Հունիսին ՄԱԿ ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը շարունակել է նվազել
Բոլոր հիմնական հացահատիկային մշակաբույսերի միջազգային գնանշումները նվազել են, սակայն տեղական սննդամթերքի բարձր գներն իրական սպառնալիք են խոցելի երկրների համար.
Միավորված ազգերի կազմակերպության Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) հաղորդել է, որ հունիսին պարենային ապրանքների միջազգային գների հենանիշային ինդեքսը կրկին վարընթաց է գրանցել, որտեղ առաջատարը հիմնական հացահատիկային մշակաբույսերն են եւ բուսական յուղերի մեծ մասը։
ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը հետագծում է ամենաշատ վաճառվող պարենային ապրանքների միջազգային գների ամենամսյա փոփոխությունները, հունիսին միջինում 122,3 միավոր էր, որը 1,4 տոկոսով պակաս է մայիսի ցուցանիշից եւ 23,4 տոկոսով՝ 2022 թվականի մարտին արձանագրված ռեկորդային ցուցանիշից։
ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը մայիսի համեմատ նվազել է 2,1 տոկոսով։ Կերային մշակաբույսերի միջազգային գնանշումները հունիսին իջել են մինչեւ 3,4 տոկոս, որը գլխավորապես պայմանավորված էր Արգենտինայում եւ Բրազիլիայում շարունակական բերքահավաքների արդյունքում եգիպտացորենի պաշարների մեծացմամբ եւ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում արտադրության հիմնական վայրերից ակնկալիքների գերազանցմամբ։ Հյուսիսային կիսագնդում բերքահավաքի մեկնարկն ուղեկցվել է հացահատիկի միջազգային գների 1,3 տոկոսով անկմամբ, որի վրա ազդել է մեծ պաշարները եւ արտահանման ցածր հարկերը Ռուսաստանի Դաշնությունում, ինչպես նաեւ ԱՄՆ-ում պայմանների բարելավումը։
Բրնձի միջազգային գների 1,2 տոկոս նվազումը կապված էր բրնձի «ոչ ինդիկա» տեսակների պահանջարկի կրճատման եւ արտահանման խթանման ուղղությամբ Պակիստանի ջանքերի հետ։ ՊԳԿ բուսական յուղերի ինդեքսը 2,4 տոկոսով նվազել է մայիսի ցուցանիշից, քանի որ արմավենու եւ արեւածաղկի յուղերի ցածր միջազգային գներն ավելի քան փոխհատուցել են սոյայի եւ ռափսի յուղերի գնանշումների աճը, որը բացատրվում է այդ մշակաբույսերն արտադրող երկրների եղանակային պայմաններով:
ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսի նվազումը հունիսին 0,8 տոկոս էր, որտեղ առաջատարը պանրի միջազգային գներն էին, չնայած կարագի գնի համաշխարհային աճին, որի պատճառներից մեկը «սփոթ» պաշարների ակտիվ պահանջարկն էր՝ գլխավորապես Միջին Արեւելքում։ ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը չորս ամիս անընդմեջ բարձրանալուց հետո առաջին անգամ նվազել է 3,2 տոկոսով, ինչը հիմնականում բացատրվում է Բրազիլիայում շաքարեղեգի բերքահավաքի դրական առաջընթացով եւ ներմուծման գլոբալ պահանջարկի նվազմամբ, մասնավորապես Չինաստանից։
ՊԳԿ մսամթերքի գնային ինդեքսը հունիս ամսին անփոփոխ է մնացել։ Արեւելյան Ասիայից ներմուծման բարձր պահանջարկի հետեւանքով աճել են թռչնամսի գները, որը կապված է թռչնագրիպի համատարած բռնկումներով պայմանավորված մատակարարումների շարունակական դժվարությունների հետ: Խոզի մսի միջազգային գները նույնպես աճ են գրանցել, սակայն խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիների մսի գները նվազել են՝ ի պատասխան Օվկիանիայի երկրներից արտահանման հնարավորությունների ընդլայնման։
ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի առաջարկի եւ պահանջարկի տեղեկագրի տվյալներով՝ կանխատեսվում է, որ 2023-24 թվականներին հացահատիկային ապրանքների արտադրությունը ռեկորդային ցուցանիշ կգրանցի։ ՊԳԿ-ն 2023 թվականի համար հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային արտադրության կանխատեսումները բարձրացրել է 2 819 միլիոն տոննայի, որը 1,1 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշին։ Այս կանխատեսումը գրեթե ամբողջությամբ արտացոլված է ցորենի համաշխարհային արտադրության բարելավված հեռանկարներում, որը հաստատվել է 783,3 միլիոն տոննայի մակարդակում, ինչին, իր հերթին, նպաստել է մի շարք երկրների, այդ թվում Կանադայի, Ղազախստանի եւ Թուրքիայի դիրքերի ամրապնդումը: Այնուամենայնիվ, ցորենի համաշխարհային արտադրությունը դեռեւս 2,3 տոկոսով ցածր է անցած սեզոնի արդյունքից: Կերային մշակաբույսերի 2023թ. գլոբալ արտադրանքն այժմ կանխատեսվում է, որ 2022 թվականի համեմատ կաճի 2,9 տոկոսով՝ հասնելով 1 512 միլիոն տոննայի։ Բրնձի համաշխարհային արտադրությունը, նույնպես, 2023-24 թվականներին ակնկալվում է, որ 1,2 տոկոսով կբարձրանա 2022-2023 թթ. ցածր մակարդակից եւ կհասնի 523,7 միլիոն տոննայի։
Առաջիկա սեզոնին հատիկեղենի համաշխարհային սպառումն, ըստ կանխատեսումների, 0,9 տոկոսով կավելանա՝ 2 805 միլիոն տոննա, որտեղ առաջատարը կերային մշակաբույսերի, մասնավորապես կերային եգիպտացորենի օգտագործման սպասվող աճն է։ ՊԳԿ-ն բարձրացրել է հացահատիկի համաշխարհային պաշարների իր կանխատեսումը, ըստ որի մինչեւ 2023-24 թթ. սեզոնների ավարտը կհասնի 878 միլիոն տոննայի՝ նախորդ սեզոնից մոտ 2,03 տոկոսով ավելի բարձր։ Այս մակարդակում հացահատիկի օգտագործման պատրաստ համաշխարհային պաշարների գործակիցը կմնա անփոփոխ՝ 30,6 տոկոս, որը «նոր սեզոնին մատակարարման հարմարավետ հեռանկար է խոստանում»: Հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային առեւտրի ՊԳԿ վերջին կանխատեսումներով 2023-24 թթ. ցուցանիշը 0,9 տոկոս հավանական նվազում կգրանցի 2022-2023 թթ. համեմատ, ընդ որում ցորենի ծավալները կկրճատվեն ռեկորդային մակարդակից: Առավել մանրամասն կարող եք կարդալ հետեւյալ հղումով։
Սննդամթերքի բարձր գները սրում են պարենային իրավիճակը խոցելի երկրներում Սննդամթերքի բարձր գները, տնտեսական վայրիվերումները, հակամարտությունը, երաշտը եւ որոշ տարածաշրջաններում Էլ Նինյոյի բնական երեւույթի մոտալուտ վտանգն ակնառու են դարձնում աշխարհի տարբեր անկյուններում պարենային անվտանգության շուրջ եղած մտահոգությունները։ Ընդհանուր առմամբ, աշխարհի 45 երկիր գնահատվում է որպես սննդամթերքի արտաքին օգնության կարիք ունեցող, ինչպես հաղորդում է այսօր հրապարակված Մշակաբույսերի հեռանկարների եւ պարենամթերքի իրավիճակի մասին վերջին զեկույցը, որը յուրաքանչյուր եռամսյակ պատրաստվում է ՊԳԿ գլոբալ տեղեկատվական եւ վաղ ահազանգման համակարգի (GIEWS) կողմից։
Տեղական սննդամթերքի բարձր գները, որոնք շեղվում են ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսից, 45 երկրների մեծ մասում տիրող սովի մտահոգիչ մակարդակի պատճառն են, ընդ որում՝ այս երկրներից 33-ը գտնվում են Աֆրիկայում, 9-ը՝ Ասիայում, ինչպես նաեւ Հաիթիում, Ուկրաինայում եւ Վենեսուելայում: Չնայած, որ 2023 թ. հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային արտադրությունը նախորդ տարվա ցուցանիշից 1,1 տոկոսով բարձր էր կանխատեսվել, ակնկալվում է, որ Ցածր եկամուտ եւ պարենային անբավարարություն ունեցող 44 երկրներում այն կնվազի՝ մեծացնելով ներմուծումների կարիքը, նշվում է զեկույցում։
Եռամսյակային զեկույցում մանրամասն տեղեկություններ են ներկայացվում ազդակիր երկրներում պարենային անապահովության եւ գների միտումների վերաբերյալ։ Ի լրումն, կատարվում է նաեւ տարածաշրջանային արտադրական եւ առեւտրային հեռանկարների հանգամանալից գնահատում։