Մեծ Բրիտանիան ՀՀ–ին կաջակցի սոցիալական պաշտպանության ոլորտի բարեփոխումների հարցում

Մեծ Բրիտանիան ՀՀ–ին կաջակցի սոցիալական պաշտպանության ոլորտի բարեփոխումների հարցում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Մեծ Բրիտանիայի Սոցիալական արդարադատության կենտրոնի (CSJ) գործադիր տնօրեն Էնդի Կուկի և ընտանիքի հիմնահարցերի բաժնի ղեկավար Քրիստինա Օդոնի հետ։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև  Արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը։ Այս մասին տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքէջից։

Ընդգծելով երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված աշխատանքների կարևորությունը՝ կողմերը քննարկել են երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես սոցիալապես անապահով խմբերի զբաղվածության խթանման, սոցիալական արդարության համակարգի զարգացման, երեխաների իրավունքների պաշտպանությանն ու ընտանիքի ամրապնդմանն ուղղված ծրագրերի մասին։ Այս համատեքստում նախարար Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող միջոցառումները, որոնք նպատակ ունեն սոցիալական աջակցության, զբաղվածության ծրագրերի և այլ ծառայությունների միջոցով ակտիվացել սոցիալապես անապահով խմբերին, այդ թվում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին։

Հանդիպման ընթացքում ներկայացվել է նաև զբաղվածության ոլորտում նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները՝ ռազմավարության մշակման, գործատու-աշխատող իրավահարաբերությունների զարգացման, կամավոր աշխատանքի ինստիտուտի ներդրման, աշխատուժի հմտությունների կատարելագործմանն ուղղված աշխատանքները։ Նախարար Նարեկ Մկրտչյանը խոսել է Աշխատանքի միջազգային կազմակերպության հետ սերտ համագործակցության, ինչպես նաև առաջիկայում Երևանում «Աշխատանքի ապագան» թեմայով միջազգային ֆորումի կազմակերպման հնարավորության մասին։

Կարևորելով հայ-բրիտանական հարաբերությունների շարունակականությանն ուղղված ջանքերը՝  գործընկերները   պատրաստակամություն են հայտնել փորձի փոխանակման, մասնագետների այցերի և ծրագրերի իրագործման շրջանակում աջակցել սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին։

Մեծ Բրիտանիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի տիկնոջ Շերի Բլերի հետ, ով ղեկավարում է Կանանց հիմնադրամը։ 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարության, գենդերային քաղաքականության, կանանց տնտեսական զորեղացման ու վերջիններիս կայուն զբաղվածության ապահովման, ընտանեկան բռնության ենթարկված անձանց մատուցվող ծառայություններին առնչվող մի շարք հարցեր։

Որպես գենդերային քաղաքականությունը մշակող հիմնական գերատեսչության ղեկավար՝ նախարար Նարեկ Մկրտչյանը խոսել է կնոջ դերի բարձրացմանն ուղղված շարունակական միջոցառումների և կանանց տնտեսական հզորացմանն ուղղված ծրագրերի մասին։ Այս համատեքստում ներկայացրել է նախարարության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ համատեղ ջանքերով իրականացված «Պլատֆորմ #5» հարթակի, Աքսելերատոր և Պրե-աքսելերատոր ծրագրերի մանրամասներն ու արձանագրված արդյունքները․ երևանաբնակ և մարզաբնակ կանանց հնարավորություն է տրվել դասընթացների միջոցով զարգացնել իրենց ձեռնարկատիրական հմտություններն ու իրագործել բիզնես գաղափարներ: Շուրջ 1400 կին մասնակցել է թվային մարքեթինգի դասընթացների և կատարելագործել իրենց հմտությունները։

Շերի Բլերն անդրադարձել է իր կողմից ղեկավարած հիմնադրամի գործունեությանը, իրականացված քարոզարշավներին, որոնց շրջանակում աշխարհի բազմաթիվ կանայք ստացել են ձեռներեցության և բիզնես գաղափարների իրագործման գիտելիքներ, զարգացրել իրենց կարողությունները։ Հիմնադրամի շնորհիվ 2008 թվականից սկսած աշխարհի հարյուրից ավելի երկրում ձեռներեցությամբ է զբաղվել շուրջ 230000 կին։ Նախատեսվում է մինչև 2030 թվականը ևս մեկ քարոզարշավի իրականացում՝ ներգրավվելով շուրջ մեկ միլիոն կանանց։

Նախարար Նարեկ Մկրտչյանն պատրաստակամություն է հայտնել միանալ այդ նախաձեռնությանը և Հայաստանում ևս իրագործել այդ ծրագիրը՝ ընդգծելով կանանց տնտեսական զորեղացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացման գործում համատեղ ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը, որոնք կարող են առանցքային հարթակներ լինել վերջիններիս ինքնազարգացման ու ինքնադրսևորման համար։

Եկուստեք շեշտվել է համագործակցության ընդլայնման ուղղությամբ շարունակական քայլերի իրականացման կարևորությունը․ պայմանավորվածություն է ձեռքբերվել ստորագրել համագործակցության հուշագիր։