Ինտերնետի հասանելիության առումով Հայաստանը առաջ է մի շարք զարգացած երկրներից. փոխնախարար

Ինտերնետի հասանելիության առումով Հայաստանը առաջ է մի շարք զարգացած երկրներից. փոխնախարար
Հայաստանը հանրային ծառայությունների մատչելիության, ինտերնետի սակագնի և արագության առումով առաջ է մի շարք առաջատար և զարգացած երկրներից: Այս մասին «Արդյունաբերական ձեռնարկությունների թվային փոխակերպում. նոր բիզնես մոդելներ և տեխնոլոգիաներ» հայ-ռուսական համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գևորգ Մանթաշյանը։
Միևնույն ժամանակ, Հայաստանը ձգտելու և աշխատելու տեղ ունի ինչպես ԵԱՏՄ, այնպես ԵՄ մի շարք երկրների համեմատ։
«Շատ զարգացած երկրներ կան, որոնցից Հայաստանն առաջ է անցնում, օրինակ, հանրային ծառայությունների հասանելիության, հեռահաղորդակցության, ինտերնետի արագության և արժեքի առումով», - ասաց նա:
Նա հավելեց, որ Հայաստանը ձգտում է հանրային ծառայությունների մրցունակ, որակյալ, մատչելի ոլորտ ունենալ: Այդուհանդերձ, թվայնացումն ինքնանպատակ չէ, այն թույլ է տալիս բարձրացնել մրցունակությունն ու արտադրողականությունը։
Ինչ վերաբերում է կիրառման ոլորտին, ապա թվային գործիքներն առավել լայնորեն կիրառվում են բանկային, ինչպես նաև ծառայությունների ոլորտում։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ներկայումս մշակում է թվային քաղաքականություն, որը կարող է խոշոր և փոքր բիզնեսին օգնել ավելի լայն հասանելիություն ստանալ թվային լուծումներից:
Խոսելով ոլորտի խնդիրների մասին՝ պաշտոնյան ընդգծեց, որ Հայաստանում մեծ քանակությամբ տեղեկատվություն է գեներացվում, որը, սակայն, վատ է վերլուծվում և տեսակավորվում: Նրա խոսքով՝ տեղեկատվության արժեքը մեծանում է դրա կարգավորմանը զուգահեռ։
Մանթաշյանը նշել է, որ այս փուլում քննարկվում են նաև տնտեսության մեջ արհեստական ինտելեկտի գործիքների օգտագործման, ձեռնարկությունների արտադրության և տվյալների վերլուծության հարցերը, ինչը նույնպես կբարձրացնի ձեռնարկությունների աշխատանքի մակարդակն ու որակը: Փոխնախարարն ընդգծել է նաև, որ որքան թվայնացումը մատչելի է ձեռնարկությունների համար, այնքան շոշափելի է կուտակիչ էֆեկտը ապագայում:
Հիշեցնենք, որ հայ-ռուսական համաժողովի շրջանակներում քննարկվում են արդյունաբերության ձեռնարկություններում թվային տեխնոլոգիաների և պլատֆորմային լուծումների ներդրման միտումների և հեռանկարների, ՀՀ արդյունաբերական ձեռնարկությունների թվային փոխակերպման ընթացիկ կարգավիճակի և գերակա նախագծերի և մի շարք այլ հարցեր:
Աղբյուրը՝   armeniasputnik.am