Մենք հավատում ենք, որ դա հնարավոր է. ԱՄՆ դեսպանը` Ադրբեջանի կազմում արցախահայության ապրելու մասին

Մենք հավատում ենք, որ դա հնարավոր է. ԱՄՆ դեսպանը` Ադրբեջանի կազմում արցախահայության ապրելու մասին

ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստին Քվինը հնարավոր է համարում Ադրբեջանի կազմում Արցախի գոյությունը և արցախահայության անվտանգ ապրելու հնարավորությունը։ Այս մասին Քվինը հայտարարել է Հանրային հեռուստաընկերության եթերում։

Նշելով ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հայտարարությունն այն մասին, որ Միրզոյան-Բայրամով բանակցությունները կառուցողական էին եւ արձանագրվել է առաջընթաց,  դեսպան Քրիստին Քվինն ընդգծել է․ «ԱՄՆ-ն հանձնառու է՝ շարունակելու աջակցել այս բանակցություններին՝ փորձ անելով հասնել այնպիսի վերջնարդյունքի, որը բոլորի համար կբերի տեւական եւ արդար խաղաղություն տարածաշրջանում»։

Անդրադառնալով այն հանգամանքին, որ բանակցություններին զուգահեռ Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը, եւ վերջին սադրանքի հետեւանքով Արցախում սպանվեց 4 զինծառայող, Քրիստինա Քվինը արձագանքել է. 

«ԱՄՆ-ն հստակորեն հայտարարել է, որ կողմերի միջեւ վաղուց շարունակվող հակամարտությունը չունի ռազմական լուծում: Մենք հստակ ասել ենք, որ ռազմական բռնկումներն օգտակար չեն բանակցությունների համար: Մենք բոլոր կողմերին կոչ ենք արել՝ իրենց բոլոր տարակարծությունները հաղթահարել բանակցությունների միջոցով: Ի վերջո մենք տեսնում ենք, որ մնայուն, երկարաժամկետ խաղաղությունն է տարածաշրջանում առկա խնդիրները լուծելու ուղին: Ահա թե ինչու ենք մենք հանձնառու, որ փորձենք նպաստել այն բանակցություններին, որոնք կհանգեցնեն նման խաղաղության: Երկու կողմերն էլ ներգրավված են բանակցություններին, եկել են սեղանի շուրջ եւ անկեղծ ու բաց քննարկումներ են ունեցել կողմերի միջեւ առկա տարակարծությունների վերաբերյալ, եւ մենք հավատում ենք, որ երկու կողմերն էլ կարող են տեսնել, որ ի վերջո կարող է լինել խաղաղություն: Մենք մեծ հույս ունենք, որ կօգնենք դա ապահովել»:

Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքների վերաբերյալ դեսպանն ասել է. «Միացյալ Նահանգները վաղուց եւ հաստատակամ ասել է, որ Լեռնային Ղարաբաղում ապրողների իրավունքներն ու անվտանգությունը պետք է պաշտպանված լինեն, եւ, որ պետք է լինի բանակցություն, եւ այնպիսի վերջնարդյունք, որը կպաշտպանի Լեռնային Ղարաբաղում ապրողների իրավունքներն ու անվտանգությունը: Ես, վստահաբար, այն կարծիքին եմ, որ Լեռնային Ղարաբաղում մարդիկ պետք է կարողանան իրենց անվտանգ զգալ սեփական տներում, իրենց միջավայրում եւ խաղաղ ընտանեկան կյանք կարողանան վարել եւ ներգրավվածություն ունենալ իրենց համայնքներում: Ուստի Միացյալ Նահանգները հաստատակամորեն հավատում է, որ լուծման ուղղությամբ շարունակվող քննարկումներում պետք է ապահովված լինեն նշված սկզբունքները»:

Անդրադառնալով այն պնդմանը, որ եթե Լեռնային Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում, ապա խաղաղ ապրելն անհնար է, Քրիստինա Քվինն ասել է. «Մենք հավատում ենք եւ հույս ունենք, որ դա հնարավոր է: Կարծում ենք՝ բոլոր կողմերը պետք է միասնաբար ջանքեր գործադրեն, որպեսզի դա հնարավոր դարձնեն: Միացյալ Նահանգները կարծում է, որ դա է ճիշտ մոտեցումը: Բոլոր կողմերին քաջալերում ենք, որպեսզի միասնաբար ջանքեր գործադրեն՝ ապահովելու նշված իրավունքները եւ անվտանգությունը: Պետք է ասեմ, որ բոլոր կողմերն ասել են, որ իրենք համարում են, որ Լեռնային Ղարաբաղում ապրողների իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորված լինեն, հիմա մնում է նրանց՝ դա ապահովելու ճանապարհը»:

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները համարում է, որ ցանկացած քննարկում, բանակցություն եւ խոսակցություն առաջընթացի ճիշտ ուղին էմ եւ մնում է օգնել, որ երկու կողմերին մտահոգող հարցերը լիովին ընկալվեն եւ կարողանան գտնել ապագայի ճանապարհը՝ հասնելու խաղաղ կարգավորման, որով երաշխավորված եւ ապահովված կլինեն Լեռնային Ղարաբաղում ապրողների իրավունքները եւ անվտանգությունը:

Ի պատասխան այն դիտարկումներին, որ ԱՄՆ այդ ամենն անում է ՌԴ-ին տարածաշրջանից դուրս հանելու նպատակով՝ դեսպանն արձագանքել է.

«Միացյալ Նահանգները համարում է, որ ի վերջո Հայաստանը՝ որպես ինքնիշխան պետություն, կարող է որոշել, թե ովքեր են իր դաշնակիցները, իր գործընկերները, եւ ինչպես է առաջ շարժվելու երկիրը տարածաշրջանում եւ ընդհանրապես աշխարհում: Ինչ է ցանկանում տեսնել Միացյալ Նահանգները՝ խաղաղություն Եվրոպայում, Հարավային Կովկասում. մենք պատրաստ ենք խոսել ցանկացած կողմի հետ, որը կարող է դրական տեսլական ներկայացնել տարածաշրջանին խաղաղություն բերելու համար: Միացյալ Նահանգները ակտիվորեն ներգրավված է, բայց նաեւ Եվրոպական միությունն է շատ ակտիվորեն ներգրավված, որովհետեւ եւ՛ մենք, եւ՛ իրենք տեսնում են, որ Հարավային Կովկասում խաղաղություն եւ անվտանգություն ունենալն իրոք շահեկան է: Ես համարում եմ, որ մենք շատ կարեւոր շահեր ունենք Հայաստանում, բայց Միացյալ Նահանգների շահն այն է, որ մենք եւ դուք ընդհանուր ժողովրդավարական արժեքներ ունենք, հետամուտ ենք ընդհանուր ժողովրդավարական գործընթացների: Տեսնում ենք, որ Հայաստանը ժողովրդավարության իմաստով պայծառ կետ է տարածաշրջանում: Հայաստանը առաջ է շարժվում բարեփոխումների առումով, ունի ազատ մամուլ, խոսքի ազատություն»:

Անդրադառնալով Իրանի հետ Հայաստանի հարաբերություններին՝ դեսպանն ասել է. «Մենք գնահատում ենք այն հանգամանքը, որ Հայաստանը պահպանում է Իրանի նկատմամբ Միացյալ Նահանգների պատժամիջոցները, սակայն դրանից անդին Հայաստանն ինքը պետք է որոշի՝ ինչպիսի հարաբերություններ ունենալ Իրանի հետ»: