«Գործարարներիս համար դրույքաչափերից զատ առավել կարևոր են հաստատուն խաղի կանոնները, կանխատեսելիությունը»․ Ավագ Հարությունյան

«Գործարարներիս համար դրույքաչափերից զատ առավել կարևոր են հաստատուն խաղի կանոնները, կանխատեսելիությունը»․ Ավագ Հարությունյան

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը շարունակում է մտահոգություններ առաջացնել այն ներառող ոլորտների ներկայացուցիչների շրջանում։ Փորձագետների գնահատմամբ՝ փոփոխությունները, որոնք սահմանում են գանձվող ակցիզային հարկի դրույքաչափի աճ, գործունեության ոչ նպաստավոր միջավայր են ստեղծում մասնավորապես գյուղմթերքների վերամշակմամբ, ալկոհոլային խմիչքների, ծխախոտի արտադրությամբ ու արտահանմամբ, հարակից ոլորտներով զբաղվող գործարարների համար։

ՀԱԳՄ մամուլի ծառայության խնդրանքով՝ ՝ գինենգործության ոլորտում հնարավոր խնդիրներն է ներկայացրել Գինու ազգային կենտրոնի նախագահ, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ Ավագ Հարությունյանը։

- Պարոն Հարությունյան, գինեգործությունը մեր երկրի այն ճյուղերից է, որ տարեց-տարի զարգացում է ապրել, գրանցել շոշափելի աճ։ Որո՞նք են այն գործոնները, որոնք նպաստել են արձանագրվող շարունակական զարգացմանը։

- Հայաստանի անկախությունից հետո մեզանում գինեգործության զարգացման ընթացքը կարելի է բաժանել երկու փուլի։ Առաջինը՝ մինչ շուկայի իրական ձևավորման շրջանը, որը ձգվում է մինչև 2008-2009 թթ․ միջազգային տնտեսական ճգնաժամը, (98-99 թթ․ մենք արդեն ունեցել էինք ճգնաժամային իրավիճակ՝ կախված ռուսական ռուբլու կտրուկ անկման հետ)։ Երկրորդ փուլը 2009-ից հետո է՝ մինչ օրս։ Առաջին փուլում շուկայի խաղացողներն այն ընկերությունները կամ անհատներն էին, ովքեր սեփականաշնորհումից հետո տնօրինեցին ճյուղի հզորությունները, որոշակի գույքային և տեխնիկական ժառանգություն։ Առկա գործարանները գործարար դաշտի ծնունդ չէին, ունեին հին սարքավորումներ և հիմնականում առաքումներ էին անում Ռուսաստան։ Արդյունքում՝ ունեինք ընդամենը քսան արտադրող, որնք տալիս էին երեք անգամ ավելի քիչ արտադրանք, քան ներկայում է։ 2008-09 թթ․ ճգնաժամը ցույց տվեց, որ պետք է դիվերսիֆիկացնել տնտեսությունը և ժառանգաբար եկած ճյուղում գործի դնել շուկայական մեխանիզմներ։

Գինեգործությունը մեզանում շուրջ 6000 տարվա անընդհատ պատմություն, ավանդական հիմք ունի, առկա է հսկայական ներուժ, ինչը թույլ է տալիս ցանկացած ճգնաժամից դուրս գալ։

Հիշյալ ճգնաժամից հետո շուկայի մեջ մտան խաղացողներ, որոնք կապ չունեին այստեղ ձևավորված արժեհամակարգերի հետ։ Վերջիններիս մի մասը, որոնք հայկական արմատներ և այստեղ որոշակի հիմք ունեին, ցանկացան ուղղակի ներդրումներ կատարել։ Արդյունքում՝ ներդրվեցին նոր տոխնոլոգիաներ, մոտեցումներ, մշակույթ։ Սա իր հերթին բոլորին ստիպեց վերափոխվել, վերաիմաստավորել իրենց բիզնեսը և ներդրումային քաղաքականությունը։

- Որքանո՞վ էր ոլորտի առաջընթացին նպաստում պետության վարած քաղաքականությունը։

- Ինչ խոսք, որոշակի քայլեր արվել են։ Այդ քայլերի գագաթնակետը եղավ 2019-21 թվականներին, երբ պետությունն արմատապես վերանայեց լիզինգային և սուբսիդավորման վարկերի քաղաքականությունը։ Նպաստավոր վարկավորումներ եղան խաղողի գնման, այգիների տնկման, սարքավորումների ձեռքբերման, լիզինգային գործարքների համար։ Ի դեպ, դրանց իրագործման համար մեծ է եղել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, Գինեգործների միության ակտիվ գործունեությունը, երբ շարունակաբար փորձ է արվել ձևավորել առավել արդյունավետ տնտեսվարման և հարկային դաշտ։ Երկար պայքարելուց հետո հասանք նրան, որ երեք տարի առաջ գինու ակցիզային դրույքաչափը վաճառքի գնի 10%-ից իջավ և դարձավ կայուն՝ 150 դրամ մեկ լիտրի դիմաց։ Սա կարճ ժամանակ անց իր արդյունքը տվեց։ Վերջին երկու տարում գինու արտադրությունը տարեկան առնվազն 10% ավելանում է։ Առավել տպավորիչ պատկեր է գինի արտադրողների մոտ։ Եթե 2000-ականների սկզբին նրանց թիվը չէր հասնում քսանը, ապա 2020թ․ արդեն 67 էր, 2021թ․՝ 111 իսկ 2022թ․՝ 161։ Նորերի մեծամասնությունը փոքր արտադրողներ են։ Այսպես, տարեկան 500 հազ․ և ավել շիշ արտադրողների քանակը վերջին հինգ տարում մնացել է անփոփոխ, մոտ 10-ականով ավելացել են 5-50 և 50-200 հազ․ շիշ արտադրողների քանակը։ Ամենաշատ աճը գրանցվել է մինչև 5000 շիշ տարեկան արտադրությամբ սեգմենտում։ 2020թ․ նկատմամբ, երբ փոխվեց հարկի դրույքաչափը, փոքր արտադրողների քանակը եռապատկվեց։

- Ցուցանիշներն, ինչ խոսք, տպավորիչ են, բայց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, գինեգործների մոտ անհանգստություններ է առաջացրել, ինչո՞ւ։

- Վերը հիշատակված գործոնները բերեցին թե՛ ներսի շուկայի դիվերսիֆիկացիայի, թե՛ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը։ Վերջինում էական դեր խաղացին լիցենզիայի տրամադրման վճարների, ակցիզային հարկի ամրագրումը։

Գործարարներիս համար դրույքաչափերից զատ առավել կարևոր են հաստատուն խաղի կանոնների, կանխատեսելիության առկայությունը։ Գինեգործությունը երկարաժամկետ ներդրումային ցիկլ ունի, առնվազն՝ 20-25 տարի, և ներդրողը պետք է վստահ լինի, որ պետությունը հաճախակի կտրուկ փոփոխությունների չի գնա։

Հիշյալ փոփոխություններով ենթադրվում է, ի թիվս այլ ենթաակցիզային արտադրանքների, բարձրացնել նաև ոգելից խմիչքներից գանձվող ակցիզային հարկի դրույքաչափը՝ տարեկան 8 տոկոսով։ Սա նախ և առաջ հարվածելու է հենց ՓՄՁ-ներին, ավելի ստույգ՝ արտադրողների 95%-ին, որոնք գինու արտադրության բնագավառում հիմնականում հիմնվում են գյուղական համայնքներում՝ հանգեցնելով տեղի ենթակառուցվածքների, տարածքների համաչափ զարգացման, աղքատության վերացման, չօգտագործվող ոչ մեծ հողակտորների մշակման, տուրիզմի աշխուժացման։

Ակնհայտ է, որ ակցիզային հարկի դրույքաչափի վերանայման այս տարբերակն ավելի շատ վնաս կբերի, քան օգուտ։ Հայաստանում արտադրվող 12,6 մլն լիտր խաղողի գինուց անցյալ տարի արտահանվել է 4,6 մլն լիտր, այսինքն արտադրանքի 62%-ը սպառվել է ներսում՝ ձևավորելով ակցիզային հարկ։ Այդ փոփոխություններով բյուջեի մուտքերը տարեկան կավելանան ընդամենը 100 մլն դրամի չափով։ Փոխարենը՝ կունենանք անկման տեմպեր, որի վնասները կգերազանցեն ստացված արդյունքը և կվտանգեն գինեգործության բերած շղթայական ազդեցությունը, պարարտ հող կստեղծվի ստվերային տնտեսության համար։ Ի դեպ, հիշյալ 100 մլն դրամից շատ ավելի շատ գումար կձևավորվեր, եթե պետությունն ընդամենը 1%-ով ավելացներ Ռուսաստանից Հայաստան ներկրվող օղու հարկը։

Լինելով գինեգործական ավանդույթներով երկիր, այսօր Հայաստանում մեկ շնչի հաշվով տարեկան սպառվում է մոտ 3,5լ գինի։ Եվրոպական միջին ցուցանիշը տարեկան 40-50լ է, Ռուսաստանում, Լեհաստանում՝ 10-15լ։ Փոխարենը՝ առաջին հնգյակի մեջ ենք աշխարհում մեկ շնչի հաշվով օղի խմողների թվով։ Բազմաթիվ գործոններից ելնելով մենք պետք է խրախուսենք գինու օգտագործումը՝ ի հաշիվ օղու։

Հատկանշական է, որ հարևան Վրաստանում համապատասխան ակցիզային դրույքաչափը 10 անգամ ավելի ցածր է և ֆիքսված։ Ավելի փոքր թիվ է Ռուսաստանի Դաշնությունում։ Այս երկրներում արգելված է գինու՝ լիտրով ներմուծումը, արտահանումն ու վաճառքը։ Պետական նպատակային քաղաքականության շնորհիվ երկուսն էլ այսօր դարձել են գինեգործության ոլորտի համաշխարհային խաղացողներ։

- Որքանո՞վ իրավիճակի վրա կանդրադառնա ակցիզային դրոշմավորման նոր կարգը։

- Ակցիզային դրոշմավորման նոր կարգի կիրառմամբ ևս արտադրողի վճարելիք հարկը կավելանա։ Ամեն ինչ դարձյալ կոտրվում է փոքր արտադրողի գլխին։ Ըստ այդ կարգի՝ ինքդ պետք է տպագրես ակցիզային դրոշմանիշը, այսինքն՝ գնես սարքավորում, թուղթ, ներկ, պաշտպանիչ միջոցներ, անհրաժեշտ այլ նյութեր, բարդ համակարգով փակցնես վաճառվող շշերին։ Մեկ այլ տարբերակով՝ տպագրությունը պետք է կազմակերպես տպարանում, իսկ վերջինս իր հերթին 2000-3000 տպաքանակից պակաս պատվեր չի ընդունում։ Սա անելանելի վիճակում է դնում փոքր և միջին արտադրողներին, որոնց սպառումը օրական երբեմն կարող է հասնել մի քանի շշի։ Խոշոր ընկերությունները կարող են իրենց թույլ տալ անհրաժեշտ սարքավորուները ձեռք բերել, առավել ևս, որ նրանց վաճառքի ծավալները 1000-ապատիկ մեծ են։ Ի դեպ, սա պայմանավորված է ԵԱՏՄ կարգավորումներով, որոշվել է, որ առաջինը պետք է կիրառվի Հայաստանում։ Եվ սա այն դեպքում, երբ Ռուսաստանն ալկոհոլային խմիչքների բնագավառում իրեն հայտարարել է ԵԱՏՄ-ից դուրս։

Շատ երկրներ կան, որոնք ակցիզային հարկ սահմանել են, բայց դրոշմանիշ չեն նախատեսել, այդ թվում՝ Ֆրանսիայի պես խոշոր գինեգործական երկիրը։ Ի վերջո, դրոշմանիշն արդիական է, երբ կա ստվերային տնտեսություն։ Ներկայումս վարչարարությունը, տեխնոլոգիաներն այնքան են առաջ գնացել, որ մեկ րոպեում կարելի է պարզել, թե ում մոտ որքան արտադրանք կամ վաճառքի ծավալ կա, ուստի դրոշմանիշների փակցնելը որոշակի իմաստով ժամանակավրեպ է։