Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման համար կմշակվեն մանրամասն նախագծանախահաշվային փաստաթղթեր

Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման համար կմշակվեն մանրամասն նախագծանախահաշվային փաստաթղթեր
Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված N 3449-ARM վարկային համաձայնագրի շրջանակներում ամփոփվել է Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման մանրամասն նախագծերի պատրաստման, բնապահպանական գնահատման փաստաթղթերի և շինարարական աշխատանքների գնումների մրցութային փաստաթղթերի տեխնիկական մասի պատրաստման խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցույթը։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Մրցույթի արդյունքում «ԲԵՌՆԱՐԴ Գրուպ» ՍՊԸ (առաջատար) և «Ակտես ԲԵՌՆԱՐԴ» ՍՊԸ (ենթախորհրդատուներ՝ «Տրանսնախագիծ» ՓԲԸ և «ՄՍ Մոբիլիթի Քոնսալթ» ՍՊԸ) համատեղ ձեռնարկությունը ստացել է ամենաբարձր տեխնիկական-ֆինանսական ընդհանուր միավորները և համարվել ընտրված մասնակից:
Պայմանագրային բանակցությունների արդյունքում «ԲԵՌՆԱՐԴ Գրուպ» ՍՊԸ (առաջատար) և «Ակտես ԲԵՌՆԱՐԴ» ՍՊԸ (ենթախորհրդատուներ՝ «Տրանսնախագիծ» ՓԲԸ և «ՄՍ Մոբիլիթի Քոնսալթ» ՍՊԸ) համատեղ ձեռնարկության հետ կնքվել է Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման մանրամասն նախագծերի պատրաստման, բնապահպանական գնահատման փաստաթղթերի և շինարարական աշխատանքների գնումների մրցութային փաստաթղթերի տեխնիկական մասի պատրաստման խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման պայմանագիր։
 
Պայմանագրի գործողության ժամկետը սահմանվել է 6 ամիս։
 
Ծառայությունների մատուցման շրջանակը ներառում է՝
- Դիլիջանի և Պուշկինի թունելների կառուցվածքային տարրերի և ինժեներական համակարգերի վիճակի (էլեկտրասնուցման, լուսավորության, օդափոխության, հրդեհաշիջման, ջրահեռացման, կապի և ավտոմատ կառավարման) մանրամասն հետազոտություն, գործող նորմերին դրանց համապատասխանության ստուգում, վերականգնման կամ արդիականացման մանրամասն նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստում,
- բնապահպանական գնահատման փաստաթղթերի կազմում՝ ՀՀ օրենսդրությանը և ԱԶԲ-ի անվտանգության քաղաքականությանը համապատասխան,
- շինարարական աշխատանքների գնումների մրցութային փաստաթղթերի տեխնիկական մասի պատրաստում:
Արդյունքում ունենալու ենք Դիլիջանի և Պուշկինի թունելների՝ անվտանգության ժամանակակից պահանջներին համապատասխան և իրագործման համար պատրաստ նախագծեր։