Ինչո՞ւ չեն գործում սպանդանոցները

Դեռևս 2004թ-ից կառավարությունը սկսել էր մտածել սպանդանոցների կառուցման շուրջ, իսկ 2020 թվականին հունվարի 15-ից արգելվեց բակային մորթը: Սակայն դա հարուցել էր որոշ անասնապահների և մսավաճառների դժգոհությունը, և բակային մորթի կտրուկ արգելքը հետաձգվեց մինչև հուլիսի 1-ը:
Գործընթացը խթանելու համար կառավարությունը դիտարկել էր նաև սուբսիդավորվող վարկերի և լիզինգային ծրագրերում կարգավորումներ, որպեսզի սպանդանոցների կառուցման և անհրաժեշտ տեխնիկայի` այդ թվում տրանսպորտային տեխնիկայի ձեռքբերման համար ստեղծվեն պայմաններ: Բացի դրանից, կառավարությունը մարզպետարանների և սննդի անվտանգության տեսչության հետ, ըստ հանձնարարականի` ձևավորելու էր սպանդանոցների նախընտրելի քարտեզ, որ առավել հասցեական ֆինանսավորվեն նախագծերը և լուծվի սփռվածության և հասանելիության խնդիրը: Ի դեպ, կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը շեշտել էր, որ սպանդանոցները պարտավոր են տեղափոխել մորթի ենթակա գլխաքանակը: Ի դեպ, արդեն 3 տարի է անցել և ինչպես կտեսնենք ստորև` չի լուծվել ոչ տեղափոխման, ոչ հասանելիության հարցը, իսկ սուբսիդավորվող վարկերը մնացել են սեփականատերերի ուսերին` առանց եկամուտ վարկեր են փակում: Բացի այդ, քարտեզագրման հարց անգամ չի քննարկվել. Վայոց ձորում, որը անասնապահական շրջան է սպանդանոց չկա, իսկ Շիրակի մարզում, որը դարձյալ անասնապահական շրջան է` մեկ-երկու հատ:
Ինչո՞ւ չի լուծվում հասցեականության, տեղափոխման, քարտեզագրման և ի վերջո սպանդանոցների գործարկման հարցը, երբ այդքան ջանք, ժամանակ, ֆինանս, քարոզ, թղթաբանություն է ներդրվել այդ ուղղությամբ:
Ֆերմերը սպանդանոց է կառուցել
Ֆերմերը սպանդանոց ունի, շինարարությունը սկսել է դեռևս 2019թ-ից, մարզպետարանից եկել ուսումնասիրել և հավաստել են, որ այն համապատասխանում է սպանդանոցային պայմաններին և նրան տրվել է զրո տոկոսով վարկ` 6 մլն դրամի չափով, իսկ մնացած 11 մլն դրամն իր կողմից է ներդրել:
-Հույս ունեի, որ սպանդանոցը կգործի: Ես հենց մսի գործի մեջ եմ, համ էլ խոզերի ֆերմա ունեմ, մտածում էի, որ իմ խոզերն էլ կմորթեմ` կվաճառեմ, աշխատատեղեր էլ կլինի. Կարճ ասած, բիզնեսս կաշխատի,- ասաց նա և հավելեց, որ այժմ խոսքը պետությանն է, որ խստացնի մսի վաճառքը, քանի որ այսօր էլ խանութներում վաճառվում է ոչ սպանդանոցային միս:
Հարցին, թե չե՞ն ստուգում խանութների միսը, ասաց, որ ստուգում են, սակայն մի անգամ ստուգում են, հետո մի քանի ամիս անց են ստուգում:
Նա մատնանշեց հատկապես այդքան չարչրկված ԳՈՒՄ-ի շուկայի հարևանությամբ գործող մսավաճառանոցը և ասաց, որ խստացումներ են պետք կիրառել, որպեսզի մսավաճառներին ստիպեն միայն սպանդանոցային ծագման և ստուգված միս գնել:
-Իմ սպանդանոցը 90 տոկոսով պատրաստ է, սակայն մինչև հիմա մի հատ կենդանի սպանդի չի ենթարկվել, չեն ցանկանում բերել սպանդանոց, քանի որ կարողանում են միսն առանց սպանդանոցային սերտիֆիկատի իրացնել,- ասաց նա և հավելեց, որ հիմա աշխատում է, որ միայն վարկերը մի կերպ փակի:
Նա չի էլ մտածում, որ այն մնացած 10 տոկոսն ավարտի, քանի որ հեռանկար չի տեսնում, չի հավատում, որ ևս 1 մլն դրամ ծախսի` սպանդանոցը կգործի, ուստի սպանդանոցն այդպես էլ պարապուրդի է մատնված:
-Պետությունը, որ ուզենա մի ժամում կարող է բակային մորթն արգելել: Եթե ամեն խանութի տուգանեն, որը սպանդանոցային թուղթ չունի, նորմալ կաշխատեն, թե չէ 17 մլն դրամ եմ ծախսել, շինություն եմ կառուցել, որ այսօր չաշխատի,- նեղսրտում է ֆերմերը և հավելում, որ ստուգում են, սակայն մի օր ստուգում են, իսկ հետո խանութը շարունակում են ինչպես միշտ, պետք է հետևողական լինել: Հարցին, թե այս վիճակը համատարա՞ծ է, ասաց, որ այո բոլոր մարզերում էլ վիճակը նույնն է, սպանդանոցները չեն աշխատում, տեղյակ է, որովհետև նույն բիզնեսի մեջ են ու բախտակից:
-Ընկերս Կոտայքի մարզում 140 հազար դոլարի սպանդանոց է կառուցել, որը էլի չի աշխատում, սկզբից խստացրին, մի 20 օր աշխատեց, հետո ինչպես միշտ` ոչ ոք չի դիմում սպանդանոցային մորթի համար: Նույնն էլ Տավուշի մարզում է,- ասաց նա:
Նաև հիշեց, որ անցած տարի սեպտեմբերին ԳՈՒՄ-ի շուկայի հարակից մսավաճառանոցում ստուգումներ կատարել են, ոստիկանությունն աշխատում էր, բայց ստուգեցին, գնացին ու վերջ:
Ֆերմերի խոսքով, միսը հանձնելուց ԳՈՒՄ-ում թուղթ չեն ուզում, որովհետև նրանցից էլ պահանջող չկա, ասում են` մեզ պետք չի, հիմա բակերում են մորթ անում` համատարած:
-Եթե ես նայում եմ կենդանին թույլ է` չեմ գնում, բայց խոզի տերը ընկերների միջոցով է հիվանդ կենդանին իրացնում` այսպիսի բաներ կան,- ասաց նա:
Հարցին, թե ի վերջո սպանդանոցային մո՞րթ են ցույց տալիս, ասաց, որ Ռուսաստանից խոզ են ներկրում և որպեսզի իրացնեն` մորթը կատարում են սպանդանոցներում ու, այսպիսով` սպանդանոցային մորթ են ցույց տալիս, կամ էլ խստացումների ժամանակ տանում են սպանդանոց ու վերջ: Ես շատ հաճախ չգիտեմ, ինչ միս եմ առնում, սպանդանոցային թուղթ չկա, բայց պիտի առևտուր անեմ, որ վարկերիս տակից դուրս գամ:
ՍԱՏՄ-ն խնդրի մասին
Սննդի անվտանգության տեսչական մարմինը փոխանցեց, որ 2023թ-ի հունիսի դրությամբ Հայաստանում գործում է 93 սպանդանոց, 59 ներտնտեսային սպանդանոցներ են, իսկ 39-ը` ծառայություն մատուցող սպանդանոցներ:
Բացի այդ, 2022թ-ի դեկտեմբեր ամսին սպանդանոցներում սպանդի է ենթարկվել 2040 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, 7878 գլուխ խոզ, 343 գլուխ մանր եղջերավոր, իսկ 2023թ-ի հունվարին 588 խոշոր եղջերավոր կենդանի, 2384 գլուխ խոզ և 104 գլուխ մանր եղջերավոր կենդանի:
Տեխնիկական հագեցվածության վերաբերյալ հարցին, տեսչական մարմնից պատասխանել են, որ գործող սպանդանոցները հագեցած են հիմնականում անհրաժեշտ սարքավորումներով և բավարարում են կառավարության համապատասխան (2006թ․ հունիսի 29 Ն 993Ն որոշում) պահանջներին:
Սպանդանոցային խնդիրներից ՍԱՏՄ-ից նշել են, որ հիմնականում դեպի սպանդանոց կենդանիների տեղափոխման հարցը, որը պայմանավորել են ՀՀ տարածքում սպանդանոցների ոչ համաչափ բաշխվածությամբ. որոշ մարզերում, որտեղ անասնագլխաքանակը շատ է սպանդանոցները քիչ են, օրինակ` Շիրակի մարզը, իսկ Վայոց Ձորում սպանդանոց չկա:
Հարցին, թե վերջին անգամ ԳՈՒՄ-ի շուկային հարող տարածքի մսավաճառանոցում, ե՞րբ է ստուգում իրականցվել վերջին անգամ, պատասխանել են` 2022թ-ի դեկտեմբերին և արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, տրվել են առաջադրանքներ: Նկատենք, որ դեկտեմբերից մինչև հիմա անցել է 6 ամիս, բայց ինչպես կյանքն է ցույց տվել` ԳՈՒՄ-ի շուկային հարող մսավաճառանոցի սեփականատերերի խոստումները միայն խոստումներ են:
Ի դեպ, 2023թ-ի հունիսի 8-ի դրությամբ տեսչության կողմից 163 վարչական տուգանք է նշանակվել: Իսկ թե ինչպե՞ս են պայքարում բակային մորթի դեմ, պատասխանել են, որ ոստիկանության հետ համատեղ:
Ի դեպ, հավելենք նաև, որ Տնտեսական լրագրողների ակումբի կողմից ՍԱՏՄ-ին հարցերը ուղղելուց հետո Ազգային ժողովում բարձրացվեց սպանդանոցային մորթի հարցը և պատասխանատուները խոստովանեցին, որ սպանդանոցների մի մասն անարդյունավետ վարչարարության հետևանքով դադարել են գործել, իսկ մորթն իրականացվում է այլ ճանապարհով։