ՀՀ ԱԳ փոխնախարարն ամերիկացի և բրիտանացի պաշտոնյաների հետ քննարկել է հայ-ամերիկյան տնտեսական փոխգործակցության հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հունիսի 30-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավար Ջեյմս Օ՛Բրայենի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում ընդգրկված է եղել նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության երկրների և զարգացման նախարարության տնտեսության, գիտության և տեխնոլոգիական հարցերով գլխավոր տնօրեն Կումար Այերը: Այս մասին տեղեկացրել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
Հանդիպման ընթացքում Մնացական Սաֆարյանը և Ջեյմս Օ՛Բրայենը քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր, գոհունակություն են հայտնել հայ-ամերիկյան երկխոսության զարգացման դինամիկայի առնչությամբ:
Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները կարևորել են պարբերական շփումները և կառուցողական երկխոսությունը: