Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այցով եղավ սահմանամերձ Վահան բնակավայրում

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այցով եղավ սահմանամերձ Վահան բնակավայրում
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի ուղեկցությամբ այցելեց Ճամբարակ համայնքի Վահան բնակավայր, որտեղ դիտարկեց 2023 թվականի ապրիլի 28-ից մեկնարկած Ճամբարակ-Վահան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 5,7 կիլոմետր հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը։
Ճանապարհի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 898 միլիոն դրամ, որը հատկացվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներից։
Ընթանում են հողային հարթեցման, երկու կամուրջների հիմնանորոգման աշխատանքներ, կառուցվել են մայթերը, անցկացվել ջրահեռացման համակարգ։ Օրերս արդեն կմեկնարկեն ասֆալտապատման աշխատանքները։
Հիմնանորոգվող ճանապարհի շուրջ երկու կիլոմետրանոց հատվածն իրականացվելու է Վահան բնակավայրի ներսում։ Երթևեկելի մասում հիմնանորոգվելու է 37 հազար 515, մուտքերում՝ 7246 քառակուսի մետր մակերես ունեցող ճանապարհ։ Ճանապարհի ամբողջական հիմնանորոգումը նախատեսված է ավարտել մինչև տարեվերջ։
Վահան բնակավայրում մարզպետն այցելեց տեղի միջնակարգ դպրոց, շրջեց տարածքում, ծանոթացավ մտահոգող խնդիրներին և առաջարկեց տնօրենին ներկայացնել դպրոցին անհրաժեշտ գույքի և պայմանների բարելավմանն ուղղված կարիքների ցանկ՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու և աջակցություն ցուցաբերելու համար։
Վահանի միջնակարգ դպրոցի բակում Կարեն Սարգսյանը դիտարկեց ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով գյուղի դպրոցի և մանկապարտեզի կարիքների համար կառուցվող ջրամբարի շինարարական աշխատանքների ընթացքը։
Ծրագիրը ներառվել է ՀՀ Վարչապետի 2020 թվականին Վահան կատարած այցի ընթացքում արձանագրված խոստումների ցանկում։ Ջրամբարի կառուցման աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել հաջորդ ամսվա ընթացքում։
Այնուհետև մարզպետը ծանոթացավ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Վահան բնակավայրի շուրջ 2,5 կիլոմետր երկարության արտաքին ջրագծի վերանորոգման աշխատանքներին։
Ծրագիրը ենթադրում է աղբյուրակապերի վերանորոգման, ինչպես նաև հին խողովակաշարը նորով փոխարինելու աշխատանքներ։
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 43 միլիոն 091 825 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։ Աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել 2023 թվականի վերջերին։
Այցի ավարտին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շրջեց նաև Վահանի մանկապարտեզում, որից հետո Ճամբարակ համայնքի ղեկավարի և Վահանի վարչական ղեկավարի հետ քննարկեց բնակավայրին վերաբերող հիմնախնդիրները և դրանց լուծման հնարավոր տարբերակները։