու նպատակով լայն տարածում է գտել վերջինիս մասերով կամ կտրված վաճառքը, ինչի արդյունքնում կտրված մասում միջուկի հաստության մեջ  կարող  է ներթափանցել միկրոօրգանիզմներ՝ այդ թվում պայմանական ախտածիններ և ախտածիններ, որոնք ընդունակ են առաջացնել տարբեր վարակիչ հիվանդություններ և պատճառ հանդիսանալ սննդային թունավորումների:

«Կտրված ձմերուկը և սեխը համարվում են արագ փչացող ապրանք և պետք է պահպանվեն սառնարանում, մինչդեռ դրանք վաճառվում են ոչ սառնարանային պայմաններում։ Միաժամանակ բազմաթիվ են դեպքերը, երբ ոչ ստացիոնար վայրերում (տոնավաճառներում, տաղավարներում) վաճառվում է գետնի վրա դրված, առանց ծածկի կամ հովանոցի՝ ուղիղ արևի ճառագայթների տակ, ինչը նույնպես վտանգ է հանդիսանում մարդու կյանքի և առողջության համար։ Հարկ է նշել, որ առավել ևս բաց տարածքներում, ճանապարհների երկայնքով՝ մայթերին, անհնար է լվանալ կտրած ձմերուկը կամ սեխը, ինչպես նաև դանակը, որով կտրվել է», - նշված է նախագծի հիմնավորման մեջ։

Նախագծում կատարվող հաջորդ փոփոխությունը վերաբերում է կաթնամթերքի վաճառքին հանրային սննդի օբյեկտներում, մասնավորապես պանրի վաճառքի դեպքում ճաշացուցակում տարանջատված և նշված չեն կաթնամթերքը պատրաստված է բնական հումքով, թե կաթնային յուղի փոխարինիչով։ Բոլորին հայտնի է, որ կաթնային յուղի փոխարինիչով պատրաստված արտադրանքը ավելի էժան է, քան բնական հումքով պատրաստվածը։ Հստակ տարանջատման բացակայությունը սպառողին մոլորության մեջ գցող գործողություն է և քանի որ ճաշացուցակում չկա հստակ տարանջատում, տվյալ դեպքում սպառողը, ավելի թանկ վճարելով, գնում է ավելի էժան արտադրանք, հետևաբար անհրաժեշտություն է առաջացել վերանայել ճաշացուցակին ներկայացվող պահանջները և կատարել լրացում՝ նշելով նաև սննդային արժեքը, էներգետիկ արժեքը, քանի որ վերջին ժամանակներում սպառողները մեծ ուշադրություն են դարձնում սննդամթերքի կալորիականությանը։

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է կանոնակարգել ձմերուկի և սեխի վաճառքի պայմանները և սահմանել դրույթ՝ արգելելով վերջիններիս վաճառքը կտրված  կամ մասերով։

Հաջորդ փոփոխությամբ նախատեսվոմ է ճաշացուցակին ներկայացվող պահանջների փոփոխություն, որը միտված է կանխելու սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունները։